Լոնդոնի նշանավոր Sotheby’s աճուրդասրահում նոյեմբերի 26-ին Հովհաննես Այվազովսկու «Գալաթայի աշտարակը լուսնկա գիշերին» կտավը վաճառվել է 825.250 ֆունտ ստեռլինգով, նույն օրը աճուրդի էր դրվել ծովանկարչի տասը կտավ, որոնցից երեքըՙ վերոնշյալը, «Լուսնի ծագը Ոսկեղջյուրի ծովածոցում» եւ «Բոսֆորի վրայով» նկարները եղել են առաջատար:
Ինչպես տեղեկացանք արվեստաբան, սարյանագետ Շահեն Խաչատրյանից, Այվազովսկու գործերից բացի վաճառվել է նաեւ Մարտիրոս Սարյանի «Բանաստեղծը. Արագածի լանջերին» նկարը` Վարպետի վաղ շրջանի աշխատանքներից, որտեղ Հայաստանը պատկերված է բանաստեղծական վերսլաց ներշնչանքով, իբրեւ դրախտային մի վայր: Կտավը Սարյանը վրձնել է 1906-ին, Նիկոլայ Ռյաբուշինսկու խնդրանքովՙ իր հրատարակած «Զոլոտոյե ռունո» հանդեսի համար, եւ նույն թվականին գունավոր վերատպվել է: Նկարն այնքան է դուր եկել Ռյաբուշինսկուն, որ Սարյանը նվիրել է նրան: Հետագայում Ֆրանսիայում բնակվելու տարիներին նկարը նա վաճառում է փարիզյան «Պոպով» պատկերասրահին: 1970-ականներին այն ձեռք է բերում կանադահայ մեր հայրենակիցներից մեկը, հետագայում նվիրում որդուն: Վերջինս աճուրդի է հանում Սարյանի հայկական չքնաղ բնակնարը Sotheby’s-ում: Ինքըՙ Շահեն Խաչատրյանը այս նկարը տեսել է Կանադայումՙ Սարյանին նվիրված պատկերագրքի տպագրության առիթով: Իր կազմած եւ հեղինակած Սարյանին նվիրած բոլոր պատկերագրքերում Վարպետի նկարն արվեստաբանը ընդգրկել է այն հույսով, որ մի օր կվերադառնա Հայաստան:
Երեկ Լոնդոնից Շահեն Խաչատրյանին ուղարկված հոկտեմբերի 27-ի Sotheby՛s աճուրդի կատալոգում ներկայացված են Հովհ. Այվազովսկու եւս 4 կտավ («Նավը փոթորկոտ ծովում», «Առավոտը Յալթայում», «Երկու նավ ծովում», «Հեռացում» եւ «Լեռնային տեսարան» մանրանկարները), Գեւորգ Բաշինջաղյանի «Գիշեր. Սեւանա լիճը» եւ Մարտիրոս Սարյանի «Ամպոտ օր» նկարները: Արդյունքներին կտեղեկանանք ավելի ուշ:
Նկար 1. Մ. Սարյան. «Բանաստեղծը. Արագածի լանջերին»
Նկար 2. Գ. Բաշինջաղյան. «Գիշեր. Սեւանա լիճը»
Նկար 3. Հ. Այվազովսկի. «Գալաթայի աշտարակը լուսնկա գիշերին»
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ