Գուգարաց թեմում անցած 15 տարիների ընթացքում կառուցվել, վերանորոգվել եւ վերակառուցվել են 34 եկեղեցիներ (9 նորակառույց, 25 վերանորոգված եւ վերակառուցված): Ներկայումս թեմում կանոնավոր ծառայություն է մատուցվում գործող 39 եկեղեցիներում: Այս տարի Լոռու մարզում վերաօծվածՙ Մեծ Պարնի, Չկալով եւ Ձորագյուղ համայնքների եկեղեցիներին հաջորդեց Սուրբ Վարդան Զորավար եկեղեցու վերաօծումը Վանաձորում:
Վանաձորի Սուրբ Վարդան Զորավար եկեղեցին գտնվում է քաղաքի Խնձորուտ թաղամասումՙ Տանձուտ գետի աջ ափին, գերեզմանոցի հարավային մասում: Սրբավայրը կառուցվել է 7-9-րդ դարերում, իսկ խորհրդային շրջանում ծառայել է որպես պահեստ: 1857 թ. եկեղեցին վերակառուցվել է, սակայն 1988 թ. Սպիտակի աղետալի երկրաշարժի հետեւանքով այն կրկին դարձել էր վթարային: Տեւական ժամանակ եկեղեցին մնացել էր խոնարհված ու լքված:
Եկեղեցին անդառնալի կորստից փրկելու, սկզբնական նպատակին ծառայեցնելու եւ սրբազան արարողություններ կատարելու նպատակով, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի օրհնությամբ եւ հիմնադիր բարերարներ Մարտուն եւ Արեն Աղաբաբյանների նախաձեռնությամբ ու բարեպաշտ հավատացյալների աջակցությամբ այս տարի վերանորոգվեց: Հուլիսի 7-ին, ձեռամբ թեմակալ առաջնորդի, եկեղեցին օծվեց, նորակառույց զանգակատան տանիքին տեղադրվեց եկեղեցու բարձրադիր խաչ: Տարածքը բարեկարգվեց, գոյություն ունեցող պատմական խաչքարերն առանձնահատուկ բծախնդրությամբ տեղադրվեցին եկեղեցու շրջակայքում, եւ եկեղեցին ուխտավայրին վայել տեսք ստացավ:
Երեկ թեմակալ առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի ձեռամբ եւ թեմի հոգեւոր դասի մասնակցությամբ, օծվեցին սուրբ սեղանը, խորանը եւ մկրտության սուրբ ավազանը: Արարողության ավարտին նորաօծ եկեղեցում պատարագ մատուցեց Ներսես քահանա Ղալայանը` մասնակցությամբ հոգեւոր հովիվներ Օհան, Վահան եւ Սողոմոն քահանա հայրերի: Արարողությանը մասնակցում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, գնդապետ Անուբաղ Համբարյանը եւ ուրիշներ:
Արարողության ավարտին սրբազան հայրն օրհնեց եկեղեցու վերակառուցման նախաձեռնողներ Մարտուն եւ Արեն Աղաբաբյաններին ու բարեպաշտ հավատացյալներին` շնորհավորելով աղոթավայրի վերաօծման առթիվ, եւ առ ի երախտագիտություն` օրհնության գիր հանձնեց բարերարներին` նվիրելով հայկական մանրանկար:
Սրբազան հայրը շնորհակալական խոսք ասաց եկեղեցու շինարարական աշխատանքներին իրենց նյութական ու բարոյական աջակցությունը ցուցաբերած բոլոր ազնիվ հայրենակիցներին, այդ թվումՙ նաեւ եկեղեցուն սրբապատկերներ նվիրաբերած անձանց` Ա. Նալբանդյանին, Ս. Դարբինյանին, Ռոբերտ Ավալյանին, Արեն Աղաբաբյանին, Արմեն Վարդումյանին, Արմեն Պետունցին, Արամ Հախինյանին, Վահե Դոխոյանին, Արթուր Ղալայանին, Արմեն Վարդումյանին, ռուսաստանաբնակ Խաչատուր Սարգսյանին եւ նրանց ընտանիքներին:
Հավարտ սուրբ պատարագի` մասնակիցներին բարերարների կողմից մատուցվեց երախտիքի ու գոհության մատաղ:
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ, Վանաձոր