«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#190, 2012-10-27 | #191, 2012-10-30 | #192, 2012-10-31


ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԳԱՂԱՓԱՐԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հայաստանի առողջապահության նախարարության տվյալներով` մեր երկրում ամեն տարի չարորակ նորագոյացությունների պատճառով հաշմանդամ է ճանաչվում շուրջ 2700 մարդ: Ուռուցքային հիվանդություններ ունեցողների թիվը եւ այդ հիվանդություններից մահացածությունն ավելանում են ամբողջ աշխարհում: Ուռուցքային հիվանդություններն առաջանում են հաշվի չառնելով ոչ տվյալ երկրի տնտեսական զարգացման մակարդակը, ոչ էլ անհատների սոցիալական պայմաններն ու բարեկեցությունը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նույնիսկ կանխատեսել է, որ 2007-2030 թվականների ընթացքում քաղցկեղից մահացության դեպքերի թիվն ամբողջ աշխարհում աճելու է 45 տոկոսով, իսկ նոր հայտնաբերված դեպքերի թիվը` 37 տոկոսով: Հետեւաբար այսպիսի միտումի դեպքում բուժման եւ ախտորոշման մեթոդների բարելավումը, շարունակական նորացումն անհրաժեշտություն են: Դրանով է պայմանավորված Երեւանում Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոն հիմնելու գաղափարը, եւ այսօր այդ գաղափարն արդեն կյանքի է կոչվում:

Երեկ Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի հարեւանությամբ կառուցվող Ուռուցքաբանության գերազանցության կենտրոնի հիմնարկեքն էր, որին ներկա էին հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, առողջապահության եւ էկոնոմիկայի նախարարները, այլ պաշտոնյաներ ու բժիշկներ:

Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը նշում է, որ Ուռուցքաբանության կենտրոնի կառուցմամբ ու բացումով սկիզբ է դրվում առողջապահական արդիական մի ծրագրի, որը բեկում կմտցնի բժշկության այս ճյուղի զարգացման մեջ: Ուռուցքային հիվանդությունների ավելացման միտումից Հայաստանն անմասն չէ, ավելին` վերջին տարիներին, ըստ առողջապահության նախարարի, այստեղ նույնպես արձանագրվել է ոչ ինֆեկցիոն հիվանդություններից, մասնավորապես ուռուցքային հիվանդություններից մահացության ու հիվանդացության զգալի աճ:

Ներկայումս Երեւանում գործում է Ուռուցքաբանության ազգային կենտրոնը, առաջիկայում կունենանք եւ Գերազանցության կենտրոն, որը հավակնում է ունենալ տարածաշրջանային նշանակություն:

Ուռուցքաբանության գերազանցության կենտրոնի ստեղծման երկարաժամկետ ծրագիրը մշակել են Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը եւ էկոնոմիկայի ու առողջապահության նախարարությունները համատեղ: Ծրագրի առաջին փուլի մեկնարկը դրվեց երեկ` Մոլեկուլային ախտորոշման կենտրոնի հիմնարկեքով:

Ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արա Դարզին ընդգծում է, որ նորաստեղծ կենտրոնում արդեն հնարավոր կլինի ստանալ հիվանդության պատկերը մոլեկուլյար մակարդակով, եւ ախտորոշումը կատարել ավելի վաղ ու ճշգրիտ: Իսկ Հայկ Բաքրջյանը , որը նույնպես հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է, ավելացնում է, որ կենտրոնում տեղադրվելու են ամենաարդիական տեխնոլոգիաները, որոնց շնորհիվ բուժման մեթոդոլոգիան կդառնա ավելի արագ, ախտորոշումը կարվի հիվանդության վաղ շրջանում: «Իսկ օնկոլոգիական հիվանդությունների դեպքում որքան վաղ ախտորոշվի հիվանդությունը, այնքան դյուրին կլինի բուժումը», ավելացնում է Հայկ Բաքրջյանը:

Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման ծրագրի ընդհանուր արժեքը գնահատվում է 30-60 միլիոն դոլար, եւ ծրագիրն իրականացվում է պետական ու մասնավոր համագործակցության հիմունքներով:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն իր խոսքում ընդգծեց, որ պետությունը ծրագրում ներդրել է լուրջ ռեսուրսներ. «Ունենք գործընկերներ նաեւ Սփյուռքից, միջազգային գործընկերներ, որոնք մասնակցելու պատրաստակամություն են հայտնել: Սա երկարաժամկետ ծրագիր է, եւ դրանում ներգրավված են լինելու պետությունը, մասնավոր հատվածն ու միջազգային կառույցները»:

Տիգրան Դավթյանը կարեւորում է կենտրոնի դերը նաեւ տնտեսության մեջ, քանի որ սա ըստ էության` հնարավորություն կընձեռի արտահանելու մեր ծառայությունները, ինչը կարեւոր է նաեւ տնտեսական զարգացման համար:

Վերաբացվեց Աջափնյակի զբոսայգին

Աջափնյակ վարչական շրջանում երեկ կարեւոր մեկ ուրիշ միջոցառում էլ եղավ, միջոցառում, որին անմիջականորեն առնչություն ունեին հենց այդ համայնքի բնակիչները: Բացվեց Հալաբյան-Մարգարյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում` «Արմենիա» բժշկական կենտրոնի դիմաց տեղակայված զբոսայգին:

Հանրապետության նախագահը երեկ ներկա եղավ նաեւ հանգստի գոտու բացմանը:

Աջափնյակցիների համար երեկ տոնական օր էր, այգում կտեսնեիք տարբեր տարիքի մարդկանց` երեխաների, որոնք շտապել էին օգտվելու իրենց համար տեղադրված խաղահրապարակից, մեծերի, որոնք ուրախությամբ նշում էին, որ շրջակայքի բնակիչների համար վերջապես ստեղծվեց հանգստի գոտի: Տեղի բնակիչներից Հենրիկ Մակարյանը զբոսայգին բարեկարգ վիճակում վերջին անգամ տեսել էր 30 տարի առաջ, ապա ժամանակի ընթացքում այգին ավերվել էր, սակայն այսօր ստանալով նոր կենդանություն` շատ ու շատ բնակիչների կրկին բերել էր այգի մասնակցելու նրա վերաբացման տոնախմբությանը: Մոմջյան Անահիտը , որը նույնպես Աջափնյակի բնակիչ է, ասում է, որ մոտակայքում ապրող երեխաների համար այգուց բացի խաղալու ուրիշ տեղ չկա, հետեւաբար այգու կառուցումը մեծ նվեր է երեխաներին, որոնք բակերում տեղադրված ավտոտնակների եւ ավտոկայանատեղիների պատճառով զրկվել են խաղահրապարակներից: Եվ այսօր զբոսայգին նրանց տալիս է այգում խաղալու հնարավորություն: Այգին բնակիչներին գեղեցիկ նվեր եղավ, նրանք շատ գոհ են, սակայն մի պահանջ էլ ունեն, արդեն ոչ թե քաղաքապետարանից, այլ բնակիչներից, այն է, որ այգուն վերաբերվեն խնամքով ու մաքուր պահեն:

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշում է, որ այգին պահպանելուն ուղղված աջակցությունը քաղաքապետարանի կողմից մշտապես կլինի, սակայն անհրաժեշտ է եւ քաղաքացիների մասնակցությունը` չէ՞ որ այգին հենց իրենցն է:

Զբոսայգու ընդհանուր տարածքը կազմում է 1,7 հեկտար, եւ հանգստի գոտու ստեղծման համար ծախսվել է 120 միլիոն դրամ:

Տարոն Մարգարյանը նաեւ նշեց, որ Երեւանի քաղաքապետարանը նախատեսում է, որ մայրաքաղաքը զարգանա համաչափ եւ բոլոր վարչական շրջաններն ունենան իրենց փոքր կենտրոնները: 2012 թվականին 5 վարչական շրջանում նման փոքր կենտրոններ արդեն ստեղծվել են. «Այսօր էլ աջափնյակցիներին հանձնեցինք իրենց փոքր կենտրոնը», ավելացրեց Երեւանի քաղաքապետը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4