ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ճիշտն ասած, մերձնախագահական ընտրություններին մոտիկ ժամանակը կտրուկ շրջադարձ ապրեց փաստորեն, քանի որ մերձքաղաքական շրջանակները սպասում էին ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ դիրքորոշումներին` նախագահի թեկնածու առաջադրել-չառաջադրելու մասին, ու լավատեսները սպասում էին միավորում ինչ-որ թեկնածուի շուրջը (ընդդիմության առումով), հոռետեսները, կամ, ավելի շուտ, ինձ նման պրագմատիկներն արձանագրում էին, որ այդպիսի միավորում հնարավոր չէ, սակայն հստակեցումն անհրաժեշտ է: Բայց հիմա բոլորը միասին ստանում են մեկ այլ ձեւաչափ` քաղաքական խորհրդակցությունների առաջարկի (կարելի է ասել` 2 առաջարկի` ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի) տեսքով, ինչն այս պահին փոխում է քաղաքական օրակարգի հունը:
Իրավիճակը նման է խորհրդարանական ընտրություններին նախորդող ժամանակին, երբ մարդիկ սպասում էին ընդդիմության համախմբմանը ընդդեմ իշխանական ուժերի, բայց ստացան «Չորսի» ձեւաչափ, որը դարձավ ժամավաճառության վայր` հնարավորություն տալով ինչպես իշխանական ուժերին լավագույնս դրսեւորվելու ընտրություններում, այնպես էլ ԲՀԿ-ին` համարյա միայնակ ընդդիմադիր ձայներին տիրապետելու:
Այնպես որ զարմանալի չէ, որ որոշ շրջանակներ ԲՀԿ-ի` ՀՅԴ երեկվա հայտարարությունից մեկ օր առաջ տեղի ունեցած հայտարարությունը համարում են մարդկանց ուշադրությունը շեղելու մի նոր նախաձեռնություն` մոտեցող նախագահական ընտրություններից առաջ: Եւ հաջորդող ՀՅԴ նախաձեռնությունը նույնպես ժամանակային առումով զարմացնում է, չնայած արդար լինենք ու նշենք, որ ՀՅԴ հայտարարածը նրա մշտական օրակարգն է եղել արդեն տարիներ ու բովանդակային առումով մի երկու կետով է մոտ ԲՀԿ նախաձեռնությանը: Արդեն տեսակետներ եղել են որոշ շրջանակներից, ովքեր կասկածում են դրանց նույն աղբյուրից ծագելու մասին: Չնայած` ՀՅԴ-ականները երեկ դատարկ զբաղմունք համարեցին ՀՅԴ-ն Քոչարյանի հետ կապելը: Համենայնդեպս Է. Շարմազանովի` նախորդ օրվա հայտարարության շատ թափանցիկ ակնարկները ԲՀԿ նախաձեռնության առումով այդպես մտածելու տեղիք տալիս է: Շարմազանովի աննախադեպ, նրա սովորական ոճին անհամապատասխան տոնը խոսում է այն մասին, որ ինչ -որ բան, այնուամենայնիվ, դուրս է եկել վերահսկողությունից. «Հետագա զարգացումներն իրականում քաղաքական ուժերի եւ հոսանքների համար շատ ավելի նման կլինեն դիմակազերծման մի գործընթացի. հիմա արդեն ավելի ակնառու կլինի քաղաքական դաշտի բոլոր խաղացողների իրական դեմքը` հետեւելով այս հարցի շուրջը նրանց քայլերին». եւ «խորհրդարանական կարգի անցման առաջարկով հանկարծահաս հանդես եկողների հետեւում չտեսնել մարդկանց, որոնք այլ կերպ, սեփական դեմքով, առանց շղարշվելու, իշխանության գալու հնարավորություն չունեն, առնվազն քաղաքական կարճատեսությունը` պարզունակ քայլ է եւ ակնհայտ` որտեղ մշակված»` կարծես թե ակնհայտորեն վերաբերում է Ռ. Քոչարյանին:
Բա ո՞վ է, ուրեմն, քաղաքական կարճատեսը, ո՞վ է շղարշվողը, որտե՞ղ է մշակված այս նոր սցենարը, ի վերջո:
Սակայն նշենք, որ ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը եւ այլ հանրապետականներ չեն ժխտել, որ ԲՀԿ-ի հետ, այո, ՀՀԿ-ն բանակցել է 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու, սահմանադրական փոփոխությունների միջոցով վարչապետի լիազորություններն ավելացնելու առաջարկների, Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու շուրջ: Սակայն ՀՀԿ փոխնախագահը նաեւ նշել էր, որ դրա համար ժամանակ չկա, բացի այդ` կիսապատերազմական վիճակում ենք, մեզ այս պահին նախագահական կարգն ավելի է ձեռք տալիս:
Դե իսկ Շարմազանովի տեսակետը դեռ ՀՀԿ նախագահի տեսակետը չէ, սկսված գործընթացներին նախագահ Սարգսյանի արձագանքի սպասումն օդում է, ինչպես, ի դեպ` Ռ. Քոչարյանի արձագանքի, քանի որ Շարմազանովն ակնհայտորեն ակնարկում էր Ռ. Քոչարյանին: Ու թե ինչ խնդիր է լուծում ԲՀԿ-ն` դեռ պարզ չէ, բայց, իսկապես, եւս մի քանի օր, եւ ամեն ինչ պարզ կլինի:
Ամբողջ խնդիրն այն է, որ այն, ինչ հիմա է ասվում, նույն հաջողությամբ կարող է ասվել նախագահական ընտրություններից անմիջապես հետո, եւ քաղաքական խորհրդակցություններն էլ այնժամ կարելի է անել` առաջարկների իրագործման ժամանակատարությունը եթե նկատի ունենանք: Մանավանդ, որ այս բոլորը ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը» վաղուց են ասել: Տեսեք` ԲՀԿ-ի հայտարարությունը ՀՅԴ ԳՄ անդամ Աղվան Վարդանյանը դրական համարեց, քանի որ ԲՀԿ-ն առաջին անգամ հրապարակավ ընդունում եւ խոսում է կառավարման համակարգը փոխելու անհրաժեշտության մասին, չնայած... վստահ չէր, որ դա տակտիկական նպատակ չի հետապնդում: Այսու` ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն շաբաթ օրը կհանդիպեն` այս մասին խոսելու: «ժառանգության» հետ էլ ԲՀԿ-ն քննարկումներ ունենալու է:
Սակայն այժմ, երբ պետք է նախագահի թեկնածու առաջադրել, տպավորություն է, թե քաղաքական ուժերը խոսքը գցում են կտուրը, ու մեկը մյուսի հետ ոչ մի կապ չունի: Թե` ունի՞: Եվ ԲՀԿ-ն այս անգամ չի մասնակցելու նախագահական ընտրություններին, կամ միգուցե, իսկապես, սեփական թեկնածուով է հանդես գալու, եւ ասվածը նրա նախընտրական պլատֆորմի մաս է: Ո՞վ է այդ թեկնածուն` եթե նա արտահայտվի, գուցե հստակություն մտնի հարցում, թե չէ` ով ասես, ինչ ասես ենթադրեց. կարճաժամկետ տակտիկական մոտեցում, ժամանակ շահելու պես բան, ու թե բան է` չհաջողի, կասեն` մեկ մարդու նախաձեռնություն էր: Ասում էին, չէ՞, Օսկանյանի ասածներին:
Բոլոր դեպքերում ՀՀԿ-ն եւս քննարկելու է ԲՀԿ առաջարկը, համենայնդեպս այդպես էր ասում Գալուստ Սահակյանը, չնայած որ այս ամբողջ շարժընթացը, ըստ նրա, չի ազդում ՀՀԿ-ի վրա: Եւ ՀՅԴ առաջարկն է քննարկելու` թող հիմնավորումները մի լավ բերեն, թե ինչու է պետք անցնել խորհրդարանական համակարգին, հանգիստ նշում է ՀՀԿ փոխնախագահը:
Հ. Գ. - Ամենահետաքրքրականը երեկ ավելի ուշ ՀԱԿ-ի տարածած հայտարարությունն էր, որից ստացված տպավորությունը հայտնի ֆիլմի հայտնի տեսարանն է. «Ես եմ վկան, իսկ ի՞նչ է եղել որ...»: Քննարկելով ԲՀԿ-ի առաջարկը քաղաքական համատեղ խորհրդակցություններ անցկացնելու մասին` ՀԱԿ-ը նախ առաջարկում է ընդլայնել դրանց օրակարգը` ներառելով ընտրական համակարգի վերափոխման իր` ՀԱԿ-ի փաթեթի ընդունումը եւ նախագահական ընտրություններին օրինականության վերահսկման համատեղ մեխանիզմի ստեղծումը, ինչպես նաեւ իշխանությանն անվստահություն հայտնելու խորհրդարանական մեխանիզմների կիրառման քայլեր, զանգվածային միջոցառումների անցկացում, կոռուպցիայի եւ մենաշնորհների վերացման համատեղ ծրագրի ստեղծումը ներառելով: