«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#200, 2012-11-10 | #201, 2012-11-13 | #202, 2012-11-14


ՀԱՅԱՍՏԱՆ ԱՅՑԵԼԱԾ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ԹԻՎԸ 603 ՀԱԶԱՐ Է

Էկոնոմիկայի փոխնախարարը հույս հայտնեց, որ տարեկան ցուցանիշը կհասնի 850 հազարի

Այս տարվա 9 ամիսներին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը գերազանցել է 603 հազարը: Այս մասին երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը ՙ ավելացնելով, որ դա 9,4 տոկոսով գերազանցում է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Փոխնախարարը հույս հայտնեց, որ Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը 2012-ի տարեկան արդյունքներով կկազմի մոտ 850 հազար: Իր ասածը Արա Պետրոսյանը հիմնավորեց 9 ամիսներին արձանագրված հուսադրող աճի տեմպով: Ընդ որում, համաշխարհային զբոսաշրջության աճը գտնվում է ավելի ցածր` տարեկան 3-4 տոկոսի միջակայքում:

Ինչ վերաբերում է Հայաստանից արտագնա զբոսաշրջությանը, ապա այստեղ եւս աճ է գրանցվել` 11,4 տոկոսով, հասնելով 608 հազարի: Վրաստան, մասնավորապես Աջարիա այցելած հայաստանցի զբոսաշրջիկների թիվը կազմել է 70 հազար, ինչը 14-15 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:

Էկոնոմիկայի փոխնախարարը տեղեկացրեց, որ 13-14 տոկոսով կամ մոտ 64 հազարով աճել է նաեւ ներքին զբոսաշրջությունը: Դրան նպաստել է սոցփաթեթի ներդրումը 130 հազար պետական եւ քաղաքացիական ծառայողների համար:

Արա Պետրոսյանն այն կարծիքը հայտնեց, որ Հայաստանն ինտելեկտուալ տուրիզմի երկիր է: Նրա համոզմամբՙ մեր երկիրը գրավիչ դարձնելու համար պատմամշակութային կոթողները, պատմությունը ներկայացնելուց բացի, անհրաժեշտ են հետաքրքրական միջոցառումներ, մասնավորապես փառատոներ: Փոխնախարարը օրինակ բերեց Արենիի գինու եւ Ախթալայի խորովածի փառատոները: «Մենք մոնիտորինգ ենք իրականացրել, որի համաձայնՙ ամեն տարի շուրջ 30-40 տոկոսով ավելանում է այդ փառատոներին տուրիստական խմբերի մասնակցությունը», նշեց նաՙ ավելացնելով, որ հաջորդ տարի նախատեսում են պետական աջակցությամբ Գյումրիում կազմակերպել արվեստների եւ արհեստների փառատոն:

Էկոնոմիկայի փոխնախարարի հավաստմամբՙ Հայաստանը պատրաստ է նաեւ բարձր մակարդակի միջազգային ֆորումներ եւ համաժողովներ անցկացնելուն: Միջազգային արձագանքը Հայաստանում կայացած նման միջոցառումների առնչությամբ շատ դրական է: Արա Պետրոսյանը հիշատակեց հոկտեմբերի 18-19-ին Երեւանում կայացած «Համամարդկային արժեքները եւ մշակութային բազմազանությունը 21-րդ դարում. Զբոսաշրջության ներդրումը» խորագրով միջազգային համաժողովը, ասելով, որ անցել է բարձր մակարդակով, ունեցել մեծ արձագանք եւ հնարավորություն ընձեռել Հայաստանին նորովի ներկայանալու համաշխարհային զբոսաշրջության հանրությանը:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4