«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#211, 2012-11-27 | #212, 2012-11-28 | #213, 2012-11-29


ՆՈՐ ԵՌԱՀԱՏՈՐՅԱԿ` ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱԳՐԵՐՈՎ

Հայաստանի ազգային արխիվը հրատարակել է «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում: Վերապրածների վկայություններ» փաստաթղթերի եռահատոր ժողովածուն: Եռահատորյակի գլխավոր խմբագիրը, հեղինակն ու կազմողը պատմական գիտությունների դոկտոր, Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանն է:

Եռահատորում ներկայացված են Հայոց ցեղասպանությունը վերապրածների վկայությունները, փաստեր, որոնք բացահայտում են թուրքական իշխանությունների կողմից 1915 թվականին հայ բնակչության ոչնչացմանն ուղղված ծրագրերն ու գործողությունները:

Երեկվա ասուլիսի ժամանակ Ամատունի Վիրաբյանը տեղեկացրեց, որ Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցը հիշատակելու կապակցությամբ Հայաստանի նախագահի ղեկավարությամբ ստեղծվել է պետական հանձնաժողով, որն էլ ձեռնամուխ է եղել 100-ամյակին ընդառաջ ծրագրերին, որոնցից մեկն էլ եռահատորյակի հրատարակումն է: Այս հատորներում կգտնեք վկայություններ, որոնք գրի են առել Ցեղասպանության ականատեսները 1916-ին, եւ ի տարբերության մինչ այսօր հրատարակված գրքերի` այս հատորներն ամփոփում են ոչ միայն պետական ու դիվանագիտական փաստաթղթերը, այլեւ Ցեղասպանությունը տեսած մարդկանց պատմություններն ու հիշողությունները, եւ այս գրքերի կենտրոնում առաջին հերթին մարդն է: Հանգամանքը, որ ականատեսների վկայությունները հավաքվել են ջարդերից ու տեղահանությունից ընդամենը մի տարի անց, արդեն իսկ հավաստում է դրանց վավերական կարեւոր արժեքը Հայոց ցեղասպանության համակողմանի ուսումնասիրման գործում:

Ամատունի Վիրաբյանի փոխանցմամբ` եռահատորում նաեւ ներկայացված են Ցեղասպանության կազմակերպիչների ու իրականացնողների անունները: Զետեղված տեղեկությունների հավաքագրումը կատարվել է նախաձեռնությամբ ՀՅԴ Բաքվի կոմիտեի, իսկ փաստահավաք հանձնախմբի կազմում ընդգրկված են եղել Զապել Եսայանը, Ստեփան Զորյանը, Վահան Թոթովենցը, զորավար Անդրանիկը, Մուրադ Սեբաստացին եւ այլք: Ժողովածուն եւս մեկ անգամ ապացուցում է, որ երիտթուրքերի վարչակարգը Հայոց ցեղասպանությունը ծրագրել էր նախօրոք, եւ վավերագրերը, որոնք կրում են այս տեղեկատվությունը, ժողովածուին տալիս են նաեւ քաղաքական արժեք:

Հատորներում հրապարակվող փաստաթղթերը խմբավորվել են ըստ նահանգների (վիլայեթների), գավառների, գավառակների եւ գյուղախմբերի: Առաջին հատորում ներկայացվում է Վանի նահանգը, երկրորդում` Բիթլիսի նահանգը, իսկ երրորդում` էրզրումի, Խարբերդի, Դիարբեքիրի, Սեբաստիայի, Տրապիզոնի նահանգներն ու Պարսկահայքը: Ընդանուր առմամբ` երեք հատորներում ընդգրկած են 602 փաստաթուղթ, որոնք բոլորը բնագրեր են:

Ամատունի Վիրաբյանը պատմում է, որ ժողովածուն ծրագրված էր հրատարակել 2015 թվին, սակայն երբ մոսկվայաբնակ գործարար Գագիկ Մելիքյանը, որը «Վան» հասարակական կազմակերպության հիմնադիր անդամն է, իմանում է հրատարակման ծրագրի մասին, ստանձնում է ֆինանսավորման գործը, եւ «Վան» կազմակերպության ֆինանսավորմամբ ժողովածուն հրատարակվում է այս տարի ու եկող շաբաթվանից կվաճառվի Երեւանի բոլոր գրախանութներում: Ժողովածուի հրատարակման համար օգտագործվել է նաեւ պետական բյուջեից Ազգային արխիվին հատկացված գումարից:

Ամատունի Վիրաբյանն ասում է, որ գրքերի վաճառքից ստացված գումարը օգտագործվելու է գիրքը անգլերեն, ռուսերեն ու թուրքերեն թարգմանելու համար: Մինչ 2015 թվականը ժողովածուն նաեւ կլինի համացանցում: Ըստ Ամատունի Վիրաբյանի` հատորների հանդեպ հետաքրքրությունը բավականին մեծ է, դրանց մասին տեղեկատվություն արդեն կա նաեւ Թուրքիայում, որտեղ սպասում են թուրքերեն թարգմանությանը: «Չնայած կարծում եմՙ հայերենից թուրքերն իրենք էլ կթարգմանեն: Ու բացի դրանից` ազգային արխիվը միշտ բաց է, ու նույնիսկ թուրք որեւէ պատմաբան, որը հայերեն գիտի, կարող է գալ ու մեր արխիվում ուսումնասիրել սույն վկայությունները», ավելացրեց պարոն Վիրաբյանը:

Յուրաքանչյուր հատորը լույս է տեսել 1000 օրինակով, եւ սրանց սպառումից հետո եւս 1000-ական օրինակ կհրատարակվի: Բացի դրանից` նախատեսվում է նաեւ 4-րդ ու 5-րդ հատորների հրատարակումը:

Ամատունի Վիրաբյանը ասում է, որ Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի կապակցությամբ իրագործելու ուրիշ ծրագրեր էլ կան: Նախատեսվում է հրատարակել նաեւ փաստաթղթերը, որոնք վկայում են Թուրքիայում հայերի կրած տնտեսական ու մշակութային վնասների մասին: Ազգային արխիվը մտադիր է ստեղծել նաեւ Ցեղասպանության զոհվածների հստակ անվանացանկը: Օրինակ` Մոսկվայում բացված Հոլոքոսթի թանգարանում կտեսնեք` էկրանին երեւում են այն հրեաների անունները, որոնք սպանվել են Հոլոքոսթի ժամանակ: Ազգային արխիվը նախատեսում է ստեղծել նաեւ Հայոց ցեղասպանության ժամանակ զոհ դարձած հայերի անվանացանկը, որը մինչ այսօր ամբողջությամբ չունենք:

Կրկին անդրադառնալով «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում: Վերապրածների վկայություններ» ժողովածուին` Ամատունի Վիրաբյանը ընդգծեց, որ նախատեսված է եղել ժողովածուն կոչել վշտապատում, սակայն հետո փոխել են, քանի որ վշտապատումը նախ խիստ էմոցիոնալ է հնչում, երկրորդն էլ` օտար լեզուներով վշտապատումը գուցե ճիշտ չթարգմանվեր:

Ժողովածուում զետեղված են Ազգային արխիվի ֆոնդերում պահվող փաստաթղթերի տեղեկատվությունը, 127 լուսանկար ու վավերագրերի 48 լուսապատճեն, որոնք պահպանվում են ոչ միայն Ազգային արխիվում, այլեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ու Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամում: Հատորներից յուրաքանչյուրում կան նաեւ տեղագրական քարտեզներ:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4