«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#214, 2012-11-30 | #215, 2012-12-01 | #216, 2012-12-04


ԻՐԱՆԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ԱՆՕԴԱՉՈՒՆԵՐԸ` ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ

Իսրայելի զինված ուժերը դիտարկում են Ադրբեջանում տեղակայված անօդաչու ինքնաթիռների օգտագործման հնարավորությունը` ոչնչացնելու իրանական հրթիռները: Բրիտանական «The Sunday Times» պարբերականի հրապարակման համաձայնՙ Իսրայելի զինվորական հրամանատարությունը գտնում է, որ Իրանի հետ բախման դեպքում «Խերոն» տիպի անօդաչու սարքերը կարող են ոչնչացնել Իսրայելի դեմ ուղղվող հրթիռները մինչեւ անգամ դրանց արձակումը:

Պարբերականը մեջբերում է «Ինտերֆաքս» գործակալության իսրայելցի ռազմական աղբյուրի հայտարարությունը, թե Իսրայելը փորձում է հրթիռները ոչնչացնել դրանց արձակումից կարճ ժամանակ անց, երբ հրթիռային շարժիչներն արդեն աշխատում են:

Այս տեղեկությունը հետաքրքրական է, որովհետեւ իսրայելական կողմը մշտապես հերքում է սպառազինություն կրող անօդաչու սարքեր ունենալու մասին լուրերը: Բացի դրանից, ադրբեջանական կողմն էլ իր հերթին հարեւան Իրանին առավել թշնամական չտրամադրելու համար հայտարարում է ու փորձում հավաստիացնել, թե Ադրբեջանի կայանները չեն օգտագործվի ընդդեմ Իրանի:

Այս անգամ էլ, քանի որ միջազգային պարբերականի տեղեկությունը շրջանցել հնարավոր չէր, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է տարածված լուրը` խիստ յուրովի: Ըստ այդմ, Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաեւը «աբսուրդ եւ անհիմն» է որակել բրիտանական պարբերականի հրապարակումը, իհարկե, Իսրայելին Իրանի դեմ հարձակումների համար տարածք տրամադրելու առումով: Աբդուլաեւը կրկին հնչեցրել է Բաքվի պաշտոնական բացատրությունը, թե «Ադրբեջանը երբեք թույլ չի տա օգտագործել իր տարածքն ընդդեմ հարեւանների եւ երբեք նման քայլի չի գնա»:

Այդ դեպքում մնում է առնվազն անհեռանկար որակել իսրայելական այլ բոլոր ներդրումները, որ ուղղվել են Ադրբեջան` նաեւ միլիարդանոց սպառազինությունների տեսքով:

Վ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4