«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#203, 2012-11-15 | #204, 2012-11-16 | #205, 2012-11-17


ԱԴՐԲԵՋԱՆԱ-ԻՐԱՆԱԿԱՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԱՂԲՅՈՒՐ

Գազայի հատվածի վրա Իսրայելի ռազմական հարձակման հետեւանքով առաջացած իրավիճակը կարող է լարվածության նոր աղբյուր լինել Ադրբեջանի ու Իրանի միջեւ: Իրանը, լինելով Չմիավորվածների շարժման անդամ, իսկ այժմ նաեւ Շարժման նախագահող երկիր, պահանջել է միավորման բոլոր անդամներիցՙ «խզել հարաբերությունները Իսրայելի հետ»: Անցյալ տարվանից Չմիավորվածների շարժման լիիրավ անդամ է նաեւ Ադրբեջանը, հետեւաբար Իսրայելի հետ հարաբերությունները կասեցնելու իրանյան պահանջը վերաբերում է նաեւ Բաքվին (իսկ հաշվի առնելով Ադրբեջանի աշխարհագրական դիրքը Իրանի համար, հատկապես` Բաքվին - Հ. Ա.): Վերջինս, սակայն, հայտնի է Իսրայելի հետ ջերմ հարաբերություններով ու, ըստ որոշ աղբյուրների, հրեական պետության աշխարհաքաղաքական նպատակների իրագործման ճանապարհին Թել Ավիվին օժանդակելու ցանկությամբ:

«Ազգը» մի քանի անգամ անդրադարձել է իսրայելա-ադրբեջանական հարաբերություններին, հարեւան երկրի` Իրանին սահմանակից հարավում Իսրայելի հետախուզական խմբերի առկայության հավանականությանը, ադրբեջանա-իսրայելական հատկապես ռազմական ոլորտում խոր համագործակցությանը եւ Արցախի երկնքում կործանված Իսրայելի արտադրության անօդաչու ռազմական ինքնաթիռին, ինչպես նաեւ Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանիՙ Բաքվի ու այդ քաղաքի հյուրընկալության հանդեպ տածած հատուկ սիրուն: Հետեւաբար, հնարավոր է, որ հասունանում է նոր ադրբեջանա-իրանական լարվածություն, ինչին եթե գումարենք նաեւ Ադրբեջանի ու «նոր» Վրաստանի հարաբերություններում նկատվող որոշակի սառնությունը, ապա կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ Ադրբեջանը խնդիրներ կունենա անխտիր իր բոլոր հարեւանների հետ, հավելյալՙ Կասպից ծովի ավազանում այդ երկրի ունեցած խնդիրները: Իսկ նման պարագայում, երբ շուրջբոլորդ բոլորը մեղավոր են, առաջին մեղավորը ինքդ ես:

Հ. ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4