«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#211, 2012-11-27 | #212, 2012-11-28 | #213, 2012-11-29


ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԳԻՐՔԸՙ ՆԱԵՎ ՖՐԱՆՍԵՐԵՆ

Պոլսահայ Թագուհի Թովմասյանի «Բոսֆորի խոհարարական հուշեր» գիրքը թուրքերենից թարգմանվել է ֆրանսերեն: Փարիզից ստացված տեղեկատվության համաձայն, թարգմանիչն է Հադդին Բայրին: 144 էջանոց գիրքը պարունակում է բազմաթիվ լուսանկարներ եւ վաճառվում է 22 եվրոյով:

Աշխատությունն ամփոփում է ոչ միայն ճաշատեսակներ, այլեւ ընտանեկան հուշիկներ եւ յուրատեսակ ճանփորդություն է Արեւելյան Թրակիայից մինչեւ Բոսֆորի ափերը: Նկարագրվող պարզ կամ խրթին ուտեստների մեջ կան աղանդերներ, «հարուստների» եւ «աղքատների» ճաշատեսակներ, պալատներին արժանի նրբահամ խորտիկներ եւ այլն: Զանազան ազդեցություններ կրող ուտեստները խնջույքի եւ հյուրասիրության հակումների, ինչպես նաեւ ուրախության եւ վշտի, տարագրությունների վկայությունն են: Հեղինակը նկարագրում է իր մանկության տարիների փայտաշեն տունը, հոր արհեստանոցը Պոլսի զարդեղենի շուկայում, դիմանկարների եւ լուսանկարների միջոցով պատմում խոհարարական արվեստի փոխանցման մասին, նկատի ունենալով մասնավորապես իր երկու լուսահոգի տատիկներին, որոնց հիշատակին է նվիրված գիրքը: Աշխատությունն ամբողջապես մի կենդանի հիշողություն է:

Հրատարակիչ Թագուհի Թովմասյանը ծնվել է Պոլսի Եդիկուլե թաղամասում, որտեղ դեռ պահպանվում են անտիկ շրջանի պարիսպներ: Նա պահպանել է աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի անմահացրած հին քաղաքի վերհուշը: Թովմասյանը 1993-ին գրող Մկրտիչ Մարկոսյանի եւ մի խումբ մտավորականների հետ հիմնել է «Արաս» հրատարակչությունը: Նրանց գլխավոր նպատակը հայ գրականության եւ մշակույթի տարածումն է: Թովմասյանի գիրքը թարգմանվել է մի շարք լեզուներով:

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4