«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#202, 2012-11-14 | #203, 2012-11-15 | #204, 2012-11-16


ԳՆԱՑՔԸ ԳՆԱՑԵԼ Է ԱՌԱՋ... ՆՐԱՆՔ ՊԻՏԻ ՎԱԶԵՆ, ՈՐ ՀԱՍՆԵՆ ԳՆԱՑՔԻՆ

Վ. ՊՈՂՈՍՅԱՆ

«Այնպիսի տպավորություն է, որ այդ հայտարարություն անողը մնացել է 90-ական թվականների կեսերի իր ունեցած տեղեկություններով, եւ փորձում է ներկայացնել Ադրբեջանի դիրքորոշումը` ասելով, որ դա այն է, ինչ որ եղել է 1995 թվականին», այսպես է արձագանքել երեկ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ` Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկեւիչսիի հետ համատեղ ասուլիսում արձագանքելով Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալի վերջին հայտարարության մասին հարցին:

Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալը հայտարարել էր, որ իր երկիրը առաջարկել է Ղարաբաղյան խնդրի կարգավորման ճանապարհային քարտեզ, որը, այսպես ասած, փուլային տարբերակն է եւ կրկնում է դեռեւս 90-ական թվականներին շրջանառության մեջ դրված տարբերակը: Պատրաստվո՞ւմ է արդյոք Հայաստանը ներկայացնել սեփական մշակած ճանապարհային քարտեզը:

«95 թվականից մինչ այսօր արդեն 15-17 տարի անցել է, գնացքը գնացել է առաջ, իսկ որոշ մարդիկ Ադրբեջանում մնացել են կայարանում: Կարծում եմ, նրանք պիտի վազեն, որ հասնեն գնացքին, որովհետեւ գնացքը շարժվում է առաջ», նշել է Նալբանդյանը: Նրա խոսքերովՙ միջազգային հանրության կողմից կա ճանապարհային քարտեզ, որը առաջարկվել էր Կազանում, «խոսքը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների մասին է, որոնք առաջարկվել էին եռանախագահող երկրների կողմից»:

Նալբանդյանը հիշեցրել է, որ Դովիլում հենց Կազանի գագաթաժողովից առաջ, Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահները կոչ էին արել կողմերին ընդունել այդ առաջարկները: «Չնայած գիտեք, որ Կազանում հնարավոր չեղավ հաջողություն արձանագրել, որովհետեւ Ադրբեջանը մերժեց այդ առաջարկները»:

Ադրբեջանի կողմից ինչ-որ նոր ճանապարհային քարտեզ առաջարկելու հարցը, ըստ Նալբանդյանի, լուրջ չէ, հատկապես եթե խոսքը 17 տարվա հնության առաջարկի մասին է: «Եթե 17 տարի առաջ այդ առաջարկված քարտեզը ինչ-որ իմաստ ունենար, ապա այն ժամանակ հնարավոր կլիներ առաջ շարժվել դրա հիման վրա: Պետք է ավելի իրատես լինել, լրջորեն մոտենալ միջազգային հանրության առաջարկներին, որոնք արտահայտվում են եռանախագահների միջոցով»:

Նոյեմբերի 14-16-ը Հայաստան պաշտոնական այցով ժամանած լատվիացի նախարարն, իր հերթին, նշելով Նալբանդյանի հետ Իրանի եւ Սիրիայի շուրջն ընթացող զարգացումներին անդրադառնալու կարեւորությունն ու Հայաստանի փորձն այս երկրների հետ շփումներում, ասել է, որ համամիտ է հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելուն այլընտրանքի բացակայությանը` աջակցություն ցուցաբերելով միջազգային կառույցների` այդ հարցում ունեցած դիրքորոշմանը: Իսկ թե կարո՞ղ է Լատվիան ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, Էդգարս Ռինկեւիչսին նշել է, թե ինքն անկախության ճանաչումը չի դիտարկում որպես հակամարտության կարգավորմանը նպաստող երեւույթ, հատկապես մինչեւ բանակցությունների ավարտը:

Լատվիացի դիվանագետը հիշեցրել է նաեւ, որ պաշտոնական Ռիգան քննադատել է մարդասպան Սաֆարովին հերոսացնելու Ադրբեջանի մոտեցումը, շեշտելով, որ այդ հարցում բալթյան բոլոր երկրները միաձայն են խոսում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4