«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#194, 2012-11-02 | #195, 2012-11-03 | #196, 2012-11-06


ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՏԱՃԱՐԸՙ ՓԱԿՄԱՆ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ

Քրիստոնեական աշխարհի գլխավոր սրբավայրերից մեկըՙ Երուսաղեմի Սուրբ Հարություն տաճարը ֆինանսական հարցերի պատճառով հայտնվել է փակման սպառնալիքի տակ, հաղորդում է «Ջերուսալեմ փոստ» թերթը:

Տաճարը տնօրինում են Հույն ուղղափառ, Հայ առաքելական եւ Հռոմի կաթոլիկ եկեղեցիները: Տաճարի կառավարիչներից հունական պատրիարքության հաշիվները սառեցվել են Երուսաղեմի ջրամատակարար «Գիհոն» կորպորացիայի պահանջով: Ընկերության ներկայացուցիչները պնդում են, թե պատրիարքարանը տաճարի ջրամատակարարման համար իրենց պարտք է գրեթե երկուսուկես միլիոն դոլար:

Պատրիարքարանը հրաժարվում է վճարել, քանի որ տաճարը ջրի դիմաց երբեք չի վճարելՙ ո՛չ խաչակիրների օրոք, ո՛չ արաբների, ո՛չ Օսմանյան կայսրության օրոք, ո՛չ էլ դրանից հետո: Վեցօրյա պատերազմից հետոՙ 1969-ին Երուսաղեմի այն ժամանակվա քաղաքապետը հաստատել էր այդ կարգը:

Սակայն ավելի ուշ քաղաքի ջրային տնտեսությունն անցել էր «Գիհոն» մասնավոր ընկերության ձեռքը, որը, ավանդույթին տեղյակ չլինելով, սկսել էր պատրիարքարանին ուղարկել հաշիվներ, որոնք չէին վճարվում:

Տաճարում խոստովանում են, որ ջրի վարձավճարից ազատող որեւէ փաստաթուղթ գոյություն չունի, բայց ավանդույթը համարում են փաստաթղթից կարեւոր:

Արդուհանդերձ դատարանը սառեցրել է պատրիարքարանի հաշիվները, կրոնական կազմակերպությանը զրկելով բնականոն գործունեության հնարավորությունից: Հույն պատրիարք Ֆեոֆիլոս Գ-ն հայտարարել է, որ եթե մոտ ժամանակներս բարելավում տեղի չունենա, ապա ինքը ստիպված կլինի փակել տաճարը:

Իսրայելի ղեկավարությունը դեռ չի արձագանքել իրավիճակը հարթելու Հույն եղեկեցու խնդրանքին: Պատրիարքարանի ներկայացուցիչ Արիստարխոս արքեպիսկոպոսը պատրաստակամություն է հայտնել վճարելու ջրի ընթացիկ ծախսերը, բայց ոչ թե 2,5 մլն դոլարի պարտքը:

Սուրբ Հարություն (կամ Տիրոջ գերեզմանի) տաճարը կառուցվել է հռոմեական կայսր Կոնստանտին Մեծի օրոք: Գոյություն ունեցող ավանդության համաձայն, ներկայիս տաճարի տեղում եղել է այն քարանձավը, ուր խաչելությունից հետո տարել են Հիսուս Քրիստոսի մարմինը:

NewsruIsrael կայքէջը հաղորդում է, որ Ֆեոֆիլոս Գ-ն ֆինանսական օգնության խնդրանքով դիմել է ՌԴ իշխանություններին: Ռուսաստանը դատական հայց է ներկայացրել Երուսաղեմի քաղաքապետարանին, ինչպես նաեւ խոստացել է քննության առնել ֆինանսական օգնության հարցը:

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4