«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#206, 2012-11-20 | #207, 2012-11-21 | #208, 2012-11-22


ՀԱԿ-Ի ՆԱԽԱՁԵՌՆԱԾ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ ՀՀԿ-Ն ՏԱՊԱԼԵՑ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ստորագրահավաքով նախաձեռնած արտահերթ նիստը, որին միացել էին ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը», պետք է քննարկեր Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ՀԱԿ-ի փաթեթը, չկայացավ, քանի որ մեծամասնությունը չէր ներկայացել եւ անհրաժեշտ քվորում (66 ձայն) չապահովվեց: Նիստի ղեկավարման վահանակում էին ԱԺ ՀՀԿ-ական փոխխոսնակներ Էդուարդ Շարմազանովն ու Հերմինե Նաղդալյանը: Գրանցվել էին ստորագրահավաքին մասնակցած 48 պատգամավորներից 44-ը, ԲՀԿ առաջնորդն ու եւս երեք պատգամավոր նախաձեռնողներից բացակա էին: Նիստին ՕԵԿ-ից առհասարակ պատգամավոր չէր ներկայացել: Բնականաբար` նիստից հետո խմբակցությունների ներկայացուցիչները մի բոլ արտահայտվեցին լրագրողների տեսասարքերի եւ ձայնագրիչների մոտ:

ՀԱԿ-ից Լեւոն Զուրաբյանն իր տարերքի մեջ էր, թեՙ ՀՀԿ-ն բռնաբարեց սահմանադրությունը` բոյկոտելով իրենց նախաձեռնությունը, սա ցույց է տալիս ՀՀԿ-ի արհամարհանքը սահմանադրության նկատմամբ, որի 70-րդ հոդվածով փոքրամասնությունն իրավունք ունի արտահերթ նիստ հրավիրելու` եզրակացնելով, որ մեծամասնությունը պատրաստ չէ Հայաստանում անցկացնելու ազատ-արդար ընտրություններ: Ու ընդդիմությունը պետք է հետագա քայլեր մշակի: Բայց երբ նրան հարցրին նախաձեռնողներից 4 պատգամավորի ու հատկապես ԲՀԿ առաջնորդի բացակայության մասին, նշելով, թե գուցե Ծառուկյանն էլ ԲՀԿ բոյկոտի մասնակից է, Զուրաբյանը հարցով հակադարձեց. «Ինքը նման հայտարարություն արե՞լ է, իրեն դիմեք այդ հարցով»:

ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը, հակադարձելով մեծամասնության այն հակափաստարկներին, թե այս նախաձեռնությունը ժամանակավրեպ է, նշեց, որ ցանկացած առիթ ժամանակին է, շուտ կամ ու ուշ չի լինում, եթե ընտրություններից մեկ կամ մեկուկես ամիս առաջ կա քաղաքական ուժերը կոնսոլիդացնելու հնարավորություն, որպեսզի քաղաքական լրջագույն խնդիրների վերաբերյալ հանդես գան մեկ միասնական դիրքորոշմամբ, ապա այդ հնարավորությունը պիտի օգտագործել:

Որեւէ մեկը, ըստ նրա, մեծամասնությանը չէր խանգարում գալ, չտապալել արտահերթ նիստը եւ ներկայացնել իր հիմնավորումները, քանի որ հենց խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ մեծամասնական ընտրակարգը չի արդարացնում իրեն. «Թող գային եւ իրենց երկաթյա եւ ամուր արգումենտները հերթական անգամ ներկայացնեին»:

ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանը որակեց, որ, ինչպես միշտ հայավարի-տնավարի բան է կատարել մեծամասնությունը, այդպիսով ամբողջ աշխարհին հայտարարելով, որ Հայաստանում կա անպատասխանատու մեծամասնություն: Մինչդեռ մեծամասնությունը պետք է առաջին հերթին օրինակ ծառայի սահմանադրության ոգին ու տառը կատարելու առումով, այնպես որ տեղի ունեցածը շատ ավելի մեծ հարված է իշխանություններին: Ընդդիմության հետագա քայլերի առումով նշեց, թե քանի որ տեղի ունեցածում Էթիկայի խախտումն ակնհայտ է, դիմելու են էթիկայի հանձնաժողով եւ խնդիր բարձրացնեն: Որովհետեւ սահմանադրության դրույթը հենց նրա համար է, որ պատգամավորների մեկ երրորդը կարողանա հարց բերել օրակարգ, նախագահությունն էլ պարտավոր էր նիստը գումարել, միջոցներ ձեռնարկել քվորում ապահովելու: Բայց բոյկոտը նույնպես քաղաքական ձեւ չէ՞, հետաքրքրվեց «Ազգը». «Սա բոյկոտ չէ: Բոյկոտ է, երբ քվեարկությունից առաջ հայտարարում են, որ չեն մասնակցում քվեարկությանը: Եթե նույնացնում են քվեարկությունը գրանցման հետ` դա այդպես չէ», ասաց:

Բոլոր այս արգումենտներին լրագրողների հետ զրույցում պատասխանեցին ՀՀԿ-ականներ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ու ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը . «Ընդամենը մենք անիմաստության դաշտ չենք մտնում, մենք էն վիրաբույժները չենք, որ վերակենդանացնենք ՀԱԿ-ին: Գիտեմ` էսօր կասեն հակասահմանադրական է, վաղն էլ գիտեմ ինչ են ասելու, մյուս օրն էլ, գիտեմ` եթե մասնակցեինք, ի՞նչ պիտի ասեին: Իրենց տվայտանքները, որ իրենք օրենքի նախագիծ են կոչում, մարդիկ արել են, որպեսզի ակտիվանան, կենդանանան: Շնչի, թթվածնի պակաս ունեն, մտածում են` սա էն ելքն է, որով կարողանան առաջ շարժվել` խոսքը ՀԱԿ-ին է վերաբերում: Մյուսներն էլ, դե ընդդիմադիր կեցվածք ունեին, բնական եմ համարում, որ պետք է մասնակցեին», ասաց Գ. Սահակյանը: Հակահարցին, թե երկու երրորդը միշտ էլ մեկ երրորդին թույլ չի տալու խնդիր լուծել, ՀՀԿ խմբակցության ղեկավարը հակադարձեց, թե երկու երրորդն է քաղաքական պատասխանատվություն վերցրել, ու բան փոխելու համար հինգ տարին մեկ ընտրություններ կան, ժողովուրդն է որոշում, եւ ոչ թե մի քանի կուսակցություն: Էթիկայի հանձնաժողով դիմելու խնդրին էլ ի պատասխան նշեց, թե ըստ Սահմանադրության եւ ԱԺ կանոնակարգ-օրենքի` պատգամավորն ինքը կարող է որոշել` կգրանցվի՞, չի գրանցվի՞, կամ կքվեարկի, թեՙ ոչ. պատգամավորի հաճախումները բացասական են համարվում, երբ քվեարկությունների կեսից ավելին նա բացակայել է. «Եթե մեզ պիտի մեղադրեն հակասահմանադրականության մեջ` մենք մեղադրանքների ճանապարհով չենք գնում: ՀՀԿ-ի համար այդ որոշումն ենք ունեցել: Արհամարհելու որեւէ խնդիր չունենք, յուրաքանչյուր քաղաքական ուժ իր ոտքերի գյորա պետք է յորղանին մոտենա: Էդքան ուժով պետք է արդյունքներ գրանցի: Էն քաղաքական թիմը չենք, որ վերակենդանացման պրոցեսի պետք է մասնակցենք: Չեմ կարծում, որ պետք է վերակենդանացնեինք ՀԱԿ-ը, ու դրանով կփայլեր ՀԱԿ-ը, եւ մեր պետության բոլոր խնդիրները կլուծվեին»: Ասաց , որ ընտրական օրենսգրքի փոփոխությունները երկար պրոցես են, ու քանի որ դա հաշվի չեն առել նախաձեռնողները, ուրեմն մտքներին ոչ թե այդ փոփոխություններն են եղել, այլ որ ամբիոն ունենան. «Եվ մի քիչ էլ ցուրտ է, ոչ թե գնան ժողովրդի մոտ, տաք տեղից ամբիոնից են ուզում խոսեն, սոցիալական ցանցերով, հեռուստացույցով, իբրեւ թե գործ ենք անում, ընտրությունների ենք նախապատրաստվում: Մենք ձեր ժամանակը չունենք, մեր բոլոր քաղաքական գործիչները, պատգամավորները զբաղված են եւ իրենց գործն են կատարում, առավել եւս` երկու ընտրատարածքում դեկտեմբերի 2-ին ընտրություններ են, երկուսում էլ թեկնածուներ ունենք: Մեր գործը չենք թողնելու ու որ մեկը մտածում է մի երկու բառ ավել ամբիոնից խոսի` նստենք նրա հետ»:

Է. Շարմազանովն էլ իր կողմից նշեց, որ ՀՀԿ-ի արածը քաղաքական բոյկոտ է, եւ դա էլ քաղաքական պայքարի ձեւ է:

Հ. Գ. - Նշենք, որ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը «Չորրորդ ինքնիշխանություն» թերթում (եւ ոչ թե «Հայկական ժամանակում»), կանխատեսելով տեղի ունենալիքը` ընդդիմությանը կոչ էր արել հետագա քայլով դիմել Սահմանադրական դատարան:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4