«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#197, 2012-11-07 | #198, 2012-11-08 | #199, 2012-11-09


18 ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ «ՉԱՆԱԽ» ՊԱՆՐՈՒՄ ԱՂԻՔԱՅԻՆ ՑՈՒՊԻԿՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ստուգումներ է անցկացրել պանրի արտադրության 59 տնտեսվարողների մոտ, որոնց արդյունքների մասին երեկ, կառավարության նիստի ավարտից հետո լրագրողներին տեղեկացրեց ծառայության պետ Աբրահամ Բախչագուլյանը : Ստուգումների ընթացքում պարզվել է, որ փոքր տնտեսվարողները սննդամթերքի անվտանգության նորմերի պահպանման խնդիրներ ունեն: 18 տնտեսվարողների արտադրած «Չանախ» տեսակի պանրի մեջ էլ հայտնաբերվել են աղիքային ցուպիկներ: Նրանք տուգանվել են ընդանուր առմամբ 10 մլն 400 հազար դրամով, ինչպես նաեւ դադարեցվել է նրանց արտադրությունը` մինչ վերացնեն արտադրության հիգիենայի կանոնների պահպանման եւ մակնշման խախտումները: Աբրահամ Բախչագուլյանը տեղեկացրեց նաեւ, որ ոչնչացվել է առողջության համար վտանգավոր 5540 կգ պանիր:

Սիբիրախտի դեպքերի առնչությամբ տրված հարցին սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետը պատասխանեց, որ Վարդենիսի տարածաշրջանի 2 գյուղերում հիվանդության օջախները տեղայնացվել են եւ հիվանդ կենդանիները ոչնչացվել: Տավուշի մարզում այս հիվանդության առկայության մասին տրված հարցին էլ նա պատասխանեց, որ կան հիվանդ կենդանիների անկման դեպքեր, բայց հիվանդության համաճարակ այս մարզում չկա: Աբրահամ Բախչագուլյանը կոչ արեց գյուղական համայնքների բնակիչներինՙ համագործակցել իրենց ծառայության հետ եւ պետական պատվերի շրջանակներում պատվաստել իրենց կենդանիներին այս հիվանդության դեմ:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4