Երեքշաբթի երկօրյա այցով Բեռլին է ժամանում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Թեեւ արտաքուստ Թուրքիայի կառավարությունը ԵՄ-ի հանդեպ հետաքրքրությունը կորցրել է, բայց նույն վերաբերմունքը չունի այս կառույցին անդամակցող կարեւորագույն անդամ երկրների հանդեպ. ընդհակառակը, իրազեկում է «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգը», ծանուցելով, թե Էրդողանի այցի հիմնական առիթը Բեռլինում իր երկրի դեսպանության նոր շենքի բացումն է, որն ըստ թուրքական լրատվամիջոցների, աշխարհում ամենամեծն է։ Կանցլեր Մերկելի հետ չորեքշաբթի նախատեսված քաղաքական զրույցի օրակարգն անշուշտ ներառելու է Սիրիայի հարցը, քրդական PKK -ին, ինչպես պնդում է Անկարան, հատկացվող գերմանական օժանդակությունը, եւ Գերմանիայում թուրքերի կացությունը։
«Սառն ընդունելություն Բեռլինում էրդողանին», վերնագրել է «Դի վելթը», հոկտեմբերի 30-ի իր հրապարակման մեջ տեղեկացնելով, թե Թուրքիայի վարչապետի դեմ բողոքի բազմամարդ ցույցեր են նախատեսված։Թերթը մեջբերում է գերմանաբնակ ալեւիների հայտարարությունը, ըստ որի «Հենց որ Էրդողանը ոտք դնի Գերմանիա, բողոքի ցույցով ենք դիմավորելու նրան»։ Ըստ Գերմանիայի ալեւիների համայնքի գլխավոր քարտուղար Ալի Դողանի, իրենք ալեւս չեն հանդուրժելու, որ «այս տմարդին Եվրոպայում որպես ժողովրդավար ներկայանա»։ 2012-ի մարտին ալեւիները, քրդերը, հայերն ու թուրք սոցիալ դեմոկրատները Բոխումում բողոքի հսկայական ցույց էին անցկացրելՙ Էրդողանին Շթայգեր մրցանակին արժանացնելու կապակցությամբ։ Էրդողանը վերջին պահին հրաժարվել էր Գերմանիա ժամանել, հանդուրժողականության մրցանակ նրան չէր տրվել։ Գերմանիայում ալեւիների թիվը մոտ 500 000 է։ Թուրքիայում տարատեսակ ճնշումների ենթարկվող ալեւիները, որ Գերմանիայում ճանաչում են իրենց իրավունքներն ու ազատությունները, չեն հանդուրժի, որ Էրդողանը փոքրամասնությունների իրավունքների պաշտպանի դերը խաղա։ Ալեւիները պահանջում ենՙ Սիրիայի դեմ պատերազմի, ջիհադական խմբավորումներին զենքի մատակարարման բացառում, Թուրքիայի քաղբանտարկյալների ազատ արձակում, հավասար իրավունքներՙ էթնիկ եւ կրոնական փոքրամասնություններին։
էրդողանի այցի դեմ արեւիների հայտարարած բողոքի ցույցին միանում են նաեւ ասորիներն ու հայերը։ Քրիստոնեական միությունները քննադատում են Անկարայիՙ փոքրամասնությունների հանդեպ թշնամական քաղաքականությունը։ «Անկարան պարտավոր է ոչ թե խոչընդոտել, այլ ընդունել ու պաշտպանել երկրում առկա մշակութային բազմազանությունը», ասորիների պահանջն է փոխանցում ավստրիական կաթոլիկական առցանց լրատուն։ Գերմանահայոց կենտրոնական խորհրդի նախագահն էլ Արեւմուտքի ուշադրությունն ուղղում է Թուրքիայիՙ ագրեսիվ իսլամացնող քաղաքականությանը։
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա