«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#207, 2012-11-21 | #208, 2012-11-22 | #209, 2012-11-23


ԻՆՉՈ՞Ւ Է ԲԱՔՈՒՆ ԴԵՄ ՂԱՐԱԲԱՂԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻՆ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի պատասխանը ադրբեջանցի լրագրողի հարցին` Ղարաբաղում շահագործման պատրաստվող օդանավակայանի վերաբերյալ, ինչպես ադրբեջանական լրատվամիջոցներն իրենք են ընդունում` «մեծ խառնաշփոթ է առաջացրել» հարեւան երկրում: Զանիերն ընդամենը ասել է. «Ես գիտեմ, որ դա վիճելի հարց է (օդանավակայանի շահագործումը-Հ. Ա.), որը պետք է քննարկել: Իմ գլխավոր անհանգստությունը անվտանգությունն է: Այս տարվա հուլիսին, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանում էին, նրանք կողմերից հավաստիացումներ են ստացել, որ վերջիններս քաղաքացիական ինքնաթիռներին չեն սպառնալու եւ այս հարցով զբաղվելու են դիվանագիտական ճանապարհով` առանց հարցը քաղաքականացնելու: Իսկ կողմերի այս հանձնառության կատարումը անհրաժեշտություն է»:

Զանիերի հարցազրույցի այլ դրվագներին անդրադարձել էինք երեկվա համարում, իսկ որ սեփական հանձնառությունների հիշեցումը կարող է «խառնաշփոթ առաջացնել Բաքվում», դա չգիտեինք: Թերեւս այս պատճառով երեկ Ադրբեջանում մի շարք քաղաքագետներ ու փորձագետներ իրենց կարծիքն են հայտնել ղարաբաղյան օդանավակայանի հետ կապված, իսկ մինչ այդ ռուս քաղաքագետ Գիյա Բորիսովը հարցի առնչությամբ ասել էր. «Եթե Ղարաբաղում օդանավակայանը շահագործվի, ապա այնտեղ արագորեն կարող են տեղափոխվել խաղաղապահ ուժերն ու նրանց ռազմական զորաբաժինները: Ավելին, չի բացառվում, որ Ղարաբաղում հենց այս նպատակով է օդանավակայան կառուցվել»: Ահա թե ինչ. եթե մի պահ ընդունենք, որ Բորիսովն իրավացի է, եւ Ղարաբաղում օդանավակայան է կառուցվել, որպեսզի այնտեղ շատ արագ տեղափոխվեն միջազգային խաղաղապահ ուժերը, ինչը, ընդգծենք, ԼՂ բանակցութունների այսօրվա սեղանին դրված մադրիդյան սկզբունքների նորմ է, ապա ստացվում է, որ Բաքուն, դեմ լինելով ղարաբաղյան օդանավակայանին, դեմ է ԼՂ-ում խաղաղապահների հայտնվելուն: Սակայն կոնստրուկտիվ քաղաքականության հիմնադրամի տնօրեն Աբդուլ Նագիեւը Vesti.az-ին հայտնել է, որ ինքը համաձայն չէ Գիյա Բորիսովի հետ, քանի որ. «Նախՙ խաղաղապահ ուժերի տեղակայումը Ղարաբաղում քննարկվում էր դեռեւս 1994-ին, Բիշքեկի հրադադարի կնքումից անմիջապես հետո: Ադրբեջանն այն ժամանակ դեմ էր, որ Ղարաբաղում տեղակայվեն խաղաղապահներ` Մինսկի խմբի համանախագահ երկրներից: Այդ ժամանակ Ադրբեջանի հիմնական անհանգստությունն այն էր, որ դրանով Բաքուն կկորցնի իր ինքնուրույնությունը, իսկ հիմա, 18 տարի անց, Ադրբեջանի ինքնուրույնության կորուստը հնչում է որպես հռետորաբանություն»: Փաստորեն Նագիեւը եւս չի հերքում, որ Ադրբեջանը հակամարտության գոտում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայումը համարել է սեփական ինքնուրույնությանը վնասող, ինչից կարելի է եզրակացնել, որ Բաքուն շարունակում է մնալ նույն դիրքորոշմանը, չնայած Աբդուլ Նագիեւը Ադրբեջանի ինքնուրույնության կորուստն այլեւս համարում է հռետորաբանություն, հետեւաբար` հռետորներ է անվանում ադրբեջանական բարձր ղեկավարությանը:

Մյուս կողմից Նագիեւը ընդգծել էր, որ ԱՄՆ-ը չի համաձայնի ռուսական խաղաղապահների կողքին սեփական խաղաղապահներ ունենալ, քանի որ «Վաշինգտոնը շատ լավ հասկանում է, որ Ռուսաստանի հետ համատեղ խաղաղապահ առաքելությունը ԼՂ-ում, ընդամենը կավելացնի ռուսական ազդեցության մակարդակը տարածաշրջանում»: Այդուհանդերձ Նագիեւն ընդունել է, որ խաղաղապահների մուտքը տարածաշրջան անխուսափելի է. «Կարծում եմ, հիմնահարցի լուծումն արդեն իսկ ենթադրում է խաղաղապահների ներկայություն», ասել է Նագիեւը:

Կոնկրետ ռուս խաղաղապահների ներկայությունը չի ցանկանում «Հանդուրժողականություն» հետազոտական կենտրոնի ղեկավար Ազեր Ռաշիդօղլուն , քանի որ. «Ղարաբաղում օդանավակայանի բացումից անմիջապես հետո ռուսներն իրենց խաղաղապահ ստորաբաժանումները կուղարկեն այնտեղ, ինչից հետո Ադրբեջանի համար հնարավոր չի լինել վերադարձնել Ղարաբաղը», ասել է փորձագետը: Իսկ Ադրբեջանում «հավերժ խորհրդական» Վաֆա Գուլուզադեն ընդգծել է, որ Ղարաբաղում օդանավակայանի շահագործումը կնշանակի «Հայաստանի կողմից ռազմական գործողությունների մեկնարկ»:

Գուլուզադեն սրանից հետո ասել է. «Եթե օդանավակայանի շահագործումը Բաքուն թույլ տա, ուրեմն պետք կլինի նաեւ ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»: Փաստորեն, ըստ Գուլուզադեի, «Հայաստանի կողմից ռազմական գործողությունների մեկնարկի» պարագայում Բաքուն պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը...

Վերլուծաբան Զարդուշտ Ալիզադեն երկու տարբերակ է առաջարկել, եթե Ղարաբաղում օդանավակայանը շահագործվի. «Մենք կամ պետք է հարվածենք քաղաքացիական ինքնաթիռները` դրանով իսկ հարուցելով այլ պետությունների զայրույթը կամ պետք է համբերենք ու սպասենք, որ հիշյալ օդանավակայանը ինքը կործանվի»: Այնուհետեւ Ալիզադեն, ինչպես ադրբեջանական լրատվամիջոցն է ընդգծում` հեգնանքով ընդգծել է. «Սակայն Ղարաբաղում օդանավակայանի բացումը կարող է եւ դրական ազդեցություն ունենալ Բաքվի համար: Մենք կարող ենք հայերին մեղադրել ոչ միային հողային, այլեւ օդային իրավունքների խաթարման մեջ»:

Թողնենք, որ հարգարժան Ալիզադեի հեգնանքը ադրբեջանական լսարանն ինքը հասկանա, իսկ մենք եզրակացնենք, որ Բաքուն փաստորեն դեմ է Ղարաբաղում օդանավակայանի շահագործմանը, քանի որ դեմ է միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայմանը հակամարտության գոտում: Ընդ որում, որեւէ մեկը չի նշել, թե խաղաղապահ ուժերը որ երկրից կամ երկրներից են լինելու: Ավելին, որեւէ մեկը չի պնդել, թե այդ ուժերը լինելու են բացառապես Ռուսաստանից: Իսկ եթե Բաքուն դեմ է սրան, ուրեմն դեմ է մադրիդյան սկզբունքներին, քանի որ միջազգային խաղաղապահ ուժերի զորաբաժնի տեղակայումը հակամարտության գոտում հենց այդ սկզբունքների մեջ է ամրագրված: Սկզբունքներ, որոնցից եթե մեկ նորմ չես ընդունում, ուրեմն չես ընդունում ողջ փաթեթը: Թերեւս սա էլ դասենք այն ապացույցների շարքին, թե ո՞ր կողմն է դեմ միջնորդների առաջարկությանը, հետեւաբար ո՞ր կողմն է ձգձգում բանակցությունների ընթացքը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4