«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#198, 2012-11-08 | #199, 2012-11-09 | #200, 2012-11-10


«ՔԵՌԻ ՍԵՄԸ», ՂԱՐԱԲԱՂԸ ԵՎ «ՄԵԾ ԱՐՋԸ»

Վերընտրված նախագահ Բարաք Օբամային շնորհավորական նամակներ հղեցին նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները: Նախագահ Սարգսյանը մասնավորաբար շեշտեց. «Մենք շնորհակալ ենք այն աջակցության համար, որը Միացյալ Նահանգները շարունակաբար ցուցաբերում է Հայաստանին: Ինձ մեծապես գոհացնում է այն փաստը, որ Ձեր վերընտրվելը թույլ կտա շարունակել ու ակտիվորեն զարգացնել եւ խորացնել հայ-ամերիկյան հարաբերությունները, որոնք մեր երկկողմ պատմության ողջ ընթացքում այս պահին գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա: Համոզված եմ, որ մեր բազմաբնույթ համագործակցությունը նոր հաջողություններ կարձանագրի առաջիկա չորս տարիների ընթացքում` ի շահ մեր ժողովուրդների»: Նախագահ Ալիեւն իր նամակում ընդգծել էր. «Ադրբեջանն ու ԱՄՆ-ը միմյանց հետ կապված են անկեղծ բարեկամությամբ եւ բոլոր ոլորտներում փոխշահավետ համագործակցությամբ: Հույս ունենք, որ Ձեր երկրորդ նախագահության շրջանում Ադրբեջանի ու ԱՄՆ-ի` փոխադարձ հետաքրքրության եւ ընդհանուր արժեհամակարգի վրա հենված ռազմավարական գործընկերությունը ավելի կամրապնդվի ու կխորանա»:

Ուշագրավ է, որ եթե Հայաստանի նախագահը հայտնում է հայ-ամերիկյան հարաբերությունների այսօրվա աննախադեպ բարձր մակարդակը, ապա Ադրբեջանի նախագահը հույս է հայտնում այդ հարաբերությունների ավելի խորացման: Սա պատահական չէ, որպես կանոն ադրբեջանական իշխանությունը առավել հետաքրքրված է ԱՄՆ-ում հանրապետական նախագահի առկայությամբ երկու պատճառով: Նախ` ԱՄՆ-ում հանրապետականները ամուր կապված են էներգետիկ համալիրների հետ, որոնց հետ ադրբեջանական իշխանությունները վաղուց արդեն ունեն հաստատված ջերմ կապեր: Այլ կերպ ասած, ԱՄՆ-ում հանրապետական նախագահի ու վարչախմբի առկայության պարագայում, Բաքուն կարճ ժամանակահատվածում հիանալի կապեր կարող է ստեղծել նրանց հետ առաջատար նավթային ընկերությունների միջնորդությամբ: Երկրորդը, որպես կանոն հանրապետականները, ի տարբերություն դեմոկրատների, ավելի պրագմատիկ արտաքին քաղաքականություն են վարում` առանց այլ երկրներում մարդու իրավունքների պաշտպանության վրա առանձնահատուկ շեշտադրումների, ինչը եւս կարեւոր է Բաքվի համար: Ադրբեջանը հատկապես արեւմտյան գործընկերների հետ ցուցաբերում է փոխհամաձայնության պատրաստակամություն` ընդ որում ամեն հարցի շուրջը, բացի մարդու իրավունքներից եւ քաղաքական ազատություններից:

Հենց այս պատճառով էլ, դեռեւս Օբամայի առաջին ընտրությունից հետո ԱՄՆ-ի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունները մեծ դժվարությամբ կառուցվեցին. Վաշինգտոնը շուրջ երկու տարի (Օբամայի նախագահության շուրջ կեսի ընթացքում-Հ.Ա.) Բաքվում դեսպան չուներ, եւ միայն վերջերս` Մեթյու Բրայզայի «ոդիսականից» հետո այդ պաշտոնում հաստատվեց, ի դեպ, էներգետիկ հարցերով մասնագիտացված Մորնինգսթարը: Այժմ, Բաքվի ու Ադրբեջանի հարաբերությունները կարծես թե վերականգնվում են: Այլ հարց է, որ դրանք բավարար չեն Բաքվի համար, հենց որով էլ պայմանավորվում է Ալիեւի` Օբամային հղած նամակում հայտնած «հույսը»` հարաբերություններն ավելի ամրապնդելու ու խորացնելու: Ընդ որում, Ալիեւն ամենեւին էլ չի չափազանցում ամերիկա-ադրբեջանական հարաբերություններն անվանելով ռազմավարական. բանն այն է, որ Կասպից ծովի տարածաշրջանում «մեծ վտանգ» է սպառնում Ռուսաստանից:

«Վերաբեռնման վերաբեռնո՞ւմ»

ԱՄՆ-ում Օբամայի մրցակից Միթ Ռոմնին առաջին անգամ ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանին անվանեց ԱՄՆ-ի «առաջին թշնամի»: Ի դեպ, Օբամայի հաղթանակից հետո վարչապետ Մեդվեդեւը հայտարարեց, թե ինքն ուրախ է, որ «ԱՄՆ-ի նախագահ չդարձավ նա, ում համար Ռուսաստանն առաջին թշնամին է»: Իր հերթին Օբաման հայտարարություններից մեկում «խոստացավ» ռուսներին «ցուցաբերել ճկունություն երկկողմ հարաբերություններում», որից հետո նախագահ Պուտինը հարցազրույցներից մեկում Օբամային անվանեց «լավ մարդ»: Սակայն Պուտինի վերադարձից հետո տեսանելի է, որ Ռուսաստանը փորձում է վերջ տալ աշխարհում միաբեւեռությանն ու դառնալ գեոպոլիտիկ բեւեռներից մեկը: Հենց այս համատեքստում են դիտարկելի ԱՄՆ-ի ու Ռուսաստանի տարաձայնությունները Սիրիայում, Իրանում, Հյուսիսային Կորեայում եւ այլուր: Ավելին, ի դեմս ՀԱՊԿ-ի Պուտինը նախաձեռնում է այսպես կոչված նոր «Վարշավյան համաձայնագիր», ինչը, ըստ որոշ ռուս փորձագետների, հնարավորություն կտա Մոսկվային «վերահսկել թեկուզ հետխորհրդային տարածաշրջանը»: Այս նպատակով հենց Պուտինն առաջարկել է Ղազախստանին ստորագրել հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) տարածաշրջանային միացյալ մեխանիզմի ստեղծման համաձայնագիր: Ենթադրվում է, որ Ռուսաստանի ու Ղազախստանի միջեւ ՀՕՊ-ի համաձայնագիրը պատրաստ կլինի մինչեւ 2012-ի վերջը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի ՊՆ գեներալ-մայոր Պավել Կուրչենկոն` ընդգծելով. «Նման համաձայնագիր մենք նախապատրաստում ենք նաեւ Հայաստանի հետ, սակայն կոնկրետ այս վերջին մեխանիզմը կունենա միացյալ կարգավիճակ, այլ ոչ թե ընդհանուր, քանի որ Հայաստանի հետ մենք ընդհանուր սահման չունենք: Հետագայում արդեն մենք նախատեսում ենք նման համաձայնագրեր ստորագրել Ղրղզստանի եւ Տաջիկստանի հետ, ինչպես նաեւ` Ուզբեկստանի»: Գեներալ Կուրչենկոն հավելել է, որ այսօր նման համաձայնագիր գործում է միայն Ռուսաստանի ու Բելառուսի միջեւ: Միեւնույն ժամանակ, ինչպես «Էխո Մոսկվի» ռադիոկայանին է հաղորդել ՌԴ ռազմածովային ուժերի փոխծովակալ Սերգեյ Ալեկմինսկին` «նախապատրաստվում է շահագործման «Պոդսոլնուխ» ռադիոլոկացիոն կայանը Կասպից ծովում` տարածաշրջանի ստորջրյա իրադրությունն ուսումնասիրելու համար»: Ընդ որում նա նշել է նաեւ կասպյան տարածաշրջանում հինգ հրթիռների, նորագույն հրթիռային համալիրներով «Բալ» կենտրոնի, սուզանավերի, դեսանտային ռազմական նավերի եւ այլ ռազմական ստորաբաժանումների տեղակայման մասին: Նա ընդգծել է, որ այս ուժերը տարածաշրջանում կհայտնվեն «հավանական հակառակորդի դիվերսիոն գործողությունների դեմ պատրաստ լինելու համար»: Ալեկմինսկին շեշտել է, որ կասպյան ռազմածովային ուժերի գոյության 290 տարվա ընթացքում (ստեղծվել է 1722-ին Պետրոս Առաջինի հրամանով-Հ. Ա.) «այսօր դրանք առավել քան երբեք պահանջված են»: Ռազմածովային հրամանատարը տվել է անգամ հավանական հակամարտությունների «հասցեները»` «Ադրբեջան-Թուրքմենստան, Ադրբեջան-Իրան` վիճելի ծովային տարածքների պատճառով»:

Փաստորեն կասպյան տարածաշրջանում, եթե Ղազախստանը Ռուսաստանի համար «ամուր բարեկամ է», ապա Մոսկվայի համար «անկանխատեսելի վտանգավոր են» Թուրքմենստանն ու Ադրբեջանը: Սա առավել հետաքրքրական է դառնում, երբ ընդունենք, որ նոր «վարշավյան համաձայնագրում» Հայաստանը կարող է դառնալ ակտիվ անդամներից մեկը... Ի դեպ, հայտնի է դարձել, որ թուրքական տարածքում նախատեսվում է ամերիկյան «Պեթրիոթ» հրթիռային համակարգի տեղակայումը...

Դառնալով Ղարաբաղին

Այս համատեքստում հենց Հայաստանի նախագահը The Wall Street Journal ամերիկյան ամսագրին հարցազրույց տվեց, որտեղ ընդգծեց. «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության վերսկսման դեպքում հայկական ուժերը անհամաչափ հարված կհասցնեն»: Նախագահ Սարգսյանը միաժամանակ արձանագրել է, որ «համաշխարհային նշանակություն ունեցող էներգետիկ միջանցքում լարվածությունն ավելանում է». «Հայաստանի հետ սահմանակից Իրանի դեմ ուղղված հարված հասցնելու դեպքում կարող են սկիզբ առնել մի շարք իրադարձություններ, որոնք կարող են նաեւ հրահրել հակամարտություն Երեւանի եւ Բաքվի միջեւ, իսկ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ առկա լարվածության նվազեցման համար կենսական դեր ունի միջազգային հանրության ներգրավվածությունը տարածաշրջանում», ասել է ՀՀ նախագահը շեշտելով. «Ցավոք Ադրբեջանը ռազմական գործողությունների վերսկսման հնարավորության է սպասում»:

...Փոքրիկ Աշոտը ծնողների հետ ապրում է ԼՂՀ Քաշաթաղի շրջանում: Նա որոշել է «շենքեր կառուցող» դառնալ, իսկ Արցախի վարչապետ Արա Հարությունյանը օրերս հայտարարել էր. «Նախորդ տարիներին վարած քաղաքականության շնորհիվ մենք ժողովրդի գիտակցության մեջ մտցրինք, որ Քաշաթաղի շրջանը Արցախի Հանրապետության անքակտելի մասն է, եւ ոչ ոք չի պատրաստվում այն հանձնել»: Այնպես որ անկախ Պուտինի ու «լավ մարդու» հարաբերություններից ու ծրագրերից (ի դեպ, վերջինս ավելի շատ հետաքրքրված է «չինական առաջխաղացումը կասեցնելու» ծրագրերով), փոքրիկ Աշոտը պետք է դառնա «շենքեր կառուցող» ու հենց հայրենի Քաշաթաղում:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4