Հայաստանի նախագահի հարցազրույցը «Ֆիգարո» թերթին
Վ. ՊՈՂՈՍՅԱՆ
«Ֆրանսիայի քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում չի պարտադրվել մեր կողմից: Ֆրանսիան պետական մակարդակով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ցեղասպանության ժխտումը այդ հանցագործության շարունակության ձեւ է: Մենք անկեղծ համարում ենք, որ այն անձնավորությունները, ովքեր փորձում են ռեւիզիայի ենթարկել որեւէ ժողովրդի ցեղասպանության պատմությունը, դառնում են այդ ծանր հանցագործության մեղսակից»: Այս մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Ֆիգարո» օրաթերթին տված հարցազրույցում:
Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու օրինագիծը հակասահմանադրական համարելու առնչությամբ Սարգսյանը նշել է. «Ինչպիսի որոշումներ կկայացվեն Ֆրանսիայում այդ օրինագծի մասով` դժվարանում եմ կանխագուշակել: Ես կարող եմ միայն ողջունել նախագահ Օլանդի հստակ դիրքորոշումն այս հարցում, որը նա արտահայտել է ինչպես նախընտրական շրջանում, այնպես էլ որպես Ֆրանսիայի Հանրապետության նախագահ»:
Սերժ Սարգսյանը թերթի խնդրանքով անդրադարձել է հայ-ֆրանսիական հարաբերություններինՙ ասելով, որ հայ-ֆրանսիական բարեկամությունն իր բնութագրմամբ «առանձնահատուկ» է: «Ֆրանսիան բացեց իր դռները եւ սիրտը Հայոց ցեղասպանությունից փրկվածներին ընդունելու համար»:
Ըստ նախագահի, այսօր հիմնականում ցեղասպանության հետեւանքով ձեւավորված ֆրանսահայ համայնքը հայ-ֆրանսիական կապերը կամրջող հենասյուն է: «Այս տարին հոբելյանական էՙ մենք նշում ենք Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը», հիշեցրել է Սերժ Սարգսյանն ու ընդգծել, որ Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների քսան տարիներին տպավորիչ ձեռքբերումներ են եղել:
«Աշխուժորեն զարգանում են նաեւ մշակութային եւ առեւտրատնտեսական կապերը: Ֆրանսիան Հայաստանում երկրորդ ներդնողն է, մեզ մոտ գործում են ֆրանսիական կապիտալով 155 ձեռնարկություններ, որոնց թվում են այնպիսի հսկաներ, ինչպիսիք են «Ալկատելը», «Կրեդիտ Ագրիկոլը», «Պեռնո Ռիկարը», «Օրանժը», «Կարըֆուրը» եւ այլն», հարցազրույցում շեշտել է Հայաստանի նախագահը:
Թե արդյոք Սարգսյանին մտահոգո՞ւմ է Ֆրանսիայի ներկայիս նախագահի օրոք ֆրանս-թուրքական մերձեցումը, Հայաստանի նախագահը բացասաբար է արձագանքել. «Ոչ իհարկե, մեր քաղաքականության հիմքում դրված չէ Թուրքիային վնասելու ցանկությունը»: «Մենք ցանկանում ենք, որ Թուրքիան որքան հնարավոր է շատ շփվի Ֆրանսիայի եւ այլ եվրոպական երկրների հետ, որպեսզի այդ շփումների միջոցով յուրացնի եվրոպական արժեքները», հայտարարել է Սարգսյանը:
Նրա խոսքերովՙ Ֆրանսիայի նախագահները իրենց մեջ ուժ են գտել պատմության հետ առերեսվելու. «Ես միայն կարող եմ ծափահարել իրենց համարձակությանը»: Սարգսյանը տեղեկացրել էՙ «Փարիզում ես խնդրելու եմ նախագահ Օլանդին, որպեսզի նա Թուրքիայի ղեկավարությանը պատմի, թե ինչպես է ինքն անձամբ դատապարտել հրեաների տեղափոխումը Գերմանիայի համակենտրոնացման ճամբարներ: Դա կարող է դաս հանդիսանալ Թուրքիայի ղեկավարների համար»:
Ինչ վերաբերում է Երեւան-Բաքու արտգործնախարարների վերջին փարիզյան հանդիպման հետեւանքներինՙ Սերժ Սարգսյանը կարեւորել է փարիզյան հանդիպումը այն առումով, որ պայմանավորվել են շարունակել խաղաղ կարգավորման բանակցությունները ստեղծված ձեւաչափի շրջանակներում:
«Այդուհանդերձ այդ հանդիպումը հեռու է նոր հույսեր արթնացնելու առումով: Ադրբեջանական կողմը հրաժարվում է միջազգային միջնորդների առաջարկած սկզբունքները կարգավորման հիմք ընդունել: Նրանք համարում են, որ առանց հիմնական սկզբունքները համաձայնեցնելու հնարավոր է քննարկել բուն պայմանագիրը: Բայց պայմանագիրը կարող է կենսունակ լինել միայն, եթե հենվում է հստակ եւ բոլորի համար հասկանալի սկզբունքների վրա»: Հայաստանի նախագահի դիտարկմամբՙ չնայած Բաքվի գործողություններին, որը հերոսացնում է սարսափելի հանցագուծություն կատարած մարդասպանին, որը կացնահարել էր քնած հայ սպայի, «Հայաստանը շարունակելու է անել ամեն հնարավորը խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար»:
Թերթի խնդրանքով Հայաստանի նախագահը խոսել է նաեւ Հայաստանի` Բաշար Ասադի ռեժիմի նկատմամբ վերաբերմունքի մասին: «Սիրիային եւ նրա ժողովրդին պատուհասած աղետը չի կարող անտարբեր թողնել որեւէ մեկի: Սիրիայում առկա մեծ հայկական գաղթօջախը հայության շրջանում հայտնի է որպես «մայր գաղութ», քանի որ Սիրիայի տարածքով են հիմնականում այլ երկրներ գաղթել ցեղասպանությունից փրկվածները», ասել է Սերժ Սարգսյանը:
Հայաստանի նախագահը շեշտել է, որ քաղաքացիական պատերազմն իսկապես ծանր փորձություն է որեւէ երկրի համար: Ըստ նախագահիՙ «Չկան այդպիսի իրավիճակների հաղթահարման ունիվերսալ բանաձեւեր: Դժվար է ասել, թե որքանով կարող է օգնել կամ խանգարել արտաքին միջամտությունը: Ավելին, ուրիշների համար չափված լուծումները Սիրիայի դեպքում կարող են ողբերգական հետեւանքներ ունենալ` հանգեցնելով տարածաշրջանի ժողովրդագրական պատկերի անդառնալի ձեւափոխումների: Հայաստանի Հանրապետությունը հնարավորության պարագայում կանի ամեն հնարավորը Սիրիայում խաղաղության պահպանման եւ հայ համայնքի կենսունակության ապահովման համար»: