«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#211, 2012-11-27 | #212, 2012-11-28 | #213, 2012-11-29


ԲԱՔՈՒ ՄԻ ԳՆԱՑԵՔ

«Իմ ելույթի ընթացքում Մադրիդյան սկզբունքներին հղում չի եղել, ես միշտ դեմ եմ եղել դրանց, մերժում եմ դրանք` բոլոր կետերով». երեկ այս բովանդակությամբ հայտարարություն արեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ՙ անդրադառնալով Բաքվում Ասիայի քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովում իր ելույթի վերաբերյալ տարատեսակ մեկնաբանություններին եւ հայտարարություններին: Ադրբեջանցի փախստականների` իբր Արցախ վերադառնալու մասին նրա ասածին ուղղված մեղադրանքներին էլ Ր. Հովհաննիսյանը պատասխանեց, թե միակ ընդհանրությունը Մադրիդյան սկզբունքների եւ իր ասածի միջեւ «փախստական» բառի գործածումն է եղել. «Ասել եմ, որ բոլոր ազգերի փախստականները կարող են վերադառնալ իրենց ծննդավայր, եթե լինի Արցախի ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության իրավունքի հաստատում եւ ճանաչում, դրանից հետո եւ ոչ թե առաջ»: Դե` բայց ի՞նչ տարբերություն:

Կոնֆերանսի եզրափակիչ բանաձեւի մասով էլ նշեց, թե վերջին րոպեում մտցվել է այնպիսի մի ձեւակերպում, ըստ որի այդ կազմակերպությունը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման առումով աջակցում է Իլհամ Ալիեւի քաղաքականությանը: Ընդ որում` այդպիսի փաստաթուղթը նախ պետք է կոնսենսուսով հաստատվի, ապա ընթերցվի, սա ամրագրվում է բանաձեւում, սակայն վերջնական տարբերակում ոչինչ չկա գրված կոնսենսուսով հաստատվելու վերաբերյալ, այլ միայն ընթերցման կետն է նշված եղել, ու այն քվեարկության չի էլ դրվել:

Հետաքրքրական է Ր. Հովհաննիսյանի բաքվյան ելույթից դժգոհությունների (այդ թվում` ՀՅԴ երիտասարդների հայտարարության) ֆոնին ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի ղեկավար Կիրո Մանոյանի արձագանքը, որը թեեւ Բաքու գնալու կողմնակից չէ (իրենց գրասենյակը մերժել էր համանման հրավերը), սակայն համարում է, որ Ր. Հովհաննիսյանի գործելակերրպը խայտառակել է ադրբեջանական կողմին այն պարագայում, որ այդ ողջ համաժողովը ադրբեջանական ազդեցության տակ է եղել:

Դե բա ուրեմն ավելի եւս պետք չէր այդպիսի խառնաժողովի մասնակցել:

Երեկ Ր. Հովհաննիսյանը նաեւ անդրադարձավ քաղաքական դաշտը հուզող գլխավոր խնդրին` նախագահի թեկնածու առաջադրվելուն, նշելով, թե պատրաստ է լինելու հավաքական թեկնածուի մասնիկը (եթե այդպիսին լինի): Առայժմ միասնական թեկնածուն չի երեւում: Բայց եթե առաջիկա շաբաթներին այդպիսին հայտնվի` Ր. Հովհաննիսյանը կամ կպնդի սեփական թեկնածությունը հավաքական թեկնածության շրջանակում, կամ էլ... հակառակը: Բոլոր դեպքերում նա իրեն եւ իր կուսակցությանը հեռու է պահելու ստորգետնյա, ինտրիգային պայմանավորվածություններից:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4