«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#190, 2012-10-27 | #191, 2012-10-30 | #192, 2012-10-31


ՍԵՓԱԿԱՆ ՏԱՆԸ, ԲԱՅՑ ՃՈՐՏԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՒՄ

Արդեն 9 տարի այս վիճակում են իրացման գոտի համարվող Կոզեռնի բնակիչները

Երեւանում անորոշ վիճակում գտնվող հանրային գերակա շահ հայտարարված կամ, ինչպես ասում են, իրացման գոտի համարվող տարածքների պակաս չկա: Տարածքներ, որտեղ տարիներ շարունակ բնակիչները գտնվում են պատանդի կարգավիճակով, քանի որ այդ տարածքների համար հայտարարվել են մրցույթներ, հայտնի են դարձել կառուցապատող ընկերությունները, բայց ոչ մի կառուցապատում տեղի չի ունենում, եւ հայտնի էլ չէ, թե կառուցապատողները երբ շնորհ կանեն կատարել իրենց պարտավորությունները: Կառավարությունն ու Երեւանի քաղաքապետարանը, ինչպես բազմից ենք գրել, որեւէ մոտեցում այս խնդրի հանդեպ չեն ցուցաբերում` ոչ պահանջում են կառուցապատողից սկսել իրացման եւ կառուցապատման աշխատանքները, ոչ էլ նրանցից հետ են վերցնում կառուցապատման իրավունքը` հնարավորություն տալով բնակիչներին անարգել տնօրինելու իրենց գույքը:

Հանուն արդարության պետք է ասել, որ այդպիսի տարածքներից մեկում` Կոնդ թաղամասում կառավարությունը վերջապես կտրուկ քայլ կատարեց եւ տարածքի մի մասում վերացրեց հանրային գերակա շահը` բնակիչներին ազատելով պարտավորությունները չկատարող կառուցապատողի («Դաուն Թաուն Երեւան») գերությունից: Սակայն մյուս տարածքներում իրավիճակն անփոփոխ է` բնակիչները շարունակում են սպասել հստակ որոշումների` կամ իրացման եւ կառուցապատման սկսելուն, կամ կառուցապատողի բազմամյա տիրապետությունից ազատվելուն:

Վերոնշյալ իրավիճակում են հայտնվել Կոնդի հարեւան Կոզեռն թաղամասի մոտ 150 ընտանիքներ: Այս տարածքում 2003-ի մարտին հանրային գերակա շահ ճանաչվեց, 2007-ից հայտնի է այդ տարածքի կառուցապող ընկերությունը` «Լոկալ Դիվելոփերզը»: Սակայն արդեն 9 տարի իրացման գործընթացը չի սկսվում: Ելնելով այս իրողությունիցՙ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին խնդրեցինք պատասխանել թաղամասի բնակիչներին հետաքրքրող հետեւյալ հարցերին.

1. Իրացման աշխատանքները այս տարածքում ի վերջո սկսվելո՞ւ են, թե՞ ոչ: եթե այո, ապա ե՞րբ:

2. Կառուցապատող ընկերությունը Ձեզ տեղեկացրե՞լ է, թե ինչ ծրագրեր ունի այս տարածքի նկատմամբ:

3. Նկատի ունենալով այն հանգամանքը, որ կառուցապատողը չի սկսում եւ գոնե մինչ այժմ չի որոշակիացրելՙ սկսելո՞ւ է, թե՞ ոչ իրացման եւ կառուցապատման աշխատանքները, կարելի՞ է ենթադրել, որ Կոզեռնում եւս կվերացվի հանրային գերակա շահը, ինչպես դա տեղի ուենցավ Կոնդի մի մասում` բնակիչներին հնարավորություն ընձեռելով ազատորեն տնօրինելու իրենց գույքը:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից ստացանք հետեւյալ պատասխանը.

«Ի պատասխան Երեւանի քաղաքապետարանին ուղղված Ձեր հարցման` աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչությունից տեղեկացնում են, որ «Կոզեռն» թաղամասում կամ, ինչպես փաստաթղթերում նշվում է, Սիրահարների այգուն հարակից տարածքը ՀՀ կառավարության 01.03.2007 թվականի հ.347-Ն որոշմամբ ճանաչվել էր հանրային գերակա շահ եւ տարածքը ձեռք բերող կառուցապատող էր ճանաչվել «Լոկալ Դիվելոփերզ» ՍՊ ընկերությունը, որի ժամկետը ավարտվել է:

Տարածքը իրացման գոտի հայտարարված չէ, սակայն ներառված է քաղաքաշինական ծրագրերում:

Իրացման աշխատանքները վերոհիշյալ տարածքում կարող են սկսվել, համապատասխան ճարտարապետահատակագծային առաջադրանք տրվելուց եւ «Տարածքը հանրային գերակա շահ ճանաչելու մասին» ՀՀ կառավարության նոր որոշում ընդունվելուց հետո»:

Դժվար չէ նկատել, որ հերթական անգամ տրված պատասխանում, ինչպես սովորաբար է լինում, բացակայում են հարցերին տրված պատասխանները: Ավելինՙ իրացման տվյալ թաղամասի իրացման գոտի ճանաչվելու տարեթիվը 2003-ն է, ոչ թե 2005-ը, ինչպես նշված է պատասխանում: Ինչեւէ:

Որոշեցինք օգտվել պատասխանի վերջում մեզ ուղղված խորհրդից, որն է` լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի օգնականին: Վերջինիս պատասխանը որոշակիություն ուներ` Կոզեռն տարածքում առաջիկա 2 ամիսների ընթացքում կառավարությունը նորից հանրային գերակա շահ կճանաչի:

Սակայն եթե դա տեղի ունենա, ինչը խիստ կասկածելի է, ապա այդ տարածքի բնակիչներին հուզող հարցերը չեն վերանում: Ոչ ոք չգիտի, թե հերթական անգամ որքան կտեւի իրացման գործընթացը` գուցե ե՞ւս 9 տարի: Կառուցապատող ընկերությունը` «Լոկալ Դիվելոփերզը», ըստ Կոզեռնում շրջանառվող լուրերի, ֆինանսական դժվարություններ ունի, եւ հայտնի չէ, թե ե՞րբ եւ ինչպե՞ս կսկսի իրացումը: Եթե այս անգամ էլ գործընթացը ձգձգվելու է տարիներ, ապա ավելի լավ չի՞ լինի, որ կառավարությունն ու քաղաքապետարանը այստեղ նույնպես վարվեն, ինչպես Կոնդում: Այսինքն, վերջապես հնարավորություն տան մարդկանց ինքնուրույն տնօրինելու սեփական գույքը` վերացնեն իրացման գոտին, կառուցապատողից հետ վերցնեն կառուցապատման իրավունքը եւ տարածքը դուրս բերեն քաղաքաշինական ծրագրերից: Այլապես, հաճելի չէ տարիներ շարունակ ապրել սեփական տանը, բայց մնալ ճորտի կարգավիճակում` կցված հողին եւ այն տնօրինելու գործնական իրավունքից զրկված:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, (որպես Կոզեռնի բնակիչ)


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4