«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#191, 2012-10-30 | #192, 2012-10-31 | #193, 2012-11-01


Ջ. ԳԵՎՈՐԳՅԱՆ-ԱԼՄԱ ՎԵՃԸ ԿԱՐԳԱՎՈՐՎԱԾ

Ուոթերթաունում գործող Հայկական գրադարան-թանգարանի (ԱԼՄԱ) եւ Ջեկ Գեւորգյան կալվածքի տնօրենության միջեւ 17 կտավների սեփականության իրավունքի վերաբերյալ հարուցված դատական գործը, ըստ այդ հարցով զբաղվող փաստաբանի, կարգավորվել է, տեղեկացնում է Ասոշիեյթեդ պրես գործակալությունը: Լուրը տպագրել է «Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթը, համաձայն որի, Միչիգանից իրավաբան Մայեր Մորգանրոթըՙ Գեւորգյան կալվածքի կտակատերը, «Դետրոյթ նյուս» թերթին փոխանցել է, որ ԱԼՄԱ-ն իր մոտ պահելու է ընդամենը 4 կտավ, իսկ մնացյալ 13-ը վերադարձնելու է Գեւորգյան կալվածքի տնօրենությանը:

Դատական գործը հարուցել էր հայկական թանգարանը, նախքան անցյալ տարի կտավները աճուրդի դրվեցին Նյու Յորքում: Թանգարանի պնդմամբՙ այդ կտավները 1999-ին Գեւորգյանը նվիրել էր թանգարանին: Մինչդեռ, ըստ Գեւորգյան կալվածքի տնօրենության, 17 կտավները թանգարանին էին փոխանցված ցուցահանդես կազմակերպելու համար միայն:

Ջեկ Գեւորգյանը, որը ծանոթ է որպես «Դոկտոր Մահ» անվանումով, մահացավ անցյալ տարի 83 տարեկանում: Նա Եղեռնից մազապուրծ ծնողների զավակ էր: Իրեն նկարիչ չէր համարում, բայց ասում էր, որ ինքը պարզապես «գունավորում է այն պայմանները, որոնցում մենք ապրում ենք»: Նա սկսել է նկարել երիտասարդ տարիքում, սկզբում որպես «հոբբի», հետագայում ավելի լուրջ է վերաբերվել դրան, երբ որպես բժիշկ սկսել է խորամուխ լինել կենաց եւ մահվան խնդիրների մեջ:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4