Անցած երկու օրերին մի շարք էլեկտրոնային լրատվամիջոցներով տեղեկատվություն է տարածվել դեկտեմբերի 1-ի ուշ երեկոյան Շիրակի մարզից Ախալքալաք տանող ճանապարհին` Վրաստանի Ժդանովկա գյուղի մոտ տեղի ունեցած մի մահացու վրաերթի մասին, դեպքը կապելով Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի անվան հետ: Մասնավորապես ԳԱԼԱ հեռուստատեսությունը, վկայակոչելով գյուղի բնակիչների հայտնած տեղեկությունը, նշել է, թե գարեջրի գործարան ուղեւորվող Բալասանյանի ավտոշարասյան մեքենաներից մեկն է հարվածել նույն գյուղի բնակչուհի Ռոզա Ներսիսյանին, որը տեղում մահացել է:
Գյումրու քաղաքապետի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանը կտրականապես հերքել է տարածված լուրը, որակելով այն իբրեւ ապատեղեկատվության դասական օրինակ: «Կան երեւի թե մարդիկ,- ասել է նա,- որոնք չեն ուզում տեսնել զարգացող Գյումրի, որոնք չեն ուզում, որ մեր կողմից սկսված այս աշխատանքը, այս բարեփոխումները շարունակվեն»: Հենց այդ հանգամանքով է Բալասանյանի ներկայացուցիչը պայմանավորել նման լուրերի տարածումը, կոչ անելով չհավատալ դրանց:
Գ. Մ.