«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#215, 2012-12-01 | #216, 2012-12-04 | #217, 2012-12-05


ՀԱՋՈՐԴ ԴԱՍԻՆ ՍՊԱՍԵԼՈՎ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Արտը խախուտ, մահանա` կարկուտ. ահա այսպես կարճ կարելի է ներկայացնել այն փոխադարձ հրաձգությունը, որը տեղի ունեցավ երկուշաբթի ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստին հաջորդող ժամանակի մեջ, ԲՀԿ-ՀԱԿ գործիչների` միմյանց ուղղված կոշտ բնորոշումների գործընթացը, այլ խոսքով` «համագործակցությունը»: Առիթը (կարելի է ասել` հերթական առիթը) մարտի 1-ի իրադարձությունների 10 զոհերի մահվան հանգամանքների վերաբերյալ որոշումները քննող ԱԺ ժամանակավոր նոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ ՀԱԿ նախագծի հետաձգումն էր մինչեւ մեկ տարով, առաջարկը ՀՀԿ-ինը` Դավիթ Հարությունյանինն է, դրա հետ համաձայնումը նախագիծը ներկայացնող Գագիկ Ջհանգիրյանինը, որը համաձայնել էր նախագահական ընտրություններից հետո առաջարկը նորից ներկայացնելու հնարավորության ՀՀԿ հավաստիացումներին: ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն էլ այս առիթով դրական էր արտահայտվել ԶԼՄ-ներում: Ու սա առիթ էր ԲՀԿ-ականների համար` քար նետելու դեպի ՀԱԿ-ականները, իսկ մերձքաղաքական տիրույթում էլ ենթադրություններ արվեցին ՀԱԿ-ՀՀԿ «մինի երկխոսության» վերաբերյալ: Դեռ ԱԺ դահլիճում էլ այս քառօրյայի առաջին օրը Հովիկ Աբրահամյանն էր հավաստիացնում, թե հենց ՀՀԿ-ն է շահագրգռված մարտի մեկի դեպքերը բացահայտելու ուղղությամբ, այնպես որ համարյա խոստում հնչեցրեց այդպիսի հանձնաժողով ստեղծելու:

Ահա այս փաստը եւ հարակից մի շարք նախանշաններ են մատնացույց արվում ՀԱԿ ներկայացուցչների հնարավոր համաձայնությունների մասին ՀՀԿ-ի հետ, ինչը առիթ է դառնում ԲՀԿ-ՀԱԿ դեռեւս չսկսված համագործակցության չկայացման եւ ԲՀԿ նյարդայնացման: Բայց մեծ հաշվով սա ոչ թե ինչ-որ առանձին ուժի նյարդերի հետ կապված խնդիր է, այլ այն համընդհանուր ջանքերի, որոնք բերեցին առհասարակ արմատական ընդդիմության դեգրադացմանը Հայաստանում:

ԲՀԿ պատգամավորները փաստորեն չեն թաքցրել, որ դժգոհ են ՀԱԿ պահվածքից ` հանձնաժողով ստեղծելու առաջարկի հետաձգմանը համաձայնելու առումով: Գուցե առիթ է պետք այդ չկայացած համագործակցությունն առհասարակ չսկսելու համար, չնայած Սահմանադրական դատարան դիմելու ՀԱԿ նախաձեռնության տակ ԲՀԿ-ականներից ստորագրում են:

Երեկվա ասուլիսներում օդի տատանման թոփ թեմաներից տաքն, իհարկե, կիրակի օրը 2 ընտարատարածքում եւ, հատկապես Ավանի թիվ 1-ում տեղի ունեցած ընտրություններն էին: «Ազգի» ընթերցողին հիշեցնենք, որ թիվ 1-ում հաղթել է Երեւանի քաղաքապետի աներձագ, ՀՀԿ-ական Ռոբերտ Սարգսյանը, թիվ 35-ում` «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ Արման Սահակյանը:

Ասուլիսներից մեկում խոսքը գնացել է աներձագի եւ ՀՀԿ-ի ուժեղության մասին, անգամ մի քաղաքագետ խոսել է «նաղդի եւ նիսիայի» սկզբունքով առաջնորդվող հասարակության մասին. «Պատգամավորի ճիշտ կերպարի եւ քաղաքապետի աներձագի միջեւ ընտրությունը հօգուտ վերջինի լավ բանի չի բերի»` սա ըստ ժառանգական Անահիտ Բախշյանի: Ըստ ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանի էլ` ով էլ լիներ այսօր իշխանության գլխին` ամեն բան անելու էր, որ իր թեկնածուն անցնի: Ազգային ժողովի հայտարարությունների ժամին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը կիրակի օրվա ընտրությունն անվանեց «ժողովրդավարական ընտրությունների միջոցով իշխանություն ձեւավորելու սահմանադրական պահանջի ջախջախիչ պարտություն օրվա քաղաքական իշխանության խմբակային շահից», ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանն էլ «արջի յոթ երգ` մեղրի մասին» անվանեց ընդդիմության հետընտրական պահվածքը, իսկ Ստյոպա Սաֆարյանի նվազ քվեներն անվանեց նաեւ «ժառանգության» ձայներ մյուս ընտրատարածքներում:

Դե իսկ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ընդհանրապես ընդհանրացումների է անցել` նա զարմանալի էր համարում, որ իրենց ընդդիմադիր համարող որոշ գործիչներ իշխանությունների հանդուրժող վարքագիծը կարող են որակել որպես իրենց հաղթանակ.«Հարգելիներս, մենք մի նավի անդամներ ենք եւ չի կարող լինել հաղթանակ` յուրայինների նկատմամբ». մինչ այդ էլ ասել էր, որ ավարտված քաղաքական աշունը նշանավորվեց քաղաքական ռեւերանսներով, հնարքներով, բլեֆներով եւ վերջապես պաուզաներով` «ընդդիմությունը քննադատում է, իշխանությունն աշխատում»: Սա երեկ ԱԺ հայտարարությունների ժամին էր:

Դե իսկ վերջին օրերի գլխավոր ինտրիգը մնում է այն, որ ողջ քաղաքական դաշտը կախված է մի մազից, ու այդ մազը այն հայտարարությունն է, որ սպասում են ԲՀԿ առաջնորդից, սա արդեն ամեն բան ասում է ներկա քաղաքական դաշտի լրջության մասին: Իրական քաղաքական գործընթացները սովորաբար առաջ են գնում ոչ թե ինտրիգների, անսպասելի շրջադարձերի, այլ բնականոն հերթագայության արդյունքում, ինչը չի կարելի ասել մեր դեպքում: Մերոնք շունչը պահած սպասում են ինտրիգի լուծմանը, ու անբնական այս սպասումը մեղմելու համար ասել էին` դեկտեմբերի 1-ից 5-ն է լինելու հայտարարությունը: Սակայն այս անգամ էլ դասից փախչելու վերաբերյալ բազմաթիվ պատճառաբանություններին` մի նոր պատճառաբանություն ավելացավ դասի չներկայանալու` Բրյուսել: ԲՀԿ ողջ խորհրդարանական կազմը Բրյուսել է մեկնել` մինչեւ դեկտեմբրի վեցը (բա բյուջեի նախագծի այսօրվա քվեարկությո՞ւնը): Ու ոչինչ ավելի: Անբնականությունը մի փոքր հարթելու համար Օսկանյանը հերթական անգամ դիմել է իր ֆեյսբուքի էջին ու բացատրել ԲՀԿ-ի Բրյուսել մեկնելու նպատակները. կուսակցությունն ուզում է եվրոպական գաղափարները դնել Հայաստանի ինստիտուցիոնալ կյանքի հիմքում, ծանոթանալ եվրոպական խորհրդարանի քաղաքական ուժերին, հետագա համագործակցության հնարավորությունները քննարկելով: Ապա եւ` եվրոպացի ղեկավարների տեսակետները լսել` Հայաստանի քաղաքական դաշտի ու բարեփոխումների մասին: Հա, կարեւորը մոռացանք` եվրոպացիներին սեփական կուսակցությունը ներկայացնել` ամեն ինչի, այդ թվում հայ-թուրքական եւ ԼՂՀ հարցի վերաբերյալ ԲՀԿ դիրքորոշումներով հանդերձ: Ոչինչ այն մասին, թե ով ում երբ է ընդունելու, ով երբ ում ինչ է ասելու: Մանավանդ անցած շաբաթավերջում Եվրոհանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն Հայաստանում էր, լայնորեն հանդիպեց երկրի ղեկավարության հետ, խրախուսեց իշխանություններին` սկսված բաեփոխումների համար, ու այլընտրանք քաղաքական ուժի հետ այդպես էլ չհանդիպեց: Նույնը նաեւ այլ եվրոպաշտոնյաների դեպքում էր, որոնք բոլորն էլ Հայաստանում էին:

Հարեհաս օգնության եկավ մի կայք, թե նախկինում ԲՀԿ պատգամավոր, այժմ Եվրոմիությունում Հայաստանի դեսպան Ավետ Ադոնցն ու Վարդան Օսկանյանն են իրենց բրյուսելյան կապերն օգտագործել` ԲՀԿ բրյուսելյան հանդիպումները կազմակերպելիս: Ավետ Ադոնցի վրա հասած հերքումը, թե երկրի պաշտոնական դիվանագիտական առաքելությունն այդպիսի հանդիպումներ չի կարող կազմակերպել, ավելի մշուշոտ դարձրեց ամեն բան:

Չերկարացնենք` բրյուսելյան հանդիպումներն էլ կավարտվեն, տեսնես այդ ժամանակ հաջորդ դասը կգա՞:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4