ԱՄՆ-ը կաջակցի «Սիրիական ազգային կոալիցիային»
Սիրիացի ապստամբները եւ նրանց համակիրները կիրակի օրը Քաթարի մայրաքաղաք Դոհայում համաձայնագիր են ստորագրել «Սիրիական ազգային կոալիցիայի» ստեղծման վերաբերյալ, ինչպես նաեւ ընտրել են նոր միավորման ղեկավար: Դա հոգեւորական Ահմեդ Մուազ ալ Խաթիբն է: Ֆրանսպրեսը հաղորդում է, որ նա ծնունդով Դամասկոսից է եւ երեք ամիս առաջ է հեռացել Սիրիայից:
«Սիրիական ազգային կոալիցիայի» կազմում ընդգրկվել են ընդդիմության զանազան կազմակերպություններ, որոնց մեջ ամենահայտնին «Սիրիայի ազգային խորհուրդն» է: «Ֆիգարո» թերթը տեղեկացնում է, որ կոալիցիային հարել են նաեւ «Ներքին գործերի համակարգման կոմիտեները», «Մահմեդական գիտնականները», ռազմական կազմավորումներ եւ այլն:
Ավելի վաղՙ ուրբաթ օրը «Սիրիայի ազգային խորհուրդը վերակազմվել էր. խորհրդի նոր նախագահ էր ընտրվել քրիստոնյա Ժորժ Սաբրան:
Ինչ վերաբերում է նորաստեղծ «Սիրիական ազգային կոալիցիային», դրա փոխնախագահներ են ընտրվել այլախոհ Ռիադ Սեյֆը եւ կին ընդդիմադիր Սուհար ալ Աթասին:
Ստորագրված համաձայնագիրը նախատեսում է, որ «Սիրիական ազգային կոալիցիան» բաց կլինի բոլոր ընդդիմադիր խմբերի համար եւ միջազգային ճանաչում ստանալուց հետո կկազմավորի Սիրիայի ժամանակավոր կառավարություն:
Միացյալ ընդդիմության նոր մարմինը կհամակարգի ապստամբների ռազմական գործողությունները Սիրիայի կառավարական զորքերի դեմ եւ ըստ ամենայնի կնպաստի Բաշար Ասադի վարչակարգի տապալմանը:
Երեկ ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ կաջակցի ընդդիմադիր «Սիրիական ազգային կոալիցիային»: Ասոշիեյթեդ պրես գործակալությունը հաղորդում է, որ համապատասխան հայտարարություն է արել գերատեսչության ներկայացուցիչ Մարկ Թոները:
Թոների խոսքերով, ԱՄՆ-ը ընդդիմադիրներին շնորհավորում է միավորվելու առթիվ եւ պաշտպանում է նրանց կոալիցիան, քանի որ դրա նպատակներն են «Բաշար Ասադի արյունալի կառավարման վերացումը եւ խաղաղ, արդար, ժողովրդավարական ապագայի սկզբնավորումը, որին արժանի է Սիրիայի ժողովուրդը»: