«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#199, 2012-11-09 | #200, 2012-11-10 | #201, 2012-11-13


ԹՈՌՆԻԿՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՊԱՊԻԿՆԵՐԻ

Վետերան շախմատիստների եւ մանկապատանեկան ուժեղ թիմի մրցաշարՙ նվիրված Հակոբ Մոկացյանին

Երեւանի շախմատի կենտրոնական տունը այս օրերին մեղվանոցի է նման: Զանազան մրցաշարեր, միջոցառումներ, բազմաթիվ երեխաներ... Չեն մոռացվում նաեւ վետերան շախմատիստները: Շախմատի տան ղեկավարությունը եւ Վետերան շախմատիստների խորհուրդը, որի նախագահն է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահության անդամ, Շախմատի թանգարանի հիմնադիր Ռաֆայել Չատինյանը, հաճախակի են կազմակերպում վետերանների մրցումներ, հանդիպումներ, մեծարումներՙ արժանին հատուցելով այն մարդկանց, որոնցից, փաստորեն, սկիզբ է առել հայկական շախմատային ներկայիս հրաշալի մակարդակը:

Շաբաթ օրվա մրցաշարը նվիրված էր հայկական շախմատի երախտավորներից Հակոբ Մոկացյանի հիշատակին: Մոտ քառորդ դար ղեկավարելով իր իսկ եռանդուն մասնակցությամբ 1963-ին հիմնադրված` հանրապետության շախմատի առաջին մասնագիտացված դպրոցը, որը հիմա կոչվում է Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի եւ շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, Հայաստանի վաստակավոր մարզիչ, սպորտի վաստակավոր գործիչ Հակոբ Մոկացյանը հայկական շախմատային բուրգի հիմքերը կառուցողներից մեկը եղավ: Հայաստանի ուժեղագույն շախմատիստների մեծ մասը անցել է այդ դպրոցով, իսկ Հակոբ Մոկացյանի անմիջական սաներից շատերն են ճանաչման արժանացել, մասնավորապեսՙ հայտնի գրոսմայստերներ Ռաֆայել Վահանյանը եւ Սմբատ Լպուտյանը ներկա էին եւ հետեւում էին սերունդների մրցավեճին:

10 վետերան շախմատիստներ, որոնց մեջ էին Հայաստանի նախկին չեմպիոններ, վարպետներ, վարպետության թեկնածուներ, հանդիպեցին շախմատային դպրոցների սաներից կազմված ուժեղ տասնյակին: Կյանքի հակադիր բեւեռներիՙ 10-16 տարեկանների եւ 7-8-րդ տասնամյակներում հայտնվածների մրցաշարն անցավ 10 խաղափուլով. յուրաքանչյուր մասնակից խաղաց մրցակից թիմի բոլոր շախմատիստների հետ, բավական խիստ ժամակարգովՙ 5 րոպե, ամեն քայլի համար 5 վայրկյան հավելումով: «Պապիկների եւ թոռնիկների» անչափ հետաքրքրական մրցավեճում ընդհանուր հաշվով հաղթեց մանկապատանեկան թիմըՙ 53,5-46,5: Այնուամենայնիվ, վետերանների մեջ էլ իր խոսքն ասող եղավ: Անհատական հաշվարկով լավագույն արդյունք ցույց տվեց միջազգային վարպետ Էդուարդ Մնացականյանըՙ 10 հնարավորից 9 միավոր վաստակելով: Վետերաններից 2-րդ տեղը գրավեց Ադոլֆ Դեմիրխանյանը (նկարում), 3-րդ տեղըՙ Անուշավան Առաքելյանը:

Կրտսեր շախմատիստների մեջ 8 միավորով առաջին տեղը գրավեց Սարգիս Մանուկյանը: 2-4-րդ տեղերը 7,5-ական միավորով բաժանեցին Նորայր Թորոսյանը, Հարություն Բարսեղյանը, Արամ Հակոբյանը:

Ընդհանրապես, երեխաները, եթե կարելի է այդպես անվանել ահեղ մրցակիցներին, աչքի ընկան գրագետ, համարձակ եւ հետեւողական խաղով, նաեւ, ոչ պակաս ուրախալի, կիրթ պահվածքով, նկատելիորեն տարբերվելով երեւանյան իրենց շատ հասակակիցներից: Իզուր չէ, որ շախմատը մտքի եւ հոգու լավագույն դաստիարակներից է համարվում: Այս առումով նույնպես շախմատային դպրոցը մեծ գործ է անում:

Հաճելի էր տեսնել, թե ինչպես 10-ամյա տղան, հուզմունքն ու ինքնադժգոհությունը զսպելով ու թաքցնելով, ձեռք է մեկնում եւ շնորհավորում իրեն հաղթող պատկառելի վետերանին, կամՙ մեկ ուրիշը ճշգրիտ հաշվարկով զինվորը վերածում է թագուհու, միայն թե պիտի ձգվերՙ աթոռից կիսաբարձրանալով, որ ձեռքը հասներ ութերորդ հորիզոնականին:

Հայաստանի շախմատային ֆեդերացիայի փոխնախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը ամփոփեց եւ գնահատեց միջոցառումըՙ ուշադրություն դարձնելով հատկապես «մեր շախմատային ապագայի»ՙ կրտսեր շախմատիստների խաղին:

Հանդիպման կազմակերպիչներին եւ մասնակիցներին շնորհակալական խոսքով դիմեց Հակոբ Մոկացյանի որդինՙ Արսեն Մոկացյանը:

ՊԱՐՈՒՅՐ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4