«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#192, 2012-10-31 | #193, 2012-11-01 | #194, 2012-11-02


ԼՐԱԳՐՈ՞Ղ, ԹԵ՞ ԱԶԳԻ ԴԱՎԱՃԱՆ

Մեզանում «ամեն բանի փորձագետների»-ների շարքերում շատացել են նաեւ այսպես կոչված «ռազմական փորձագետները», ընդ որում` լրագրողներիս շրջանում, ու ինչն է զավեշտալին, հատկապես այն լրագրողների, որոնք երբեք չեն ծառայել ազգային կամ որեւէ այլ բանակում, հետեւաբար չգիտեն ի՞նչ է զինվոր լինելը: Սակայն սա չի խանգարում նրանց, որ պատրաստեն ռեպորտաժներ առաջին գծից` պատմելով ու ցուցադրելով այնտեղ կատարվող գրեթե ամեն ինչի մասին ու ամեն ինչը... Մինչդեռ մենք ապրում ենք ոչ պատերազմ, ոչ խաղաղություն ժամանակաշրջան, դիրքերում տղաներ են դեռ զոհվում ու տղաներ են դեռ զենքերով կանգնած` արդեն քսան տարուց ավելի...

Վերջերս գործընկերներիցս մեկը, արտահայտելով իր խիստ զայրույթը, ասաց, թե ինչո՞ւ, երբ զորամասերից կամ մարտական հենակետերից մեկում պատահար է տեղի ունենում, պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից այդ մասին տեղեկություն տալիս են, սակայն չեն նշում, թե կոնկրետ ո՞ր զորամասում, հենակետում է դա տեղի ունեցել: Գործընկերս հպարտորեն շարունակեց, որ ինքը «քանի որ պրոֆեսիոնալ լրագրող է», հետամուտ է եղել ու պարզել, թե որ զորամասում է տեղի ունեցել այդ պատահարը ու իր նյութում «N» զորամաս անունը փոխարինել զորամասի իրական անվանմամբ` տալով նաեւ զորամասի գտնվելու աշխարհագրական դիրքը:

Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր պատերազմ սկսվում է հետախուզումից: Հիմա մեզ գրեթե ամեն օր նոր պատերազմ խոստացող Ադրբեջանը, եթե հանկարծ իրականում որոշի սկսել այն, ապա հետախուզության կարիք ամենեւին էլ չի ունենա: Ինչո՞ւ, որովհետեւ հայրենական լրագրությունը լավագույնս կատարում է «ադրբեջանական հետախուզության» գործառույթները: Եթե տպագիր թերթի պարագայում «պրոֆեսիոնալ ռազմական փորձագետ լրագրողները» նշում են միայն զորամասի կամ հենակետի անունը, գտնվելու վայրը, դրանով իսկ տալով ադրբեջանցիներին մեր զորամասի հասցեն, ինչը համարվում է պետական գաղտնիք, ապա հեռուստատեսության պարագայում պատկերն ավելի խայտառակ է: TV լրագրողները, որոնք հայկական լրատվակական դաշտում առանց այդ էլ «էլիտար» են իրենց համարում, քանի որ ի տարբերություն մյուս «թերթային» կամ «կայքային» լրագրողների, իրենք «օպերատոր ունեն, միկրոֆոն, ու ք երեւում են եթերում», մարտական հենակետեր մեկնելով ցուցադրում են գրեթե ամեն ինչ. ինչպես եւ որտեղից է զինվորը դուրս գալիս, որտեղ է քնում, քնելու բլինդաժից մարտական հենակետը ինչ հեռավորության վրա է, մեր հենակետից ինչ հեռավորություն ունի հակառակորդի հենակետը, երկու կողմերի միջեւ ընկած տարածքը: Ավելի «պրոֆեսիոնալներն» անգամ պարզում են, թե այդ չեզոք գոտում որտեղ է ական տեղադրված, իսկ ավելի «համարձակ պրոֆեսիոնալները»` իրենց stand up կադրերն անում են խրամատի վրա կանգնած կամ մի այնպիսի տեղում, որը երեւում է հակառակորդի դիպուկահարներին: Եթե այս ամենին գումարենք նաեւ, որ հեռուստադիտողը, նաեւ ադրբեջանցի հեռուստադիտողը, կարող է հայկական եթերից տեղեկանալ, թե մեր զինվորն ի՞նչ է ուտում, օրական որքա՞ն, ի՞նչ զենքեր ունի, ինչպիսի զրահաբաճկոն կամ սաղավարտ, ապա Ադրբեջանի գլխավոր հետախուզական վարչությանը բավական է միայն նստել հեռուստացույցի առջեւ ու գծել հավանական հարձակման հստակ ու ճշգրիտ սխեմա...

Դեռեւս 1917-ին, այնուհետեւ 1918-ին ԱՄՆ-ում օրենքում կատարեցին փոփոխություններ, որոնց համաձայն սահմանափակվում էր լրագրողի լուսաբանման մակարդակն ու չափերը պատերազմական ժամանակաշրջանում: Այս օրենքի խախտման համար պատժվել են բազմաթիվ լրագրողներ: Espionage Act-ի (այսպես է կոչվում հիշյալ օրենքը) խախտման համար սահմանված է առավելագույնը 20 տարվա ազատազրկում եւ կամ տուգանք 10 հազար դոլարի չափով: Լրագրողի կողմից այս օրենքի խախտումը փաստորեն հավասար է ազգի դավաճանության: Ավելին, արդեն 1918-ին ընդունված ամերիկյան Sedition Act-ը արգելում է պատերազմական ժամանակաշրջանում լրագրողներին հանդես գալ կամ տարածել նյութեր ու ռեպորտաժներ` ներառված պետության կամ նրա ենթակառուցվածքների մասին խիստ քննադատական, ագրեսիվ տարրերով: Արգելված է նաեւ պետական խորհրդանիշների, զինվորական համազգեստի անարգանքը: Բացի ԱՄՆ-ից, որին հավանաբար ոչ ոք չի մեղադրի տոտալիտարիզմի կամ հակաժողովրդավարության, մարդու իրավունքների սահմանափակման մեջ, նմանատիպ օրենքներ գործում են նաեւ Անգլիայում, Հնդկաստանում, Ֆինլանդիայում, Գերմանիայում եւ «ժողովրդավարության ու ազատ խոսքի խորհրդանիշ» Շվեյցարիայում:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հ. Գ.- Մնում է միայն պարզելՙ ո՞րն է ազգի դավաճանությունը, այն, որ լրագրողը անգամ չնչին հնարավորությունից օգտվում է շփվելու հակառակորդ կողմի հետ, որպեսզի հասկանա, տեսնի, բացահայտի վերջինիս գաղտնիքները ու այդ ընթացքում ձեռնպահ է մնում հակառակորդին «սրիկա» անվանելուց, թե՞ այն, որ լրագրողը ակամա «ծառայում է» հակառակորդ երկրի հետախուզությանը, չնայած իր պատրաստած նյութում մեկ անգամ չէ, որ նրանց անվանում է «սրիկա»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4