Հ. ԱՖՅԱՆ
Բրիտանական Լորդերի պալատի ներկայացուցիչ բարոնուհի Քերոլայն Քոքսը Լորդերի պալատում հանդես է եկել Ադրբեջանի հասցեին քննադատական ելույթով: Բարոնուհին, ընդգծելով, որ ինքը բազմիցս է եղել Լեռնային Ղարաբաղում եւՙ «հիմա ձեզ տեղեկություն կհաղորդեմ առաջին ձեռքից», մասնավորաբար անդրադարձել է Ադրբեջանում հայերի հանդեպ վարվող էթնիկ քաղաքականությանը, «Կոլցո» օպերացիային, Սումգայիթում ու այլ ադրբեջանական եւ ոչ միայն ադրբեջանական քաղաքներում ազգությամբ հայերի նկատմամբ իրականացված ջարդերին: Շեշտելով, որ Բաքուն այսօր էլ հայերի հանդեպ թշնամական քաղաքականություն է վարում` «դրանով իսկ վնաս հասցնում բանակցությունների խաղաղ ընթացքին», բարոնուհի Քոքսը այդուհանդերձ նկատել է. «Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդները խաղաղության կարիք ունեն, եւ ոչ ոք նոր ապակայունացնող պատերազմ չի ցանկանում»:
Դժվար է ասել, թե ներկա բրիտանացի լորդերն ինչպես են արձագանքել բարոնուհու` «առաջին ձեռքից» մատուցված տեղեկություններին, սակայն եթե նրանցից ոմանք կարդացած լինեին օրերս բրիտանական The Independent հայտնի պարբերականում լրագրող Թոմ Փեքի հեղինակած հոդվածը` «Արքայազնը, դաժան բռնապետը եւ բարեկամությունը, որից նա պարզապես չի հրաժարվի» վերտառությամբ, ապա գուցե եւ Լորդերի պալատը հնարավորությունների սահմանում կփորձեր վերանայել Ադրբեջանի հետ բրիտանական քաղաքականությունը, անկախ այն հանգամանքից, որ Ադրբեջանի հետ լրջորեն կապված է բրիտանական արքայական ընտանիքի ներկայացուցիչ, թագուհի Եղիսաբեթի երրորդ զավակն ու երկրորդ որդին, Յորքի դուքս արքայազն Էնդրյուն: Արքայազնի ու Ալիեւների, կոնկրետՙ դուստր Արզուի միջեւ հարաբերություններին «Ազգը» առիթ ունեցել է անդրադառնալու: Իլհամ Ալիեւի կրտսեր դուստրը ապրում է Լոնդոնում եւ բավական լուրջ կապեր ունի բրիտանական որոշ շրջանակների հետ, մասնավորաբար` արքայազն Էնդրյուի: Ալիեւների հետ Էնդրյուի կապի մասին Թոմ Փեքն իր վերոհիշյալ հրապարակման մեջ գրում է. «Մասնավոր ինքնաթիռների վրա հարկատուների գումարների շռայլ վատնումները, էլ չենք խոսում աշխարհում կասկածելի առաջնորդների հետ նրա անհաջող բարեկամական հարաբերությունների մասին, պատճառ դարձան, որ Էնդրյուն հեռանա Միացյալ Թագավորության առեւտրի ու ներդրումների հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնից: Սակայն հիմա էլ դուքսը շարունակում է հետաքրքրություն ցուցաբերել Ադրբեջանի գործերի նկատմամբ, որտեղ նա համարվում է աշխարհի ամենադաժան ու ամենակոռումպացված առաջնորդներից մեկի` նախագահ Ալիեւի ընկերը»:
Ուշագրավ է, որ Իլհամ Ալիեւը, փաստորեն, սկսեց դժգոհություն հայտնել Ադրբեջանում British petrolium-ի գործունեությունից, երբ Բրիտանիայում առեւտրի ու ներդրումների հարցով հատուկ ներկայացուցիչն այլեւս իր ընկերը` դուքս Էնդրյուն չէր: Սակայն պաշտոնաթողությունից հետո դուքսը հանդիպում է կազմակերպում Ադրբեջանում բրիտանացի դեսպան Փիթեր Բեթմանի հետ: Վերջինս էլ, անցյալ շաբաթ, հայրենիքում գտնվելով, ինքն է Էնդրյուի հետ նոր հանդիպման նախաձեռնողը լինում: Ակնհայտ է, որ հանդիպման նպատակն այն էր, որ դեսպանն իրեն մշտապես տեղյակ պահի Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձություններին, չնայած Ալիեւ ընտանիքի հետ մշտական կապի համար Էնդրյուն օգտվում է նաեւ «արքայադուստր» Արզուի «ծառայություններից»: Դեսպանի ու դուքսի հանդիպման մանրամասնություններն իհարկե հայտնի չեն, միայն Լորդերի պալատի խոսնակը The Independent-ին հայտնել է, որ «չնայած արքայազն Էնդրյուն այլեւս բրիտանական բիզնեսում պաշտոնական դերակատարում չունի, սակայն բնական է, որ նա հետաքրքրված է բրիտանական բիզնեսով»: Մյուս կողմից, արդյոք միայն բիզնեսի՞ հարցեր են քննարկվել արքայազնի ու դեսպանի հանդիպումների ընթացքում: Այս կապակցությամբ Ադրբեջանում Amnesty International-ի գիտաշխատող Նատալյա Նոզադձեն հեգնանքով նկատել է. «Մեզ մնում է միայն հուսալ, որ արքայազնը դեսպանի հետ մասնավոր հանդիպումներում անդրադառնում է նաեւ Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարմանը, ոստիկանության կողմից բիրտ ուժի գործածմանը, լրագրողների ու բլոգերների հանդեպ սահմանված գրաքննությանը, որոնց ծեծում են պարզապես` կառավարությանը քննադատելու համար»:
Ստիպված ենք «հուսախաբ» անել հարգարժան տիկին Նոզադձեին, քանի որ արքայազնը, որ պաշտոնավարման հինգ ամիսների ընթացքում ութ անգամ այցելել է նախագահ Ալիեւին, ընդ որում, այդ հանդիպումներից 6-ը «եղել է բրիտանական կառավարության անունից», հետեւաբար մյուս երկուսը` մասնավոր, հազիվ թե հետաքրքրված լինի Ադրբեջանում հիշյալ խնդիրներով: Ավելին, 2011-ին Ադրբեջանում Բրիտանիայի նախկին դեսպանը պաշտոնական նամակ է հղում կառավարության երեք գերատեսչություններին` պահանջելով` «զրկել արքայազն Էնդրյուին Ադրբեջանում իր ստանձնած դերակատարումից» այսինքնՙ դուքսի ստանձնած դերակատարումը հակասում էր բրիտանական պետության շահերին: Ադրբեջանական որոշ լրատվական աղբյուրներից տեղեկանում ենք, որ արքայազն Էնդրյուն հարեւան երկրում ունի պարզապես իր բիզնես շահերը, օրինակՙ նա հետաքրքրված է Կասպից ծովի ափին գոլֆի հսկայական հանգստավայրով, սակայն այս տեղեկությունները պալատը հերքում է: Միեւնույն ժամանակ Բրիտանիայի ԱԳՆ խոսնակը այս առումով նշել է. «Արքայազն Էնդրյուն չի կորցրել իր հետաքրքրությունները այն երկրում, որի նկատմամբ առանձնակի հետաքրքրություն է ցուցաբերել առեւտրի հարցով դեսպան լինելու ժամանակ», այս տեղեկությունից էլ եւ առհասարակ եզրակացնելով` կարելի է նկատել, որ արքայազն Էնդրյուն այսօր էլ, պաշտոնաթողությունից հետո, շարունակում է ոչ պաշտոնական դերակատարում ունենալ երկու երկրների միջեւ առեւտրի զարգացման գործում»: Եվ ինչն է ուշագրավ, Ալիեւի հետ ընկերության պատճառով Էնդրյուն արժանանում է նաեւ «բրիտանական քննադատությանը»: Այլ հարց է, սակայն, թե որքանո՞վ ազդեցություն ունեն Էնդրյուի «առանձնահատուկ հետաքրքրությունները» բրիտանական քաղաքականության մշակման ու իրագործման մեջ:
Նկար 1. Յորքի դուքսը Ալիեւի կնոջ եւ Լեյլա աղջկա հետ