«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#210, 2012-11-24 | #211, 2012-11-27 | #212, 2012-11-28


ԱՅՍ ԱՆԳԱՄ ՈՒՄԻ՞Ց Է ԽՐՏՆՈՒՄ ԱԼԻԵՎԸ

Տեսականորեն ամեն մի պետություն, հատկապես փոքր, կուզենա ազգային ուժեղ համայնք, լոբբիստական ազդեցիկ խմբեր ունենալ համաշխարհային տերություններում: Սակայն այստեղ բավական հաճախ առաջին պլան է մղվում նրբին մի պարագաՙ եթե այդ ազգային-քաղաքական ուժերը սպառնալիք չեն ներկայացնի տվյալ պետության կառավարող խավի շահերին:

Ահա եւ վերջերս Մոսկվայում ձեւավորված «Ռուսաստանի ադրբեջանական համայնքային կազմակերպությունների միությունը» առաջ բերեց Բաքվի խիստ բացասական վերաբերմունքը, եթե չասենքՙ վրդովմունքը: Վերջինիս համակրանքը նույնպես Մոսկվայում գործող Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսի կողմն է:

Մի կողմ թողնենք ազերական պաշտոնական իշխանությունների շաբլոն հայտարարությունը, որ նշված միությունը ստեղծվել է Կրեմլի թելադրանքով: Ավելի լավ է ծանոթանանք, թե ովքեր են այդ կազմակերպության հիմնադիրները. Ռուսաստանի խոշորագույն նավթային ընկերություններից մեկիՙ «ԼՈւԿօյլի» նախագահ Վագիտ Ալեքպերովը, «Կրոկուս» նույնպես խոշորագույն ցուցահանդեսային հոլդինգի ղեկավար Արազ Աղալովը, «ATC» հոլդինգի համասեփականատեր Թելման Իսմաիլովը (Մոսկվայի սկանդալային «Չերքիզոն» շուկային նախկին սեփականատեր), միլիոնատեր բիզնեսմեն Իսկանդեր Խալիլովը, Ադրբեջանի նախկին փոխվարչապետ Աբաս Աբասովը, կինոդրամատուրգ Ռուստամ Իբրահիմբեկովը եւ մոսկվաբնակ ուրիշ երեւացող ադրբեջանցիներ: Թերագնահատել այս անձանց չի կարելի: Ալեքպերովն ու Աղալարովը, օրինակ, մշտապես մտնում են Ռուսաստանի 100 մեծահարուստների ցանկի մեջ եւ ընդունելի մարդիկ են երկրի կառավարող շրջանակներում: Եվ պարզվում է, որ հենց այստեղ է թաղված շան գլուխը. Բաքվում հառնում է... Բիձինա Իվանիշվիլու ուրվականը: Հասկանալի է, ոչ իրապես, այլ որպես երեւույթ: Ո՜վ ասաց, որ հսկայական կապիտալով ու կապերով օժտված այս կարգի ռուսազերիները չեն հավակնի ցմահ առաջնորդ հռչակված Ալիեւի կալվածքին: Ի դեպ, երկրորդական չհամարենք նաեւ մի այսպիսի հանգամանք. այստեղ աչքի ընկնող շատ ադրբեջանցիներ (բաքվեցիներ) արյունակցական-ազգակցական կապ ունեն հրեաների հետ (տատն է հրեա, մայրը, կինը), իսկ ոմանք էլ հենց հրեա ենՙ մուսուլմանացված ազգանունով (օրինակՙ Թելման Իսմաիլովը):

Իզուր է կինոգործիչ Իբրահիմբեկովը լրատվամիջոցներում փորձում համոզել, որ իրենք «բաքվանվաճ» մտադրություններ չունեն, որ իրենք մտածում են միայն ադրբեջանական «սփյուռքի» շահերի մասին եւ այլն: Անիմաստ է: Չենք զարմանա, եթե մի որոշ ժամանակ անց այս կազմակերպությունը քայքայվի: Նման հարցերում նորահայտ սուլթան Ալիեւը անդրդվելի է: Իվանիշվիլու ուրվականը շատ ավելի շոշափելի է, քան Համլետի հոր տեսիլքը:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4