ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ
Կա կարծիք, թե Իլհամ Ալիեւը իր հայտարարությունների զգալի մասն ուղղում է այսպես կոչված ներքին լսարանին: Ընդ որում դրանք լինում են ծայրահեղ հայրենասիրական, անգամ խիստ ազգայնամոլական: Տրամաբանորեն նման ելույթներն ու հայտարարությունները Ալիեւն անում է ներադրբեջանական որեւէ միջոցառման ժամանակ, որին միջազգային մամուլը քիչ ուշադրություն է դարձնում, հետեւաբար Ալիեւը, այդ հայտարարություններն անելիս, պարտավորված չէ միջազգային լսարանին դուր գալ: Որպես նման ելույթ կարելի է որակել Ալիեւի խոսքը «Ենի Ազարբայջան» կուսակցության 20-ամյակի միջոցառմանը, որին «Ազգը» արդեն անդրադարձել է: Հարեւան երկրի նախագահի այդ ելույթից միջազգային շահագրգիռ լսարանն էլ բավական «զարմանահրաշ նրբություններ» ձեռք կբերեր, սակայն, ինչպես վերը նշեցինք, արտասահմանյան մամուլը ներադրբեջանական միջոցառումներին քիչ է անդրադառնում:
Այնուամենայնիվ, այդ ելույթը, պարզվում է, Ալիեւն ուղղել է նաեւ միջազգային լսարանին: Հիշեցնենք, որ իշխող «Ենի Ազարբայջան» կուսակցության միջոցառմանն ունեցած ելույթում Ադրբեջանի նախագահը տալիս է Ադրբեջանի երկու թշնամիների անունները, մեկը` հայկական լոբբին, երկրորդը` «հակամահմեդական կենտրոններից սնվող հակաադրբեջանական կենտրոնները»: Եվ ահա, հավանաբար տեսնելով, որ իր այս ելույթը միջազգային մամուլում լայնորեն չի լուսաբանվում, Ալիեւը որոշել է դրանից որոշ կտորներ տեղադրել Twitter սոցիալական ցանցի իր բլոգում... արդյունքն իրեն երկար սպասեցնել չի տվել, ընդ որում, եթե միջազգային քաղաքական հանրությունը շարունակում է իրերն իրենց անուններով չանվանել ու պահպանել դիվանագիտական կոռեկտությունը` հավասարության նշան դնելով Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, ապա միջազգային սոցիալական հանրույթը որեւէ կաշկանդվածություն չունի ասելու Ալիեւին այն, ինչ մտածում են իր ու իր երկրի մասին:
Բայց նախ Twitter-ում հարեւան երկրի նախագահը մեջբերում է վերոհիշյալ միջոցառմանն իր ելույթից հետեւյալ մասը. «Հայաստանն առանց արժեքների երկիր է»: Մի շարք միջազգային լրատվամիջոցներ` անվանելով այս հայտարաությունը «Ալիեւի հերթական գլուխգործոց», ծիծաղելի են որակել այն. «Առնվազն ծիծաղելի է, երբ մի երկրի նախագահը սոցիալական ցանցում կարող է մեկ այլ երկրին վիրավորել»: Այս առումով հանրահայտ Foreign Policy-ն գրում է. «Ի՞նչ նմանություններ կան Ադրբեջանի, Էստոնիայի ու Ռուանդայի նախագահների միջեւ. նրանք երեքն էլ սիրում են առիթ փնտրել սոցիալական ցանցերում վիճաբանելու համար»: Մեկ այլ հանրահայտ լրատվամիջոց Reuters-ը նկատում է. «Ալիեւն ու նրա կառավարությունը փորձում են ավելացնել իրենց ներկայությունը համացանցում, որտեղ ադրբեջանցի այլախոհ բլոգերները եւ հայկական սփյուռքի ներկայացուցիչները, որոնց Ալիեւն անվանել է իր երկրի թիվ մեկ թշնամի, պարբերաբար հանդես են գալիս Ադրբեջանում մարդու իրավունքների թեմայի հայտարարություններով»: Սակայն Ալիեւին հեգնելու առումով ամենից առաջ գնացել է GlobalPost լրատվականըՙ մասնավորաբար գրելով. «Ալիեւը գրում է, ու դա նշված է նաեւ Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջում, թե այդ երկրում կան բոլոր ազատությունները` խոսքի, խղճի, մամուլի, համացանցի: Ինչպիսի՜ ամոթ. այդ ի՞նչ ազատության մասին է խոսքը, երբ նույն այդ ազատությունը չի տարածվում ադրբեջանցի բազմաթիվ բլոգերների վրա: Շատ ադրբեջանցի ինտերնետ օգտագործողներ ստիպված են զբաղվել ինքնագրաքննությամբ, բայց ինչպես տեսնում ենքՙ ոչ նրանց նախագահը, թեեւ հանուն Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ շարունակվող բանակցությունների ավելի լավ կլիներ, եթե նա այդպես վարվեր», ընդգծում է GlobalPost-ը, իսկ մենք էլ զերծ մնանք որեւէ մեկնաբանությունից:
Միայն որպես վերջաբան հիշենք Գանդիին, սակայն հնդիկ փիլիսոփայի միտքը մեջբերենք «հակառակ իմաստով». «Սկզբում նրանք չեն նկատում քեզ, հետո ծիծաղում են քեզ վրա, հետո պայքարում են քո դեմ»: Միջազգային հանրությունն էլ` սկզբում չէր նկատում Իլհամ Ալիեւին, հիմա ծիծաղում է նրա վրա...