Չենք ուզում ու վերջ: Ոչ թե որովհետեւ ձեզ չենք սիրում, այլ որովհետեւ ձեզ սիրում ենք: Դուք ասում եք, թե ձեր երա՞զն եք կորցրել Երեւանի գիշերներում... Հավատում ենք, ավելին` մենք էլ: Բայց մենք նաեւ ձեզ ենք կորցրել, ձեր ասած Երեւանի գիշերների կամ մեր սիրո աշնան նման անվերադարձ:
Չէ, գալիս եք (ինչը վերադարձ չէ), հիշում եք մեզ, սիրում եք մեզ, կարոտում եք մեզ, ու գիտե՞ք, մենք չենք ուզում, որ դուք մեզ կարոտեք ոչ թե որովհետեւ ձեզ չենք սիրում, այլ որովհետեւ ձեզ սիրում ենք, գիտենք, որ դուք էլՙ մեզ: Ու գիտենք, որ գնացել եք ոչ թե որովհետեւ մեզ չեք սիրում կամ ձեզ ավելի շատ եք սիրում, այլ գնացել եք, քանի որ մեզ սիրում եք, շատերդ հանուն մեզ. այդ մասին են վկայում այն բանկային «չեկերը», որոնք պահպանում ենք` ամեն ամիս ձեզանից գումար ստանալով, պահպանում ենք ոչ թե որպես փաստաթուղթ, այլ որպես ձեզանից մի թուղթ, եթե կուզեք` նամակ:
Դուք ասում եք, թե երբ կարոտում եք, նստում եք ինքնաթիռ, որը ձեզ 2, 4, 6, 12 ժամում բերում է այստեղ, որտեղ մենք ենք, ու որտեղից դուք եք գնացել: Իսկ գիտե՞ք, թե ինչե՜ր կարող էինք մենք անել այդ 2, 4, 6, 12 ժամում, օրինակՙ դուք կարող էիք 2 ժամ համերգ տալ, մենք` ձեզ ծափահարել... Պատերազմներ են սկսվում 2 ժամում, պատերազմներ են ավարտվում 12 ժամում, մարդիկ են ծնվում ու մահանում, ու սիրում ու կարոտում 12 ժամում. մենք չենք ուզում, որ դուք մեզ կարոտեք ու չենք ուզում, որ ձեզ կարոտենք: Մենք ուզում ենք, որ դուք այստեղ լինեք... Սուտ է, չենք հավատում, որ գալու եք, ոչ թե որովհետեւ խաբում եք մեզ, այլՙ որովհետեւ խաբում եք ձեզ. դուք էլ չեք գալու, մոռացեք, դուք այլեւս այլ երկրի քաղաքացի եք, ու դա դավաճանություն չէ, դա ձեր ընտրությունն է, ձեր կյանքը, ձեր իրավունքը: Դուք օգտվել եք գնալու ձեր իրավունքից, մենք էլ մեր (ու նաեւ ձեր) մնալու իրավունքից...
Դուք ոտքի եք կանգնում, հուզվում եք, արտասվում եք, երբ «Հայաստան», «հայ» բառերն եք լսում: Մենք էլ: Դուք դրա համար ձեր պատճառն ունեք, մենք` մեր, դուք արտասվում եք կարոտից, մենք արտասվում ենք ցավից... Դուք տեսե՞լ եք Երեւանը գիշերին, երբ ու որտեղ կորցրեցիք ձեր երազը... Այնտեղ գիտե՞ք, թե որքան մութ պատուհաններ կան, հետեւաբար մարդիկ, որոնք Երեւանում էլ երազ չեն տեսնում, որ մեկ էլ կորցնեն...
Դուք հեռու եք, բայց մոտ ենք միմյանց նաեւ ճիշտ այնքան, որքան իրար մոտ են ցավն ու կարոտը... Ու վերջապես դուք չկաք, կանք` մենք: Հենց դրա համար էլ մենք չենք ուզում ձեզ կարոտել ու չենք ուզում, որ դուք մեզ կարոտեք...
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ