«Արաքս» թռչնաբուծականը լուսաբանում է
«Սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանը երեկ «Տեսակետ» ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպմանը նշեց, որ տնտեսության մեջ թռչնաբուծությունը դարձել է բավականին եկամտաբեր ճյուղ, սակայն տնտեսական թերի քաղաքականության պատճառով թռչնաբուծության արտադրանքը ոչ միայն չի արտահանվում անհրաժեշտ չափով, այլեւ տեղական սպառման համար թռչնամիս ներկրվում է Հայաստան ուրիշ երկրներից:
Այսօրվա դրությամբ Հայաստանում թռչնամսի 75 տոկոսը ներկրվում է, ինչը սեփական թռչնաբուծություն ունեցող երկրի համար Արմեն Պողոսյանը ամոթալի է համարում: Նրա տեղեկացմամբ` նախկինում Հայաստանը հավկիթներ արտահանել է Վրաստան, սակայն արտահանման ծավալները գնալով սեղմվեցին, ինչը դարձյալ տնտեսական սխալ քաղաքականության հետեւանքն է:
Արմեն Պողոսյանը նշեց, որ դրական տեղաշարժեր թռչնաբուծության ոլորտում նույնպես եղել են, սակայն մեր սպառողներն էլ պետք է ունենան սպառողական այնպիսի վարքագիծ, որը կլինի ի նպաստ հայրենական արտադրողի: Ըստ նրա` շուկայում գերակշռողը պետք է լինեն տեղական արտադրության հավկիթները, ոչ թե ներկրվածը. «Ու ոչ միայն թռչնարտադրանքի հարցում, այլեւ ընդհանրապես մեր ինքնասիրությունն էլ պետք է թելադրի, որ գնենք տեղական արտադրանքը»:
Արմեն Պողոսյանը նաեւ գտնում է, որ տնտեսական քաղաքականությունը հարկավոր է այնպես վարել, որ մեծ ձեռնարկություններին ընձեռվի հնարավորություն դուրս գալու միջազգային ասպարեզ, իսկ փոքր ձեռնարկություններն էլ նրանց կողքին սնանկանալու, փակվելու փոխարեն` շարունակեն աշխատել:
Հետխորհրդային ժամանակաշրջանում ստեղծված ու գործող առաջին խոշոր թռչնաֆաբրիկան «Արաքս թռչնաֆաբրիկան» է, որը զբաղվում է թռչնի մսի ու ձվի արտադրությամբ:
«Արաքս» թռչնաֆաբրիկա» ընկերությունը հիմնադրվեց 1997 թվականին Ջրառատի թռչնաֆաբրիկայի հիման վրա: Թռչնաֆաբրիկան վերագործարկվեց 2001 թվին «X-Group» կոնցեռնում ներգրավվելուց հետո, իսկ թռչնաֆաբրիկայի ներդրումները հիմնականում կատարվեցին 2008-ից: 2011 թվականին Արմավիրի Արեւաշատ համայնքում բացվեց թռչնաֆաբրիկայի նոր մասնաճյուղը:
Ներկայումս «Արաքս թռչնաֆաբրիկան», տեղական արտադրողների մասշտաբով, ապահովում է ձվի եւ հավի մսի արտադրանքի 30 տոկոսը, եւ արդեն երկրորդ տարին 100 խոշոր հարկատուներից է: Միայն անցյալ տարի «Արաքս թռչնաֆաբրիկան» պետական բյուջե վճարել է մեկ միլիարդ 209 միլիոն դրամի հարկ:
«Արաքս թռչնաֆաբրիկայի» գլխավոր տնօրեն Գագիկ Մակարյանն իր հերթին նշեց, որ թռչնաֆաբրիկան արդեն ունի սպառողների մեծ զանգված. «Իսկ արտադրանքի որակի բարելավման ուղղությամբ հետազոտություններ մշտապես արվում են»:
Ներկայումս ընկերությունում աշխատում են շուրջ 460 հոգի, որոնց մեծամասնությունը երիտասարդներ են, եւ ամեն տարի իրենց աշխատանքի մեջ նրանք վերապատրաստվում են:
Վերջերս ընկերության արտադրանքի շուրջը որոշ լրատվամիջոցների անվստահություն սերմանող հրապարակումներին Գագիկ Մակարյանը եւս անդրադարձավ: Հիշեցնենք, որ շուկայում հայտնաբերվել էին «Արաքս թռչնաֆաբրիկայի» մակնշմամբ հավկիթներ, որոնց վաճառման ժամկետը չէր համապատասխանել մակնշման ամսաթվին: Իրականում այդ արտադրանքը չի եղել «Արաքս թռչնաֆաբրիկայինը» ու մակնշման հեղինակը եւս չի եղել «Արաքս թռչնաֆաբրիկան»: Հետեւաբար ընկերությունը դիմել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից նոյեմբերի 20-ին արդեն ստացել են գրություն, ըստ որի, փորձաքննությունը պարզել է, որ հավկիթների մակնշումն իսկապես չի պատկանում «Արաքս թռչնաֆաբրիկային»: Կատարվածի առթիվ հարուցվել է քրեական գործ, որտեղ որպես տուժող կողմ ներկայացված է «Արաքս թռչնաֆաբրիկան»:
Ընդհանրապես հավկիթի պիտանիության ժամկետը, ըստ Գագիկ Մակարյանի, 25 օր է` սկսած արտադրման օրվանից. առաջին 7 օրը հավկիթը համարվում է դիետիկ, իսկ 7-րդ օրվանից մինչեւ 25-րդ օրվա ընթացքում արդեն համարվում է սեղանի ձու:
Իսկ եթե շուկայում տեսնում ենք սխալ մակնշմամբ կամ ժամկետանց սնունդ, ապա այդ մասին, ըստ սպառողների պաշտպանի, հարկավոր է անմիջապես ահազանգել, տեղեկացնել Սննդի անվտանգության պետական տեսչությանն ու հասարակական համապատասխան կազմակերպություններին:
Ինչ վերաբերում է անհանգստությանը, թե սիբիրախտը կարող է տարածվել նաեւ հավի վրա, Գագիկ Մակարյանը բացառեց դա` բացատրությամբ, որ սիբիրախտը կորցնում իր հատկությունները, երբ մարմնի ջերմաստիճանը լինում է 40 աստիճանից բարձր, իսկ հավի ջերմաստիճանը 41 աստիճան է: Իսկ Նոր տարվա շեմին կատարվող թանկացումների մասին, կոնկրետ հավի ու հավկիթի մասով, Գագիկ Մակարյանն ասաց, որ թանկացումները կապված են հավի կերի թանկացմանը: Եթե թռչնակերը շատ թանկանա, ապա կթանկանա նաեւ արտադրանքը, իսկ թռչնակերի շատ թանկացման միտում նկատվում է: Ընդհանրապես Նոր տարվանից առաջ` սովորաբար դեկտեմբերի 20-30-ը, ձվի պահանջարկն ավելանում է 2,5 անգամ. վիճակագրությունը Գագիկ Մակարյանը մեջբերում է կոնկրետ իրենց ընկերության փորձից ելնելով, բայցեւ նշում է, որ Ամանորից առաջ, իր կարծիքով, մեր շուկայում ձվի պակաս չի լինի, ու արտադրողները բնակչությանը կհասցնեն ապահովել տեղական թարմ հավկիթներով:
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Նկար 1. «Սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյան եւ «Արաքս թռչնաֆաբրիկայի» գլխավոր տնօրեն Գագիկ Մակարյան