«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#196, 2012-11-06 | #197, 2012-11-07 | #198, 2012-11-08


ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՎԵԼՈՒ ԵՆ

Հայաստանի պատմության պետական թանգարանի բակում երեկ ցուցադրվեցին մարզերից բերված կոթողներ եւ հուշարձաններ, որոնք Երեւանում վերականգնվելու ու ամրակայվելու են: Դրանց վերականգնումն ու պահպանումը հրատապ է, քանի որ պայմանները, որտեղ հայտնաբերվել են, հուշարձանների պահպանման համար անընդունելի են:

Դրանք Երեւան բերելու մտահղացումը Հայաստանի պատմության թանգարանինն է: Պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանը նշում է, որ մշակութային այս նմուշների մեջ կան հուշարձաններ, որոնք այնքան մասնատված են, որ պահանջում են վերականգման շատ լուրջ աշխատանք:

Պատմության թանգարանը կազմել է վերականգման ենթակա հուշարձանների ու կոթողների մի ցուցակ ու ներկայացրել մշակույթի նախարարություն: Մասնագիտական քննության ենթարկվելուց հետո ցուցակում պահպանվել են միայն 63 հուշարձանների անունները, իսկ Երեւան տեղափոխվել միայն 51-ը:

Մտավախությունը, թե մարզերից բերված կոթողներն ու հուշարձաններն ընդմիշտ մնալու են Պատմության թանգարանում, անտեղի է: Լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ Անելկա Գրիգորյանը տեղեկացրեց, որ բոլոր հուշարձանները վերադարձվելու են այն վայրերն ու մարզերը, որտեղից բերվել են. «Եվ դա արվելու է պետական հրամանի համաձայն»:

Տեղական ինքնակառավարման մարմիններն ու դրանց մշակութային պատասխանատուներին տրված է 4 տարի ժամանակ, որպեսզի այդ ընթացքում ստեղծեն այնպիսի պայմաններ, որոնք հուշարձանների համար կլինեն ապահով, եւ մարզերում հուշարձանները կկարողանան ներկայացնել տվյալ մարզի մշակույթը:

Իսկ հուշարձանների ու կոթողների վերականգնումը կազմակերպվելու է Երեւանում, քանի որ, ըստ Անելկա Գրիգորյանի, դրանց վերականգնումն ու ամրակայումը մասնագիտակական այնպիսի գործընթաց է, որը պահանջում է հատուկ պայմաններ, հատուկ ջերմաստիճան: «Հետեւաբար անտառի կամ ձորի մեջ նման կոթողներ ու հուշարձաններ վերականգնելու համար պետք է ունենայինք շարժական լաբորատորիա», նշում է տնօրենը:

Նմուշների վերականգնումից հետո եւ մինչ իրենց նախկին վայրերը վերադարձնելը` եկող տարի հունվարին Պատմության պետական թանգարանի հրապարակահայաց բաց սյունասրահում կբացվի արդեն նորոգված հուշարձանների ցուցահանդեսը:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4