«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#204, 2012-11-16 | #205, 2012-11-17 | #206, 2012-11-20


«ԵՆԻ ԱԶԱՐԲԱՅՋԱՆՆ» ՈՒ ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Կիրակի օրը Բաքվում մեծ շուքով տոն էր նշվում. «Ենի Ազարբայջան» իշխանական կուսակցությունը նշում էր իր հիմնադրման 20-ամյակը: Բնականաբար, նախագահ Ալիեւը միջոցառմանը ներկա էր, որտեղ ելույթ է ունեցելՙ մասնավորաբար անվանելով «Ադրբեջանի հիմնական թշնամիներին»:

Ուրեմն այսպես, եթե Ադրբեջանի ռազմական դոկտրինում այդ երկրի թիվ մեկ թշնամի է ճանաչված Իրանը (այս երկիրն էլ «տարածքային նկրտումներ» ունի «ադրբեջանական տարածքի հանդեպ` արդեն իսկ «օկուպացրած լինելով ադրբեջանական բնիկ տարածքներ» - Հ. Ա.), ապա նախագահ Ալիեւի հայտարարության համաձայն, Ադրբեջանի թիվ մեկ թշնամին հայկական լոբբին է: Փաստորեն, երկրի նախագահը կամ կուսակից գործընկերներին մոլորեցնում է, կամ պարզապես տեղյակ չէ սեփական երկրի ռազմական դոկտրինից: Ընդ որումՙ Ալիեւը շեշտել է. «Ինքը` Հայաստանը, որպես երկիր ոչ մի նշանակություն չունի: Փաստացի դա արտերկրից ղեկավարվող տարածք է, որը արհեստականորեն ստեղծվել է ադրբեջանական հինավուրց հողերի վրա: Մեր հիմնական թշնամին հայկական լոբբին է»: Այստեղ, ավելորդ համարելով պատմական գիտությունների թեկնածուին հերթական անգամ պատմագիտական տեղեկություններ հաղորդելը, խոսենք բոլորովին այլ բանից` նոր Հայաստանից:

Նոյեմբերի 27-ին Լիբանանի խորհրդարանում ելույթ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Բացի նրանից, որ մերձավորարեւելյան լարված իրադրության համապատկերում ՀՀ նախագահի ելույթը խիստ ուշագրավ կարող է լինել ինքնին, այն հատկանշական է նաեւ այն առումով, որ Լիբանանի ընդդիմությունից «Ապագա» խմբակցության ներկայացուցիչ Խալեդ Զահրամանիմ հայտնել է. «Ներկա կլինենք խորհրդարանի նիստին, որպեսզի լսենք ՀՀ նախագահին, այլ ոչ թե քաղաքական քննարկումներին մասնակցելու համար»: Հետեւաբար ՀՀ նախագահի ելույթը Լիբանանում արդեն իսկ լուրջ հետաքրքրություն առաջացրել է, ինչո՞ւ: Նախագահ Սարգսյանը Բեյրութ կմեկնի արձակուրդից հետո, իսկ արձակուրդից առաջ Փարիզում էր, որտեղ նրան հյուրընկալել էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը` ընդունելով ՀՀ նախագահից եկող տարի պետական այցով Երեւան ժամանելու հրավերը: Այդ հանդիպումից հետո Օլանդը տեղեկացրեց. «ՀՀ նախագահի միջոցով մենք ուղերձներ ենք փոխանցել Իրանին»:

Այս համապատկերում ամենեւին էլ չի բացառվում, ավելին` բնական է, որ ՀՀ նախագահի միջոցով Ֆրանսիան (Արեւմուտքը) ուղերձներ փոխանցած լինի նաեւ Սիրիային ու առհասարակ ողջ արաբական Մերձավոր Արեւելքին, ու նոյեմբերի 27-ին նախագահ Սարգսյանը Լիբանանի խորհրդարանում նաեւ այս ուղերձները պետք է փոխանցի, գուցե նաեւ այս պատճառով էլ Լիբանանի ընդդիմությանը հետաքրքրել է Հայաստանի նախագահի ելույթը:

Նկատենք նաեւ, որ վերջերս Երեւան ժամանած ԵՄ այլ երկրի` Լատվիայի ԱԳ նախարարը բավական հետաքրքրվածություն ցուցաբերեց «Սիրիայի հետ հարաբերություններում Հայաստանի փորձի հետ կապված: Տրամաբանորեն պարոն նախարարը նկատի է ունեցել Սիրիայում հայերի ունեցած դերն ու նշանակությունը, ինչպես նաեւ սիրիական իշխանության ու ընդդիմության հետ հայկական պետության հարաբերությունները: Չմոռանանք նաեւ, որ իսրայելա-պաղեստինյան առկա սրվածության պայմաններում Արաբական Միացյալ Էմիրություններ, այնուհետեւ Քուվեյթ մեկնեց ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանը` չի բացառվում, որ արաբ առաջնորդներին որոշ ուղերձներ փոխանցելու: Այս ամենը հիմք է տալիս եզրակացնելու, որ Հայաստանն այսօր Արեւմուտքի համար (ինչու ոչՙ նաեւ հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերությունների «բարձր որակը» - Հ. Ա.) վերածվել է յուրօրինակ «դիվանագիտական փոխանցողի», որը, սակայն, ու ինչը շատ կարեւոր է` «աշխատում է լուռ», առանց ավելորդ բարձրաձայնումների:

Հիմա, մեղմ ասած, ծիծաղելի են հնչում Իլհամ Ալիեւի ելույթի հետագա կտորները, օրինակ. «Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ առկա անջրպետը տարեցտարի խորանում է հօգուտ մեզ: Ադրբեջանը ուժեղանում է եւ ամրանում, իսկ Հայաստանը տարեցտարի նահանջում է եւ գլորվում», ասել է Իլհամ Ալիեւը:

Այդուհանդերձ` չենք կարող չողջունել հարեւան երկրի ղեկավարի բացառիկ, աննախադեպ անկեղծությունը: Իլհամ Ալիեւը, հայկական լոբբիից հետո ադրբեջանական պետության երկրորդ թշնամի է անվանել «հակամահմեդական կենտրոնների կողմից ուղղորդված հակաադրբեջանական կենտրոններին»: Հիմաՙ ավելի պարզ. մահմեդական աշխարհի առաջնապահ պետություն Իրանը բազմիցս է մեղադրել Ադրբեջանին` հենց ու հատկապես վերջինիս հակամահմեդական քաղաքականության» եւ «Իսրայելի հետ ջերմագույն շփումների» համար: Բաքվում ոչ ոք չի կարող ժխտել Թել Ավիվի հետ սերտ բազմաոլորտ հարաբերությունները, իսկ էլ որտե՞ղ կարող են ստեղծվել կամ էլ որտեղի՞ց կարող են սնվել «հակամահմեդական կենտրոնները», եթե ոչ մահմեդական աշխարհի թիվ մեկ թշնամի Իսրայելից: Չմոռանանք նաեւ, որ հենց ադրբեջանական բարձրագույն իշխանության եթե ոչ թույլտվությամբ, ապա հաստատ գիտությամբ (որոնք Ադրբեջանում նույնն են) այդ երկրում մզկիթներ են քանդվում, մոլլաներ են սպանվում... հետեւաբար եթե ադրբեջանական պետության թիվ երկու թշնամին «հակամահմեդական կենտրոններն են», ապա Իլհամ Ալիեւն ինքը, ստացվում է, իր երկրի «թիվ երկու թշնամին է», ու այս բացառիկ, աննախադեպ անկեղծությունը պետք է ողջունել:

Եվ վերջում պարզապես չենք կարող չանդրադառնալ Ալիեւի հերթական անսանձությունից ծնված հայտարարություններին. «Մենք վարում ենք բանակցություններ, բայց ավելացնում ենք ու ավելացնելու ենք մեր ռազմական ուժը: Ես չեմ կասկածում, որ մենք կվերականգնենք մեր տարածքային ամբողջականությունը, իսկ ԼՂ հիմնահարցը կարող է լուծվել հենց այս սկզբունքի հիման վրա», հայտարարել է Իլհամ Ալիեւը` արժանանալով «Ենի Ազարբայջանի» ողջ պատվիրակների հոտնկայս ծափահարություններին: Ահա այսպիսի Նոր Հայաստան ու «Ենի (նոր) Ազարբայջան»:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4