Երեկ Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նիստում քննարկվեց 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված ՀԱԿ խմբակցության այն նախագիծը, որով առաջարկվում է մի նոր խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծել եւ քննել 10 զոհերի մահվան հանգամանքների վերաբերյալ իրավական կառույցների եւ ԱԺ նախորդ հանձնաժողովների որոշումները: Ըստ ՀԱԿ պատգամավոր եւ հարցը ներկայացրած Գագիկ Ջհանգիրյանի` նոր հանձնաժողովը պետք է իր առաջ դնի միայն նախորդ համանման հանձնաժողովի ձեռք բերած ապացույցների հետազոտումը եւ այդպիսով նաեւ դիտարկումը, թե ոստիկանության, դատախազության կամ զենք կիրառողների որոշումներն իրավաչա՞փ են եղել: Այսինքն` այդ նոր հանձնաժողովը, եթե ստեղծվի, պետք է քննի բացառապես այդ որոշումների իրավաչափությունը դիտարկելու խնդիրը: Այդպիսի հանձնաժողով ստեղծելու առաջարկը նրա հեղինակները բացատրում են այն հանգամանքով, որ 10 զոհերից եւ ոչ մեկի սպանության հանգամանքները չեն բացահայտվել: Նրա հիմնավորումների մանրամասների մեջ չխորանալով` նշենք, որ առաջարկի հեղինակները, Ազգային ժողովում փոքրրամասնություն լինելով` չեն կարող իրականացնել նախագծի կյանքի կոչումը, ուստի նրանց հույսը հղված էր մեծամասնությանը: Մեծամասնությունը ներկայացնող եւ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, խոստանալով որոշ հարցերի պատասխաններ ստանալ հատուկ քննչական ծառայությունից եւ գործադիրից` որոշում կայացնելն առաջարկեց հետաձգել երկուշաբթի, ստացվելիք պատասխանները նկատի ունենալով: Սակայն նույն Դ. Հարությունյանը լսումներից հետո շփվեց լրագրողների հետ եւ նշեց, թե չի կարծում, որ մարտի 1-ի դեպքերի բացահայտման լավագույն ձեւը ԱԺ հանձնաժողովն է: Նա նկատի ուներ հարցի քաղաքականացումը: Բայց բոլոր դեպքերում` որոշում կկայացվի բոլոր կարծիքները լսելուց հետո:
Մ. Խ.