«Ադրբեջանցի քաղաքագետները չէ, որ պիտի որոշեն...»
Ադրբեջանում հաճախ է ամեն ինչ սվիններով ընդունվում, հատկապես երբ այդ «ամեն ինչը» վերաբերում է հայերին ու Հայաստանին: Ավելին, եթե արված հայտարարությունները կամ տեղի ունեցող երեւույթները հայանպաստ են, այդ ժամանակ ունեցած-չունեցած բառապաշարի բոլոր բացասական խոսքերով է մատուցվում իրադարձությունը:
Երբ Վրաստանի վերաինտեգրման հարցերով նորանշանակ պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին հայտարարում էր Ռուսաստանի հետ Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերականգնման անհրաժեշտության մասին, դրա հիմքում քաղաքագետը դնում էր այսպես թե այնպես հարեւանի հետ շփվելու կարեւորությունը, որը ոչ մի կերպ չէր կապվում Աբխազիայի` Վրաստանի կողմից ճանաչվելու հետ: Թերեւս հակառակը, ըստ Զաքարեիշվիլու, երկաթուղու վերագործարկումը հնարավորություն կտա հենց վրացիներին այցելել Աբխազիաՙ իրենց հայրենի տները, աբխազների պարագայում էլ Վրաստանի հետ շփվելու հնարավորություն կլինի:
Ադրբեջանական մամուլը, բնականաբար, հայանպաստ, ավելի շուտ` Ադրբեջանի դեմ ուղղված ինչ-որ դիրքորոշում նկատելով այս ամենում, չհապաղեց Զաքարեիշվիլու մասին եղած-չեղածը գրելու, ընդ որում, այդ գործին ադրբեջանական մամուլի թեթեւ ձեռքով մեծապես եւ հաճույքով մասնակից դարձան Զաքարեիշվիլու ադրբեջանցի գործընկեր-քաղաքագետները` մի քանի կիսատ-պռատ ադրբեջանական հասարակական կառույցների հայտարարությունների հետ:
Զաքարեիշվիլին երեկ անդրադարձել է Ադրբեջանից եկող այդ արձագանքին ու նշել, որ Վրաստանում առաջնորդվում են Վրաստանի շահերով եւ ոչՙ հարեւան երկրների: «Վրաստանում երբեք չի լինի կառավարություն, որ հարցականի տակ կդնի վրաց-ադրբեջանական կամ վրաց-հայկական հարաբերությունները, բայց սեփական շահն էլ որեւէ երկրի համար զոհել չի պատրաստվում», նշել է Վրաստանի վերաինտեգրման պետնախարարը:
Ըստ վրացական լրատվամիջոցներիՙ Զաքարեիշվիլին շեշտել է, որ քաղաքագետները պետական պաշտոնյաներ չեն եւ կարող են ամեն հայտարարություն անել, մինչդեռ ինքը, որպես վրացի պաշտոնյա, պետք է առաջին հերթին մտածի Վրաստանի, այլ ոչ Հայաստանի ու Ադրբեջանի շահերի մասին: Զաքարեիշվիլին, իր խոսքերով, այդ գաղափարն արտահայտել է ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման համատեքստում:
«Երկաթգծի վերաբացման գաղափարը ծառայում է ոչ թե Հայաստանի, ինչպես ենթադրում են ադրբեջանցի քաղաքագետները, այլ Վրաստանի շահերին, եւ առաջին հերթին շահեկան կլինի հենց մեզ համար: Ուստի ադրբեջանցի քաղաքագետները չեն, որ պիտի որոշեն` վերականգնել Վրաստանի երկաթգծային հաղորդակցությունը Աբխազիայով Ռուսաստանի հետ, թե ոչ», շեշտել է Զաքարեիշվիլին:
Վ. ՊՈՂՈՍՅԱՆ