«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#196, 2012-11-06 | #197, 2012-11-07 | #198, 2012-11-08


«ՈՒՂԵՂԱՅԻՆ ԻՆՍՈՒԼՏԻ ԷՆԴՈԳԵՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ» ԸՍՏ ՊՐՈՖԵՍՈՐ ԲԱԿՈՒՆՑԻ

Պրոֆեսոր Հենրի Բակունցի «Ուղեղային ինսուլտի էնդոգեն գործոնները» աշխատության հրատարակումն ունի կարեւոր նշանակություն ոչ միայն Ռուսաստանի, այլեւ ԱՊՀ մյուս երկրների նյարդաբանների համար:

Հենրի Բակունցը հայտնի գիտնական է, կլինիկական բժիշկ, որն իր ակտիվ ու բազմակողմանի գործունեությամբ արժանացել է նյարդաբանների եւ գիտական այլ շրջանակների ակնածանքին ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտասահմանում: Պրոֆեսոր Բակունցը տիրապետում է գիտական ու կլինիկական աշխատանքի մեծ փորձի:

Ռուսաստանի Դաշնության առողջապահության ու սոցիալական զարգացման նախարարության գլխավոր նեւրոլոգ, պրոֆեսոր Ե. Գուսեւը նշում է, որ մենագրության հիմքում ընկած են պրոֆեսոր Բակունցի երկար տարիների հետազոտությունների արդյունքները:

Ըստ «Новое Время» թերթի` Հենրի Բակունցը մեկն է առաջին այն նյարդաբաններից, որոնք սկսեցին մշակել ուղեղի անոթային հիվանդությունների նեյրոիմունոլոգիական տեսանկյունները:

Սույն մենագրության մեջ հեղինակն ընդհանրացնում է ժամանակակից բժշկության հրատապ հարցերից մեկի` ինսուլտի խնդրի վերաբերյալ իր ավելի քան 30 տարիների փորձն ու հետազոտությունները: Պրոֆեսորի աշխատությունը նվիրված է մարդու օրգանիզմում էնդոգեն դիսֆունկցիաները կարգավորող մեթոդների հայտնաբերմանը: Այս մեթոդները կարող են կարգավորել այնպիսի դիսֆունկցիաներ, որոնք կապված են ինսուլտի տարբեր տեսակների դրսեւորմանը:

Իր աշխատանքի մեջ մի ընդհանրական անդրադարձ էլ կատարելով հոմեոսթազի խանգարումների վերաբերյալ, խանգարումներ, որոնք ի հայտ են գալիս ինսուլտների ժամանակ, հեղինակը ցույց է տալիս, որ հենց այդ խանգարումների շուրջն են տեղի ունենում պաթոֆիզիոլոգիալական ծանր պրոցեսները, որոնք հանգեցնում են օրգանիզմում կենսաբանական հավասարակշռության ու տարբեր խախտումների:

Պրոֆեսոր Բակունցի աշխատությունը հարկ է գնահատել որպես արժեքավոր մի գործ, որն էական ներդրում ունի օրակարգային այնպիսի խնդրի լուծման գործում, ինչպիսին է ուղեղային ինսուլտի տարածվածությունը: Պրոֆեսոր Գուսեւի դիտարկմամբ` Հենրի Բակունցի աշխատությունը միանգամայն իրավունք ունի ընդգրկվելու շարքում այն գիտական գործերի, որոնք սահմանում են ուղեղային ինսուլտի վերաբերյալ հետազոտությունների եւ ուսուցման զարգացման հեռանկարները:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4