«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#193, 2012-11-01 | #194, 2012-11-02 | #195, 2012-11-03


ՄՈՍԿՈՎՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԸՙ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿՑԻՆ

Մի քանի տարի առաջ Երեւանում լույս տեսավ մոսկվացի պաշտոնաթող գնդապետ Գառնիկ Ոսկանյանի «Մոսկովյան քրեամարտերում» գիրքըՙ ձեր համեստ ծառայի խմբագրությամբ: Պրոֆեսիոնալ միլիցիոների այս պատմվածաշարում շեշտը չէր դրվել գեղարվեստական կողմի վրա, այլ վավերականորեն վերարտադրվել էին հախուռն 90-ական թվականներին Մոսկվայում ծավալված քրեական դաժան իրադարձությունները, որոնց անմիջական մասնակիցն է եղել գնդապետ Ոսկանյանը: Նրա ղեկավարությամբ բացահայտված շատ հանցագործություններ արդեն այն տարիներին հասարակական լայն արձագանք գտանՙ դրանց մասշտաբայնության բերումով. հենց միայն նրա «զոհերի» շարքն են դասվել հարյուրավոր հանցագործներ, այդ թվումՙ չորս տասնյակից ավելի այսպես կոչված օրենքով գողեր: Նրանց դեմ պայքարի առանձին իրական դրվագների մասին են պատմությունները:

Ահա եւ գիրքը մասնակի լրացումներով թարգմանաբար հրատարակվեց նաեւ Մոսկվայումՙ ռուսերեն, եւ անսպասելիորեն հրատապ հնչեղություն ստացավ: Բանն այն է, որ Ոսկանյանը ՌԴ ՆԳՆ համակարգում երկար տարիներ ղեկավար պաշտոններում աշխատել է էթնիկական հանցավորության դեմ պայքարի խիստ յուրահատուկ ասպարեզում, երբ կազմակերպված հանցախմբերը ձեւավորվում են մեկ ազգային հանրության հիման վրա, օտար երկրում ձեռնարկվող իրենց հանցավոր գործողություններումՙ ի շահ իրենց օգտագործելով ծագման, լեզվի, սովորույթների, կենսակերպի միասնությունը:

Տվյալ դեպքում գործելով Մոսկվայի իրենց այնքան «հարազատ» ազգային միջավայրում, նրանք հեշտությամբ անհրաժեշտ տեղեկություններ են հայթայթում հնարավոր զոհերի մասին ու նենգորեն օգտագործում են դրանք: Էթնիկական հանցախմբերի շատ անդամներ իրար լավ ճանաչելով տակավին «պատմական» հայրենիքից, իրենց համախմբվածությամբ ու դրա շնորհիվ նվազ խոցելիությամբ դառնում են շատ ավելի ինքնավստահ, հանդուգն ու դաժան: Ցինիկորեն ներխուժելով հատկապես հայրենակիցների բիզնեսի մեջ, նրանք կիրառում են շանտաժ, սպառնալիքներ, սպանություններ, հարազատների առեւանգումներ եւ շատ այլ հանցագործություններ:

Ոսկանյանը, նկատի ունենալով կովկասյան (այդ թվում նաեւ հայկական) էթնիկական հանցախմբերի առկայությունը Ռուսաստանումՙ Մոսկվայում, գրքում իր քաղաքացիական համոզված դիրքորոշմամբ զգուշացնում է, որ այդ երկրում ստեղծված հակակովկասյան տրամադրությունները էապես պայմանավորված են նաեւ հյուրընկալության կանոնների խախտումներով, երբ, պատկերավոր ասած, մտնելով հյուրընկալողի տուն, եկվորը ոտքերը դնում է սեղանին:

Վերջին իրադարձությունները, երբ հյուսիսկովկասցիները զանգվածային անկարգություններ հրահրեցին Մանեժնայա հրապարակում, երբ աշխարհի չեմպիոն «սեւաթույր» մարզիկը բռունցքի մի հարվածով մահվան դուռը հասցրեց ռուս անմեղ պատանուն, երբ դաղստանցի հարսանքավորները կրակոցների «հրավառություն» սարքեցին Կրեմլի հարեւանությամբ եւ այլն, այժմեական են դարձնում Ոսկանյանի զգուշացումները: Ժամանակին նա ինքը շատ անողոք էր հենց հայազգի հանցագործների նկատմամբ, որոնց ոճրագործություններից գերազանցապես տուժում էր Մոսկվայի հայ հանրությունըՙ նրա գործարար խավը, խաթարվում էր հայության պատիվը: Հատկանշական են Ռուսաստանի մի շարք ազգային կազմակերպությունների լիդերների վերջին հայտարարությունները, որոնցով սխալ է համարվում այն քաղաքականությունը, երբ աչքաթող են արվում կամ, ավելի վատ, պաշտպանության տակ են առնվում հայրենակիցների «անհարկի» արարքներն ու գործողությունները:

Իսկ հիմա մի փոքր տեղ տանք լիրիկային: Մոսկվայի ներքին գործերի գլխավոր վարչությունը 1993 թվականից մրցանակներ է սահմանել գրականության, արվեստի, բարեգործության ասպարեզների այն լավագույն ստեղծագործությունների ու նախագծերի համար, որոնցում քարոզվում է մայրաքաղաքի ոստիկանության աշխատակիցների ծառայողական բազմաբարդ աշխատանքը: Բավականությամբ հաղորդում ենք, որ «Գեղարվեստական գրականություն եւ դրամատուրգիա» անվանակարգով հերթական մրցանակը շնորհվեց Գառնիկ Ոսկանյանինՙ նշյալ «Մոսկովյան քրեամարտերում» գրքի համար:

Մրցանակը նրան հանձնեց ՌԴ ՆԳՆ-ի ներկայիս նախարար, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Կոլոկոլցեւը, որի հետ, ի դեպ, Ոսկանյանը ժամանակին ակտիվորեն զինակցել է կազմակերպված հանցավորության դեմ Մոսկվայում մղված ահեղ քրեամարտերում:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Հ. Գ. - Գրքում տեղ են գտել նաեւ Ոսկանյանիՙ «Ազգ» օրաթերթում տպագրված հարցազրույցները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4