Շուտով տարածաշրջան կայցելեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու ԼՂ հակամարտության կողմերի հետ կքննարկեն «նոր գաղափարներ»: Եթե հաշվի առնենք, որ այդ «նոր գաղափարները» հակամարտ կողմերին Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացրել է դեռեւս հոկտեմբերի 27-ին Փարիզում, ապա նոյեմբերին հակամարտ կողմերը պետք է իրենց պատասխանը տան այդ «նոր գաղափարներին» կամ անեն դրանց վերաբերյալ իրենց առաջարկությունները, եթե այդպիսիք լինեն: Դատելով հանգամանքից, որ Փարիզի հանդիպումից հետո Հայաստանի ԱԳ նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ ընդգծվեց այդ «նոր գաղափարների» առկայությունը, երբ Բաքվում դրանց մասին լռեցին, ավելինՙ մի քանի տեղերից վերստին հնչեցին Մինսկի խմբի աշխատանքի անարդյունավետության եւ դրա ֆորմատի փոփոխության անհրաժեշտության մասին տեսակետներ, ապա կարելի է եզրակացնել, որ համանախագահության առաջարկած «նոր գաղափարները», ինչպես ցույց է տալիս հակամարտության բանակցությունների պատմությունը, հօգուտ Ադրբեջանի չէ, մանավանդ` հայտնի սաֆարովյան իրադարձությունից հետո:
Թվում է, որ պահը «հայանպաստ է», ինչից կարելի է եւ օգտվել, օրինակ, բանակցությունների սեղանի շուրջը Ստեփանակերտին վերադարձնելով: Անշուշտ, ինչպես առաջին նախագահ Տեր-Պետրոսյանն իր նախորդ տարվա հանրահավաքներից մեկում ասաց. «Ղարաբաղին բանակցությունների սեղան վերադարձնելը բավականին դժվարին է», բայց դա դեռ չի նշանակում, թե անհնարին է: Պարզապես անհրաժեշտ է ընդունել, գործածել այնպիսի մեխանիզմ, որի շահագործումից «միջազգային դժգոհություններ» չեն լինի, իսկ որպեսզի այդպես չլինի, անհրաժեշտ է միջազգային պրակտիկայում ընդունված մեխանիզմի կիրառումը ԼՂ հակամարտության մեջ:
Եթե Բաքուն շարունակ հայտարարում է Մինսկի խմբի ֆորմատի փոփոխության մասին` միջնորդական առկա առաքելությանը մեղադրելով անգործության մեջ ու դրանով իսկ հերթական անգամ ցուցաբերելով սեփական «անգրագիտությունը», որի, ինչպես նաեւ Մինսկի խմբի մանդատի հնարավորությունների մասին մեկ անգամ չէ, որ խոսել ենք, ապա Երեւանը կարող է առաջարկել հակամարտության կողմերի ներկայացվածության մակարդակի կամ ձեւի փոփոխություն բանակցություններում:
Օրինակՙ ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը բանակցություններին ներկայանում են ոչ թե նախագահների կամ ԱԳ նախարարների մակարդակով, այլ` հատուկ ներկայացուցիչների, որոնք կունենան դիվանագիտական աստիճան, եւ որոնք պաշտոնապես կներկայացնեն իրենց երկրների շահերն ու հետաքրքրությունները: Այսՙ միջազգային հակամարտությունների բանակցությունների պատմության մեջ բավականին ընդունված տարբերակը կազատի հակամարտ կողմերից Հայաստանի ու Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությանը երբեմն անհարկի ու «իրենց չպատշաճող» հանդիպումներից` այդ պարտականությունը կցելով ներկայացուցիչներին, որոնք, Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչների (ի դեպ) մասնակցությամբ կհանդիպեն այնքան ժամանակ, քանի դեռ պատրաստ չի լինի այսպես կոչված «խաղաղության մեծ պայմանագիրը», ինչը ստորագրելու կամ վերջնական համաձայնեցնելու համար էլ կհանդիպեն արդեն նախագահները: ԼՂ հակամարտության կողմերի` ավելի նվազեցված մակարդակի հանդիպումներին անցնելը կնպաստի կողմերի միջեւ լարվածության որոշակի թոթափմանը, ինչը դրան կոչ անող միջազգային հանրությունը չի կարող չողջունել: Դրանով իսկ նախագահները կամ ԱԳ նախարարները ստիպված չեն լինի պարբերաբար պատասխանել միմյանց հասցեին փոխադարձաբար հնչող մեղադրանքներին, քանի որ իրենք անձամբ բանակցություններում ներառված չեն լինի:
Այժմՙ ԼՂՀ-ի «վերադարձի» մասին: Հայտարարելով բանակցություններում հակամարտ կողմերի ներկայացվածության մակարդակի վերանայման մասին սեփական նախաձեռնությունը` Երեւանը տալիս է նաեւ բանակցություններում իր ներկայացուցչի անունը: Նույն օրը ԼՂՀ-ն, անձամբ նախագահ Բակո Սահակյանը հայտարարում է, որ Ստեփանակերտը եւս, հանդիսանալով հակամարտության հիմնական կողմ, ինչը ոչ ոք, այդ թվումՙ միջազգային հանրությունը, չի հերքում, հայտարարում է բանակցություններում սեփական ներկայացուցչին առաջադրելու մասին, որը, սակայն, նույն անձն է, ով կներկայացնի Երեւանի շահերը:
Այսինքնՙ Ստեփանակերտը եւ Երեւանը բանակցություններում ներկայացնում է միեւնույն անձը, սակայն պաշտոնապես ստանձնելով ինչպես Երեւանի, այնպես էլ Ստեփանակերտի ներկայացուցչի պաշտոնը, այդպիսով ԼՂՀ-ին վերադարձնելով բանակցությունների սեղանի շուրջը: Իսկ հայկական զույգ պետությունները բանակցություններում ներկայացվում են միեւնույն անձով, քանի որ Ստեփանակերտի առանձին ներկայացուցչի հետ Բաքուն այսօր գոնե բանակցությունների չի նստի, ուրիշ հարց, եթե այդ անձը ներկայացնի նաեւ Երեւանին:
Ո՞վ կարող է նա լինել: Բնականաբար այնպիսի մարդ, որը տեղյակ է ղարաբաղյան հակամարտության ու բանակցությունների պատմությանը, որն ինքն անձամբ մասնակից է եղել այդ բանակցություններին, տիրապետում է դրա բոլոր մանրամասնություններին եւ ունի վստահության մեծ պաշար ինչպես Ղարաբաղի, այնպես էլ Հայաստանի բարձրագույն իշխանությունների կողմից:
Թվում է, թե թեկնածուն միակն էՙ Ռոբերտ Քոչարյանը: Ընդ որումՙ նշանակելով Քոչարյանին ԼՂ հարցով Երեւանի պաշտոնական ներկայացուցիչ, հետեւաբար ԼՂ հակամարտության մեջ հայկական շահի կրող ու պաշտպան, նախագահ Սերժ Սարգսյանը կարող է լուծել մի շարք ներքաղաքական հարցեր եւս, օրինակ ցույց տալով, որ երկրորդ նախագահի հետ իրենց հարաբերությունները շարունակում են մնալ լիակատար փոխվստահության պայմաններում, որի առկայությունը ցույց տալու անհրաժեշտություն գործող նախագահը նախընտրական այս փուլում հատկապես ունի: Եվ կամ, եթե երկրորդ ու գործող նախագահների միջեւ իրոք լարվածություն կա, ապա սա թերեւս դրա հաղթահարման ուղիներից մեկը կարող է լինել:
Չմոռանանք նաեւ, որ ի տարբերություն գործող նախագահի, Քոչարյանն ավելի կոշտ քաղաքական գործչի համարում ունի, ինչը, թվում է, ներկա իրավիճակում հենց անհրաժեշտ է ԼՂ հակամարտության բանակցություններում հայկական զույգ կողմերին:
Անշուշտ, այս ամենը դեռ քննարկելիք է, ընդ որումՙ փորձագիտական վերլուծության արժանի, սակայն կարող ենք պնդել, որ սա Ստեփանակերտին բանակցությունների սեղանի շուրջը վերադարձնելու, ինչպես նաեւ Հայաստանի ներքաղաքական դաշտում բազմաթիվ ու կարեւոր հարցերին պատասխանելու, որոշները ցրելու համար առկա ճանապարհներից մեկն է:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ