Շենգավիթի վարչական շրջանի դատախազ Արթուր Դավթյանի հետ համատեղ «Հարսանքարի» գործը այսուհետեւ կպաշտպանի նաեւ ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Արմեն Մարուխյանը: Սա առաջին միջնորդությունն էր, որ երեկ ներկայացվեց Ավան եւ Նոր Նորք շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Այնուհետեւ համաձայն ընթացակարգի հարցաքննվեցին վկաները: Երեկ դատարանը լսեց ռազմական բժիշկ Գարիկ Սողոմոնյանին: Վերջինս հիշում է, որ կռվի հիմնական պատճառն այն է եղել, որ մատուցող Դավիթ Ադամյանի պահանջով հագուստը փոխելուց եւ վերադառնալուց հետո Վահե Ավետյանը հարցրել էՙ «Գլխարկով կարելի՞ է»:
«Էդ պահին աֆիցանտը ագրեսիվ ձեւով ասացՙ «Էդ կայֆավա՞տ ես լինում», Վահեն ասացՙ «Չէ, ախպերսՙ ուղղակի հարցնում եմ»: Էդ ժամանակ աֆիցանտը ասացՙ «Հլը դուրս արի», ասաց Գարիկ Սողոմանյանըՙ հավելելով, որ Վահեն չէր վիճում, հանգիստ էր խոսում:
Գարիկ Սողոմոնյանը հիշում է, որ մատուցող Դավիթ Ադամյանը հարվածել է Վահեի քթին, որից հետո նրան տարել են հաստատության ավտոկայան: Դրանից հետո Նորայր Հայրապետյանը խոսել է վկայի հետ եւ հավելել, որ նկատողություն են արել մատուցողին:
«Իրար հետ խոսելով գնում էինք, ես պատմում էի, թե ինչ է եղել, ու մեկ էլ ռեզկի սկսեցին հարձակվել, մտանք մեջները, ասում էինքՙ մի խփեք: Նորոն եկավ իմ վրա, խփեց, ուշագնաց եղա, հետո չեմ հիշում: Երբ ուշքի եկա, տեսա Վահեն ընկած է, ձեն տվեցիՙ ձեն չէր հանում, գնացի ջուր բերեմ, մատուցողներից մեկը ջուր տվեց: Բայց Վահեն ուշքի չէր գալիս, դրեցինք մեքենայի մեջ, տարանք հիվանդանոց: Վահեն մեկ-մեկ էդ ընթացքում խռխռացնում էր շնչելուց», հիշում է վկան:
Իրենց վրա հարձակվողները ոչ թե 7-ն էին, այլ 20-ը: Երկրորդ վկան էլ է հավաստիացնում, որ ծեծողներն ավելի շատ էին: Վկան հիշում է դատարանում ներկա գտնվող բոլոր ամբաստանյալներին, բացառությամբ Արման Բաղդասարյանի:
Միակ բանը, որ իր համար այդպես էլ մութ ու անհասկանալի մնաց, թե ինչո՞ւ այդ կռիվը սկսվեց ու ի՞նչ եղավ:
«Այդ հարցն ինձ ամեն օր հուզում է ու չեմ կարողանում հասկանալ»:
Սողոմոնյանը պատմեց, որ իրենից ցուցմունք վերցրել են դեպքի հաջորդ օրը, ինքն անգամ ի վիճակի չի եղել ինչ-որ բառ գրելու եւ իր խոսքերը գրի է առել քննիչը: Դատարանում ներկա ամբաստանյալներին Սողոմանյանը տեսել է, բայց նրանցից ով ինչ գործողություն է արելՙ չի կարող ասել:
Հարցաքննությունը մնաց անավարտ, քանի որ ամբաստանյալ Արման Խաչատարյանը վատացավ, եւ դատական նիստը հետաձգվեց: Այն կկայանա նոյեմբերի 20-ին:
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում ԱԺ Հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» համալիրում դաժան ծեծի են ենթարկվել ռազմական բժիշկներ Վահե Ավետյանը, Գարիկ Սողոմանյանը, Արկադի Աղաջանյանն ու Էդգար Նիկոյանը: Վահե Ավետյանը մահացել է, Բայադյանի եւ Սողոմոնյանի առողջությանը միջին ծանրության վնաս է հասցվելՙ առողջության տեւական քայքայումով, իսկ Արկադի Աղաջանյանին եւ Էդգար Նիկոյանին մարմնական վնասվածքներ չեն պատճառվել: Գործով անցնող ամբաստանյալները վեցն ենՙ Գարիկ Մարգարյան, Դավիթ Ադամյան, Արթուր Բաբլոյան, Արման Բաղդասարյան, Արման Խաչատրյան եւ Նորայր Հայրապետյան: Եթե մեղադրանքը հաստատվի, նրանցից յուրաքանչյուրին սպառնում է 15 տարվա ազատազրկում:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ