«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#205, 2012-11-17 | #206, 2012-11-20 | #207, 2012-11-21


ԵՐԲ ՆԵՐՔԵՎՈՒՄ ԵՍ, ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՍ ԲԱՐՁՐԱՆԱԼ, ԻՍԿ ԵՐԲ ՎԵՐԻՆ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆՆԵՐՈՒՄ` ԳԵՐԽՆԴԻՐ Է ԴԱՌՆՈՒՄ ՊԱՀՊԱՆԵԼ ԱՌԱՋԱՏԱՐԻ ԴԻՐՔԵՐԸ

Այսօր բանկային համակարգն ամենաարագ զարգացող ոլորտն է Հայաստանում, ուր կա լուրջ մրցակցություն, որի պայմաններում առաջատարների շարքերում դիրքավորվելը հեշտ չէ: Ընդամենը մի քանի տարվա ընթացքում «Ամերիաբանկը» հիմնավոր տեղ զբաղեցրեց առաջատարիների շարքում եւ այսօր արդեն Հայաստանի ամենաարագ զարգացող բանկերից մեկն է, եթե ոչ ամենաարագ զարգացողը:

«Ազգը» «Ամերիաբանկի» անցած ուղու, հետագա անելիքների եւ անցած ֆինանսական տարվա գնահատականների վերաբերյալ զրուցեց «Ամերիաբանկի» տնօրենության անդամ, գլխավոր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Գեւորգ Թառումյանի հետ.

- Պարոն Թառումյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի բանկային համակարգի համար անցած տարին:

- Անցած տարին` 2011-ը, բավական հաջող տարի էր բանկային համակարգի համար, քանի որ բոլոր հիմնական ցուցանիշներով աճ է գրանցվել: Սա թերեւս եղել է ֆինանսատնտեսական համաշխարհային ճգնաժամից հետո ամենահաջող տարին ՀՀ բանկերի համար: Բանկային համակարգի ընդհանուր ակտիվներն աճել են 32 տոկոսով, ինչը բավականին բարձր ցուցանիշ է, պարտավորությունները` 35 տոկոսով, ընդհանուր կապիտալը` 12 տոկոսով: Սրանք բավական լուրջ ցուցանիշներ են, եւ շատ հազվադեպ երկրներ են կարողացել նման աճ գրանցել: Միակ բացասական բանը, որ կարող եմ նշել` բանկային համակարգը ներկայացնող հիմնական ցուցանիշների աճի տեմպերում, դա եղել է չաշխատող վարկերի տեսակարար կշռի աճը վարկային պորտֆելում, եւ եթե նայենք վերջին հինգ տարվա վիճակագրությունը, այն ամենաբարձրն է` մոտ 5 տոկոս ողջ բանկային համակարգում: Մնացած ցուցանիշներով անցած տարին շատ դրական կարելի է գնահատել:

- Իսկ ինչո՞վ եք Դուք պայմանավորում այդ աճը. առանձին բանկերի կառավարմա՞մբ, թե՞ առհասարակ երկրում վարվող բանկային քաղաքականությամբ:

- Ինձ թվում էՙ սա պայմանավորված է ոչ միայն բանկերով, այլ նաեւ տնտեսության իրական հատվածի իրավիճակով, որովհետեւ ճգնաժամից հետո տնտեսվարող սուբյեկտներն ու բանկերն արագ ճշգրտման որոշակի գործողություններ իրականացրին, որպեսզի խնդիրներ չառաջանան, եւ հնարավոր եղավ զսպել ռիսկերը: Սակայն երբ նորից տնտեսության վիճակը լավացավ ու մրցակցությունն ուժեղացավ, բանկերը թերեւս ավելի մեծացրին իրենց ռիսկերի ախորժակը, որի հետեւանքով չաշխատող վարկերի տեսակարար կշիռը վարկային պորտֆելում աճեց: Բայց սա ես համարում եմ նորմալ երեւույթ, որովհետեւ բանկային բիզնեսն ինքնին համարվում է նաեւ ռիսկային բիզնես:

- Իսկ մեր ֆինանսական համակարգին սպառնացող ռիսկեր տեսնո՞ւմ եք:

- Նախ նշեմ, որ Հայաստանի ֆինանսական համակարգին բնորոշ են այն բոլոր ռիսկերը, որոնք առկա են այլ ֆինանսական համակարգերում: Հիմնական խնդիրը, որի մասին ես արդեն ասացի, չաշխատող վարկերն են, այսինքնՙ վարկային ռիսկը, երկրորդ մեծ խնդիրը, որ ես կուզենայի նշել, կապիտալի համարժեքության խնդիրն է, որովհետեւ եթե մենք նայենք վերջին 3-4 տարվա դինամիկան, բանկային համակարգի կապիտալի համարժեքության նորմատիվները նվազել են գրեթե բոլոր բանկերում: Դա երկու պատճառ ունի, առաջին պատճառն այն է, որ 2010-ին խստացվեցին նորմատիվի պահանջները, միեւնույն ժամանակ անցյալ տարի վարկային ներդրումներն աճեցին 37 տոկոսով, այն դեպքում, երբ, ինչպես արդեն նշեցի, կապիտալի աճը կազմել է 12 տոկոս:

Երրորդ խնդիրը, որ կցանկանայի նշել, շուկայական ռիսկերն են, որոնց մասին գրեթե չեն խոսում, բայց շուկայական ռիսկերը նորից շատ ազդու են բանկային համակարգի համար, երկու պատճառով, առաջինը, որ այնտեղ ներառված է նաեւ արտարժութային ռիսկը, վերջինիս նկատմամբ, ինչպես գիտենք, շատ զգայուն են թե՛ բանկերը եւ թե՛ բնակչությունը: Երկրորդ պատճառը տոկոսային ռիսկն է, որի մասին էլ այսօր գրեթե չեն խոսում, բայց տոկոսային ռիսկն իրականում արդի բանկային եւ ֆինանսական շուկայում բավական մեծ տեսակարար կշիռ ունի ռիսկերի կազմում: Սրա պատճառներից մեկն այն է, որ այսօր մեր բանկային համակարգում պարտավորությունները կարճաժամկետ են, ինչպես նաեւ բավական մեծ են արտաքին աղբյուրներից ներգրավված միջոցները: Վերջիններս հիմնականում միջազգային ֆինանսական կազմակերպություններից են, ու այս միջոցները մեծ մասամբ փոփոխվող տոկոսադրույք ունեն: Այս պարագայում ռիսկերի կառավարումն արդեն շատ բանով կախված է բանկի մենեջմենթի ունակություններից:

- Պարո՛ն Թառումյան, կոնկրետ Ձեր բանկը ի՞նչ դիրքեր է զբաղեցնում Հայաստանի բանկային համակարգում եւ 2012-ի 9 ամիսներին «Ամերիաբանկը» ի՞նչ արդյունքներ արձանագրեց:

- Սկսեմ առաջին հարցից: «Ամերիաբանկը» բավական հետաքրքրական վարքագիծ դրսեւորեց անցած 3-4 տարիներին: Եթե համեմատենք 2007-ի հետ, հիմնական ցուցանիշներով «Ամերիաբանկը» եղել է վերջին հնգյակի մեջ, օրինակՙ հինգ տարի առաջ կապիտալով մենք 21-րդ տեղում էինք, իսկ եթե այսօրվա ցուցանիշներով նայենք, մենք երկրորդ տեղում ենք: Այսինքնՙ 4 տարվա մեջ մենք բավականին արագ ու դինամիկ ենք աճել: Այս մասին են վկայում մեր այսօրվա ցուցանիշները: Օրինակՙ շահույթը, եթե համեմատենք այս տարվա 9 ամիսները նախորդ տարվա 9 ամիսների հետ, մոտ 60 տոկոս աճ ենք ունեցել: Ակտիվներն աճել են 20 տոկոսով, պարտավորությունները` 24 տոկոսով, այսինքն` հիմնական ցուցանիշներով բավականին բարձր ու արագ աճի տեմպեր ենք գրանցել, ընդ որումՙ գրեթե բոլոր ցուցանիշներով մենք ՀՀ բանկային համակարգից ավելի արագ ենք աճել: Բայց այս աճն, ինչ խոսք, ինքնանպատակ չէ: Մեզ մոտ, օրինակ այս տարվա ընթացքում իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդների թվաքանակն աճել է 10 տոկոսով, ֆիզիկական անձ հաճախորդներինը` 20 տոկոսով: Սա բավականին լուրջ ցուցանիշ է մեզ համար եւ լավ գնահատական է մեր գործունեությանը, վստահության ամենամեծ ցուցանիշը:

- Ի՞նչ ծրագրեր եւ հետաքրքրական նախագծեր ունի բանկը եկող տարվա համար:

- Անակնկալներ իհարկե լինելու են, նկատի ունեմ ե՛ւ նոր ծառայությունների տեսքով, ե՛ւ ակցիաների տեսքով: Ես հիմա չեմ կարող մանրամասնել, այլապես դրանք կդադարեն անակնկալ լինելուց: Ասեմ, որ մենք բավականին հետաքրքրական վերլուծություն վերջերս իրականացրինք, որպեսզի հասկանանք, թե որտեղ ենք լինելու` աշխարհագրական տարածվածությամբ հաջորդ տարում: Կարող եմ ասել, որ մենք նախատեսում ենք 3 մասնաճյուղ բացել, այդ թվում եւ շրջաններում: Ի դեպ, մենք բավական հետաքրքրական վերլուծություն ունենք նաեւ մարզերի զարգացման ցուցանիշների եւ նրանց տնտեսական զարգացման առանձնահատկությունների հետ կապված:

Մենք ունենք նաեւ կանխատեսումներ բանկային համակարգի աճի համար, ըստ այդմ մենք կանխատեսում ենք Հայաստանի բանկային համակարգի 15-20 տոկոս աճ հաջորդ տարի: Իսկ այս համատեքստում մենք առնվազն 20 տոկոս աճ պետք է արձանագրենք, որպեսզի մեր զբաղեցրած առաջատարի դիրքերը չզիջենք: Երբ ներքեւում ես լինում, ցանկանում ես բարձրանալ, իսկ երբ վերին հորիզոնականներում ես` գերխնդիր է դառնում պահպանել առաջատարի դիրքերը` մեր պարագայում բանկային ոլորտում, որը, ինչպես հայտնի է, Հայաստանի տնտեսության ամենամրցակցային ոլորտն է:

Հարցազրույցըՙ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆԻ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4