Ադրբեջանի կառավարող կուսակցության հոբելյանի առթիվ նախագահ Ալիեւի ունեցած ելույթը «լայն» արձագանք գտավ Հայաստանում: Խստիվ դատապարտվեցին այդ եղկելի, գարշելի, քստմնելի անձի ստահոդ, կեղծ, նենգ, պիղծ հայտարարությունները Հայաստանի ու հայերի հասցեին: Լրագրողները լեզվավարժանքի մրցություն էին ծավալել իրենց նշավակումներում: Թեեւ ըստ էության ոչ մի նոր բան չէր ասել ազերիների պարագլուխը: Դուրս էր տվել այն, ինչ տարփողում է գրեթե ամեն օր: Ուրիշ ինչ կարելի է սպասել պարտված պետության ղեկավարից: Հասկացանք, մարդը հոգեկան հիվանդ է դարձել «պատմական» ազերական հողերըՙ Հայաստանը (Ղարաբաղը դեռ մի կողմ) ազատագրելու անկարողությունից:
Զարմացնում է մի հանգամանք: Իր ելույթում Ալիեւը, այնուամենայնիվ, մի անողոք միտք էր հայտնել, եւ դրա շուրջըՙ քար լռություն Հայաստանում: Ընդամենը մի նախադասություն. «Հայաստանը տարեցտարի թուլանում է եւ անկում ապրում. դրա ակնբախ ապացույցն է զանգվածային արտագաղթը, մարդկանց վերաբնակեցումը Հայաստանից այլ երկրներ»: Դե, ասեք, որ Ալիեւը սուտ է խոսում, որ խեղաթյուրում է իրականությունը, կեղծում է փաստերը, զառանցում է եւ այլն, եւ այլն: Ինչո՞ւ չեք ծավալվում հենց այս թեմայի շուրջը: Ի դեպ, Ալիեւի ելույթի մեկնաբանություններում ռուսաստանյան լրատվամիջոցները պարտադիր հիշատակում էին այս «չարախնդությունը»: Սա, ինչպես ասում են, շառաչուն ապտակ է Հայաստանի ղեկավարությանը, եւ սա, այլ ոչ թե մաշված ու շաբլոն ձեւակերպումները, պետք է արժանանար ամենայն ուշադրությանՙ որպես գերխոցելի իրողություն:
Ո՞ւմ համար է գաղտնիք, որ Հայաստանն իրոք, ի երջանկություն մեր թշնամիների, դատարկվում է: Եվ ովքե՞ր են մեղավոր, արտագաղթողնե՞րը:
Բնավ էլ չխորանալով արտագաղթի բազմաբարդ պատճառների մեջ եւ բնավ էլ ոչ Ալիեւի դրդմամբ արժե մի խորհուրդ տալ Հայաստանի բարձրագույն ղեկավարներին: Ցանկալի կլիներ, որ ազգի գոյության համար պատասխանատու այդ անձինք մի օր Ռուսաստանի որեւէ քաղաք մեկնեին ոչ թե իրենց պաշտոնական ինքնաթիռներով կամ բիզնես-կարգով, այլ, ասենք, «Արմավիայի» սովորական չվերթով: Այնժամ նրանք «ակնբախորեն» կտեսնեին, թե ինչ թշվառ վիճակի մեջ է հայտնվել հայ ժողովուրդը: Հատկապես վերջին տարիներին պատկերը դարձել է մշտական. ինքնաթիռները հագեցած են արտագաղթածների, արտագաղթողների, խոպանչիների գորշ զանգվածով: Անթրաշ, փնթի, անկուլտուրական, բարձրաձայն ռաբիս լսող, հետն էլ լկտի ու ամբարտավան այս խառնամբոխը նսեմացուցիչ է արդեն իր առկայությամբ: Այս չվերթերում արդեն գրեթե բացակայում են մտավորական անձինք: Ինտելեկտուալ ու գործարար խավը երկիրը լքել է տակավին Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ: Իսկ հիմա երբեմն այն տպավորությունն է ստեղծվում, որ ինքնաթիռում մի ամբողջ գյուղ է նստածՙ ահել-ջահելով: Խղճում ես ուղեկցորդուհիներին, որոնք հուսահատվում են սրանց անտաշ պահելաձեւից, ողջ ճանապարհին շարունակվող հարբեցողությունից: Հնարավո՞ր էր նման ցածրակարգություն խորհրդային տարիներին: Երբեք:
Հետաքրքրական էՙ եթե արտագաղթի կապակցությամբ Ալիեւը չարախնդում է, ապա ինչ զգացում են ապրում հայոց պետական այրերը: Այսօր առավել եւս մարդիկ ոչ թե հեռանում, այլ փախչում են: Ճողոպրում է ամեն ոք, ով նվազագույն իսկ հնարավորություն ունի: Աշխատատեղըՙ աշխատատեղ, բայց հայաստանցիները գերազանցապես փախչում են անարդարությունից, անելությունից: Այստեղՙ Ռուսաստանում նրանք հանդուրժում են ամեն մի անարդարություն, նույնիսկՙ գումարված ազգային խտրականությունը, քանզի դրանք «ուրիշինն» են:
Եկեք կողք կողքի դնենք երկու հասկացություն եւ խորհենք, թե որն է ավելի կարեւոր Հայաստանի համարՙ ցեղասպանության ճանաչո՞ւմը, թե՞ արտագաղթը: Ինչի մասին է ավելի շատ խոսում Հայաստանի ղեկավարությունը:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա