ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Մինչ քաղաքական դաշտը, իսկ ավելի շուտՙ նրա ընդդիմադիր եւ այլընտրանքային հատվածը դեռ խորհրդապահորեն լռում է` ոչ մի «պռոմախ» չտալով, որից բռնեն օրումեջ տարբերակներ մտմտացող ու առաջադրող, իրենց «քաղտեխնոլոգ» անվանող մեր քաղաքականամերձները, քաղաքական առաջապահը դարձել են լրատվական միջոցները, որոնք, կարելի է ասել, լոկալ պատերազմներ են մղում իրար դեմ` այդպես ոտի տեղ բացելով «շեֆերի» համար, երբեմն էլ ինքնագործունեություն բանեցնելով ու ավելի ջանալով, քան պատվերն է: Ու մենք ամեն օր, որպես տեղեկատվական հոսքից այլեւս անհույս կախյալներ, ստիպված ենք սնվել այն լափով, որ առաջարկում են բազմապիսի եւ բազմասուն այն միջոցները, որոնք «լրատվական» նախդիր ունեն փաստորեն:
Խորհրդարանական եւ նախագահական մի քանի ընտրություններ են անցկացվել անկախ Հայաստանում, որոնց ընդհանուր օրինաչափություններն ու միտումները մշտապես սանտիմետր առ սանտիմետր վերլուծվում են այնպես, որ ոչինչ համարյա անհայտ չի մնում այդ բոլորի մեջ եւ ոչ մեկի համար: Սակայն մի ուղղություն միշտ լրագրողներս նրբորեն բաց ենք թողնում եւ չլուսաբանված թողնում` խնայելով իրար, ինչպես ասում են, կեղտը տնից չհանելու մի լուռ համաձայնությամբ: Շատ չենք խորանում մերձընտրական շրջանի լրատվական դաշտի պահվածքի վրա, քանի որ բոլորը բոլորին ճանաչում են, ու ի տարբերություն քաղաքական դաշտի, ընտրություններից հետո էլ լրագրողներս ուզում ենք միմյանց դեմքին նայել առանց թշնամանքի: Սակայն կեղտի մասին չխոսելը չի նշանակում դրա չգոյություն: Իսկ իրողությունն այն է, որ լրագրային եւ ԶԼՄ-ական տարածքը ամեն անգամ ընտրությունների մոտենալու հետ վերածվում է իսկական աղբանոցի, ավելին` իսկական մարտադաշտի, որտեղ օգտագործում են ամենաանթույլատրելի զենքերը, ու միմյանց ուղղված ցեխարձակումներում այնքան են ընկնում ինքնամոռացության մեջ, որ իրենցից անկախ բացահայտում են ե՛ւ իրական տերերին, ե՛ւ ֆինանսական սնուցման աղբյուրները, ե՛ւ այն, որ իրականում իրենք լրատվամիջոց էլ չեն, այլ զենք` քաղաքականների ձեռքին, չնայած դա բոլորի համար էլ էն գլխից պարզ է:
Ու ամեն անգամ բոլորս հանդուրժում ենք, որ լրատվամիջոցը լուր տալու եւ անաչառ իրավիճակ վերլուծելու փոխարեն, փորձում է կողմնորոշել, ոչնչացնել, արհամարհել, պիտակավորել, զրպարտել, հայհոյել` իր տիրոջն աջակցելու համար նրա հակառակորդին փորձելով չուլ դարձնել, իր աչքի գերանը չտեսնելով «խալխի» մազից խոսել: Ամեն ինչ հենց այդպես է: Բայց ոչինչ նոր չէ այս հողի վրա, ու այս ամենի ակունքները տարիների խորքից են գալիս, երբ ամենից բարձր հայհոյողն ամենից լավ է վարձատրվել, եւ դա քիչ է անգամ` հայհոյելը հնարավոր է դարձրել կարիերա անելը: Օրինակներն աչքի դեմ են ու վարակիչ. գողն ավելի բարձր է գոռում` բռնեք գողին, պատվերով գրողն ուրիշներին է մատնացույց անում իբրեւ պատվեր կատարողի, մարդիկ «թույնում» են իրար` առանց բարդույթների, քանի որ օրվա պահանջն է այդպիսին... Նույն ոգով ու պատկերով, ինչպես քաղաքականներն են միմյանց նախշում, նրանցից տասնակի ավելի` լրատվամիջոցներն են իրար պիտակավորում, իհարկե առանց անուն տալու եւ գառան դիմակը չմոռանալով քաշել սեփական աչքերին: Ու եթե քաղաքականների վարքագիծն ի վերջո բացատրություն ունի` քաղաքական շահ, լրագրողինը կամ «վերլուծաբանինը» մնում է միայն շահը: Այլապես կստացվեր, որ լրագրողը կամ «վերլուծաբանը» քաղաքականությամբ է զբաղվում, իսկ քաղաքականությամբ զբաղվող լրագրողն այլեւս լրագրող չէ: Ու էս դեգրադացված լրատվական տարածքում էլ ապրում ենք, մի տարածք, որտեղ լրագրությունն ու վերլուծաբանությունը հենց սա էլ արդեն պատկերացվում է: Նորերը, որ գալիս են` ուրիշ բան չգիտեն, բացի այն լրագրությունից, որ մեկին պետք է պաշտպանել, մյուսին ձաղկել, մյուսին քլնգել: Իսկ այն, հանուն ինչի ի վերջո ստեղծվել է լրագրությունը, ճանապարհ անցել, անուններ հետ գցել, սարեր -ձորերով ընկել-հեռանում է մեզանից:
Հիմա կասեք` նյարդերդ հանգիստ պահելու համար կարելի է եւ չմտնել տվյալ կայքը կամ չբացել տվյալ լրատվանիջոցը: Բայց մի՞թե դա հարցի լուծում է, մի՞թե դա կարող է փոխել մեզ մոտ ոսկրացող այն գործելակերպը, որ գոնե լրագրողներն ու լրատվամիջոցները հանդուրժեն միմյանց կարծիքը, մակերեսից չկտրեն` եթե նրա կարծիքին չես, ուրեմն դու ազգի դավաճան ես, կամ նվազագույնը` դրածո: Ու իր տեսակետին անհամաձայններին վերջին հայհոյանքներով նախշողը հերոս է, ռեժիմի վերարտադրությանը նպաստող է, նվազագույնը` «գեղամյան»:
Եթե մեկը հասկանում է, որ ոչ մի ընդդիմության համագործակցություն էլ ընտրություններից երկու ամիս առաջ չկա, այլ մի ուժի կիրառած քաղտեխնոլոգիա է, որ մի անգամ բավական հնարամտորեն խորհրդարանական ընտրություններից առաջ կիրառեց ու տարավ ընդդիմության ձայները, այժմ էլ փորձում է թույլ չտալ ընդդիմությանը որեւէ միավորիչ քայլ անել, այլ նույն գործելակերպով ավելի լայնացնում է իր տարածքը` մի անգամ էլ նույն տիպի սցենար փորձարկելով նախագահական ընտրություններին: Եթե կարողանում է` լավ է անում, բայց դրա հետ լրատվամիջոցն ինչո՞ւ պիտի նույնանա նրա հետ, չլինի՞ այն պատճառով, որ այդ ողջ խաղի մասն է: Կարելի է այս դեպքում ոչ թե քաղաքական ուժից նեղանալ, որ անկախի տակ սեփական լրատվամիջոցներն է բուծում, այլ այս կարգի լրատվամիջոցներից, որոնք «անկախի» սքեմ են հագնում` փչացնելով նաեւ լրատվամիջոց բառը, որպես քաղաքական տաշտի հավասար մասնակից:
Բայց մի բան մխիթարում է` ընտրությունները կավարտվեն, ու շատ լրատվամիջոցներ ձեւ կանեն, որ իրենք ամենաանաչառ, ամենաբազմակողմանի տեղեկություն տվող մի «Գարդիան» են: Ու գուցե հերթական անգամ մոռացվի այս ողջ գաղջահոտը: Հը՞...