Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության եւ բարեկարգման վարչության պետի տեղակալ Ֆելիքս Յայլոյանի ներկայացմամբՙ մայրաքաղաքում կատարվել է 2 մլն քմ ընդհանուր ծավալով ասֆալտապատում: Հիմնանորոգվել է 40 փողոց, կատարվել են դիտահորերի, մայթերի նորոգում եւ եզրաքարերի ամրացում: Քաղաքապետարանի բյուջեով շինարարության եւ բարեկարգման վարչությունն իրականացրել է 18,8 մլրդ դրամի շինբարեկարգման աշխատանքներ, 8,8 մլրդ դրամի սահմաններում կատարվել են շինարարության բարեկարգման այլ տեսակի աշխատանքներ:
Ճանապարհաշինական ծրագրերի շրջանակում շարունակվում են Ուլնեցու փողոցից Ռուբինյանց փողոց տանող 2.5 կմ երկարությամբ շրջանցիկ նոր ավտոճանապարհի, ինչպես նաեւ Լենինգրադյան փողոցն Իսակովի պողոտային կապող ավտոմայրուղու կառուցման աշխատանքները:
Ջեռուցման համակարգերով են ապահովվել մայրաքաղաքի բազմաթիվ դպրոցներ, 26 մանկապարտեզ հիմնանորոգվել է: Բարեկարգման ծրագրերով մաքրվել եւ վերանորոգվել են 137 շենքերի ճակատային հատվածներ: Կառուցվել է 12 դաշտ մինի ֆուտբոլի համար:
Հ. Հ.