«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#191, 2012-10-30 | #192, 2012-10-31 | #193, 2012-11-01


ՔԱՆԻ՞ ԿԻԼՈԳՐԱՄ ՍԵՎ ԽԱՎԻԱՐ...

Սեւ խավիարը մշտապես համարվել է թանկարժեք ուտեստ: Հետեւաբար կան բազմաթիվ մարդիկ, որոնք շատ բաների են պատրաստ, կամ ընդունակ, որպեսզի ձեռք բերեն այս ուտեստը. համ համեղ է, առողջարար, համ էլ, ի դեպ, տեսողությունն է բարելավում:

Ադրբեջանական 1news.az կայքէջը, որը միայն անվանումով է տարբերվում Իլհամ Ալիեւի պաշտոնական կայքէջից, հարցազրույց է վերցրել Եվրոպայի խորհրդում Էստոնիայի ներկայացուցիչ, պատվիրակ տիկին Քրիստինա Օյուլանդից: Նախքան հարցազրույցի ուշագրավ հատվածներին անդրադառնալը, նշենք, որ նույն ԵԽ-ում նույն Էստոնիայի ներկայացուցիչ այլ պատվիրակ օրերս բարձրաձայնել էր. «Ճիշտ է, ես փաստեր չունեմ, բայց հստակ գիտեմ, որ Բաքուն ԵԽ-ի մի շարք պատվիրակների, այդ թվումՙ մեր երկրի պատվիրակների, կաշառում է սեւ խավիարով»: Այժմՙ Օյուլանդի մասին, մանավանդ որ տիկինն ուղղակի «փայլել» է քաղաքական անտեղյակությամբ: Սկզբում Էստոնիայի հարգարժան ներկայացուցիչը ընդգծում է, թե ինքը համաձայն չէ այն մտքին, թե Ադրբեջանը Եվրոմիության համար կարեւոր է միայն էներգետիկ տեսանկյունից: «Իմանալով ձեր երկրի հնարավորություններն ու ներուժը` Եվրոմիությունը դիտարկում է Ադրբեջանը որպես վստահելի գործընկեր` աշխարհաքաղաքական այս կամ այն հարցը լուծելու ճանապարհին»: Թե որքանո՞վ կապ ունեն համաշխարհային էներգետիկ շահերը աշխարհաքաղաքական այս կամ այն խնդիրներ լուծելու ճանապարհին, էստոնացի տիկինը նախընտրել է չմանրամասնել, հակառակ պարագայում կապացուցեր, որ Բաքուն Եվրոմիության համար կարեւոր է բացառապես էներգետիկ տեսանկյունից: Ինչեւէ, Օյուլանդն այնուհետեւ անդրադարձել է մեզ հատկապես հետաքրքրող ԼՂ հիմնահարցին: «Մեկ անգամ չէ, որ ես ելույթ եմ ունեցել` առաջարկելով փոխել ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատը, որը կազմավորվել է միակ նպատակով` լուծել ղարաբաղյան հակամարտությունը, ինչն արդեն քսան տարի առկա է: Ու ցավոք, այս ընթացքում որեւէ շոշափելի առաջխաղացում` հիմնահարցի լուծման ճանապարհին չկա: Մինսկի խմբի գալիք ֆորմատը որոշելը դժվարություն չի ներկայացնում, դրա համար անհրաժեշտ է ուղղակի նրա համանախագահներ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի քաղաքական կամքը: Ի դեպ, իմ այս նախաձեռնությունը պաշտպանում է նաեւ Եվրոմիության արտաքին քաղաքական հարցերի գլխավոր հանձնակատար Քեթրին Էշթոնը»: Այսպես. զարմանալի է, թե որքան բան չգիտի տիկին Օյուլանդը: Անշուշտ, ԵԽ-ում էստոնացի պատվիրակը կարող է եւ չտիրապետել ղարաբաղյան հիմնահարցի իրական պատկերին ու նրբություններին, բայց այդ պարագայում նա իրավունք չունի խոսելու այս հիմնահարցի մասին: Օրինակՙ ԵԱՀԿ Մինսկի խումբն իրապես ստեղծվել է մեկ նպատակով, բայց այդ նպատակը ոչ թե «ԼՂ հակամարտության լուծումն է», այլՙ «ԼՂ հակամարտության կողմերին մոտեցնել հիմնահարցի լուծմանն ու նպաստել դրան` առաջարկելով կողմերին փոխզիջումային տարբերակներ», այսինքնՙ ԼՂ հակամարտությունն իրականում պետք է լուծեն ԼՂ հակամարտության կողմերը, այս մասին բավական հստակ օրերս հայտարարեց նաեւ Երեւանում Ֆրանսիայի դեսպանը: Հաջորդըՙ ԵԱՀԿ Մինսկի խմբի առկա ֆորմատը ձեւավորվել է հակամարտ կողմերի կոնսենսուսի արդյունքում, հետեւաբար, եթե անհրաժեշտ է փոփոխության ենթարկել, դրա համար եւս պետք է հակամարտ կողմերի փոխհամաձայնությունը եւ ոչ թե «համանախագահ երկրների` ԱՄՆ-ի Ռուսաստանի եւ Ֆրանսիայի քաղաքական կամքը»: Այլ հարց է, որ հիշյալ երկրներն ուղղակի կարող են հրաժարվել իրենց միջնորդական առաքելությունից, սակայն այդ պարագայում էլ չի կարող ձեւավորվել նոր միջնորդական խումբ առանց հակամարտության բոլոր կողմերի լիակատար համաձայնության: Ինչ վերաբերում է տիկին Օյուլանդի արտահայտած այն մտքին, թե ԵՄ արտաքին գործերի ու քաղաքականության գլխավոր հանձնակատար Քեթրին Էշթոնը պաշտպանում է իր այս նախաձեռնությունը (փոխել Մինսկի խմբի ֆորմատը), ապա մեծ վստահություն ունենք, որ շուտով ինքը` տիկին Էշթոնը, կամ, ավելի ճիշտ, վերջինիս մամուլի քարտուղարը (քանի որ որ Էշթոնին հազիվ թե պատշաճի մեկնաբանել այս ամենը-Հ. Ա.) հանդես կգա հերքմամբ, քանի որ տիկին Էշթոնն ինքը բազմաթիվ անգամներ հայտարարել է Եվրոմիության բարձր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին տրամաբանորեն հենց այս` գործող ֆորմատով:

Մնում է միայն հույս հայտնել, որ Բաքվից ստացած ընտիր սեւ խավիարը (ի դեպ, քանի՞ կիլոգրամ) տիկին Քրիստինա Օյուլանդին կօգնի փոքր-ինչ լավացնելու քաղաքական տեսողությունը, հակառակ պարագայում էստոնացի տիկինը կշարունակվի նմանվել մեկին, որը չգիտի ինչի մասին է խոսում, բայց խոսում է:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հ. Գ. - Ի դեպ, առնվազն զավեշտի է արդեն նմանվում Բաքվի այս քաղաքականությունը. ընդամենը օրեր առաջ Փարիզում Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ընթացքում Ադրբեջանի ԱԳ նախարարը պատրաստակամություն հայտնեց «շարունակել հակամարտության խաղաղ կարգավորման որոնումները», բնականաբար Մինսկի խմբի համանախագահության աջակցությամբ, եւ ահա Ադրբեջանում կիսապետական 1news.az-ը կրկին անդրադառնում է Մինսկի խմբի գործող ֆորմատի փոփոխությանը: Եթե այս ամենին նայենք այն համապատկերում, որ Փարիզում համանախագահները առաջ են քաշել «նոր գաղափարներ», ապա ստացվում է, որ այդ գաղափարները, ինչպես եւ սպասելի էր, ու ինչի մասին մենք բազմիցս ենք խոսել, Բաքվին ամենեւին էլ ձեռնտու չեն: Ուրեմն այն, ինչ չեն կարող ասել Մամեդյարովն ու Ալիեւը, ասում է ու բավականին հստակ` «Ազերիպրոմը»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4