«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#215, 2012-12-01 | #216, 2012-12-04 | #217, 2012-12-05


ԻՍԿ ԵԹԵ ՄՈՍԿՎԱՆ ԲԱՑԻ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ

Չէ՞ որ բացված սահմանից բացի կարեւոր է նաեւ բացողի անունը

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Եվրոպական բարձրաստիճան պատվիրակության երեւանյան այցից հետո, ինչը որոշ վերլուծաբաններ որակեցին որպես «հաջողված», ՀՀ նախագահն այսօր` դեկտեմբերի 5-ին, Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովին: Գագաթաժողովին կմասնակցի նաեւ «հիվանդությունից հետո բնականոն աշխատանքի վերադարձած» ՌԴ նախագահ Պուտինը, որը Աշգաբադ կժամանի Ստամբուլից, որտեղ անցած օրերին բանակցություններ էր ունենում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Արդեն կա տեղեկություն, որ Աշգաբադում տեղի է ունենալու Սարգսյան-Պուտին հանդիպում, բայց մինչ այդ հանդիպման հնարավոր օրակարգին անցնելը փորձենք հասկանալ, թե նախագահներ Սարգսյանն ու Պուտինը ինչ տրամադրություններով են դրան մոտենում:

ՌԴ բարձրագույն ղեկավարության «թուրքական արշավանքը» ամենեւին էլ հարթ չանցավ: Մասնավորաբար հյուրանոցում ընկավ եւ դաստակը վնասեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, իսկ Ստամբուլի` թուրք սուլթանների նստավայր Դոլմաբահչե պալատի մոտ, ուր Էրդողանը ընդունեց Պուտինին, մի քանի հոգի, ինչպես հետո է պարզվելՙ չերքեզներ, հակապուտինական բովանդակությամբ թուրքերենով գրված պաստառներով մոտեցել էին պալատին: «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ի տվյալներով, ոստիկանությունն արագ ձերբակալել է ոչ երիտասարդ երեք չերքեզներին, որոնք առհասարակ դիմադրություն ցույց չեն տվել: Այնուհետեւ ոստիկանության ուժեղ վերահսկողության տակ Դոլմաբահչե պալատում տեղի է ունեցել Էրդողան-Պուտին հանդիպումը, որի ընթացքում երկու ղեկավարները քննարկել են «երկկողմ հարաբերությունների ողջ տիրույթը, ինչպես նաեւ միջազգային խնդիրները` ներառյալ Հյուսիսային Աֆրիկայի, Մերձավոր Արեւելքի, Գազայի իրադրությունները, ինչպես նաեւ սիրիակական ուղղությունը»: Հանդիպումից հետո ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ՌԻԱ «Նովոստի» գործակալությանը հայտնել է. «Բանակցությունները կարելի է բաժանել երկու մասի. երկկողմ հարաբերություններ, որոնք բավականին բազմոլորտ են եւ հրաշալի նախագծերով լի, ինչպես նաեւ միջազգային խնդիրները, որոնց վերաբերյալ Ռուսաստանն ու Թուրքիան ունեն բավականին տարաձայնություններ, եւ մենք դա չենք թաքցնում»: «Ինտերֆաքս» գործակալությունն իր հերթին հաղորդում է, որ Պեսկովի գնահատմամբ` «Շատ քայլեր (Թուրքիայից) միտված չեն տարածաշրջանային կայունությունը պահպանելուն»: «Շատ քայլեր» ասելով Պեսկովը հավանաբար նկատի է ունեցել ՆԱՏՕ-ի Petriot հակահրթիռային համակարգի տեղակայումը Թուրքիայում, որից Մոսկվան, բնականաբար անհանգստանում է: Ընդ որում, Պուտինի` Թուրքիա կատարած այցի նույն օրը ռուսական «Վզգլյադ» պարբերականը մեջբերեց թուրքական մամուլից, որ ՆԱՏՕ-ի եւ Թուրքիայի ՊՆ-ի պատվիրակները արդեն ընտրել են այն վայրը, որտեղ պետք է տեղակայվեն ՆԱՏՕ-ական հակահրթիռային համակարգերը:

Բնականաբար այս հարցը չէր կարող տեղ չունենալ Էրդողան-Պուտին բանակցությունների օրակարգում: Հաջողվե՞լ է կողմերին ձեռք բերել պայմանավորվածություն այս հարցում, դժվար է ասել, բայց ղեկավարների բանակցություններից հետո, նույն Դոլմաբահչե պալատում տեղի է ունեցել ռուս-թուրքական «բարձրագույն մակարդակի խորհրդի» նիստ, որի ավարտին Մոսկվան ու Անկարան ստորագրել են ավելի քան տասը պայմանագրեր: Մասնավորաբար կողմերը պայմանագիր են ստորագրել համատեղ մարկետինգային ընկերություն ստեղծելու, «Ռոսնեւթի» եւ «Չալըք հոլդինգի» միջեւ դիստրիբյուտորական գործընթաց սկսելու մասին, 2012-15-ը երկու երկրների միջեւ առեւտրա-տնտեսական եւ գիտա-տեխնիկական ոլորտներում համատեղ ծրագրեր իրականացնելու մասին, ինչպես նաեւ ձեռք է բերվել պայմանավորվածություն «Ռոսատոմ»-ի եւ Թուրքիայի էներգետիկայի նախարարության միջեւ` Թուրքիայում կառուցվելիք «Ակկույու» ատոմային էլեկտրակայանի վերաբերյալ: Բանակցություններից հետո Պուտինը, համատեղ ասուլիսում հայտարարել է, որ Մոսկվային ու Անկարային «առայժմ չի հաջողվում գտնել ընդհանուր մոտեցումներ` Սիրիայի հետ կապված»: Պուտինն ընդգծել է, որ երկու երկրների ԱԳ նախարարները «կշարունակեն այս հարցի վերաբերյալ հետագա կոնսուլտացիաները»: Փաստորեն, կարելի է եզրակացնել, Պուտինի «թուրքական արշավանքը», երկկողմ հարաբերությունների մասով բավական արդյունավետ էր, քանի որ ձեռք բերվեցին բավականին փաստաթղթային պայմանավորվածություններ, սակայն միջազգային, կոնկրետ Սիրիայի հարցում ընդհանուր մոտեցումներ ձեւավորելու առումով... ԱԳ նախարարները դեռ կոնսուլտացիաներ կանցկացնեն:

Հայաստանի նախագահն Աշգաբադ է մեկնում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյին ճանապարհելուց հետո: Ավելին, ԵՄ-ի հետ ձեռք բերված հստակ պայմանավորվածություններով, որ «հաջորդ տարվա նոյեմբերին ԵՄ-ի հետ կստորագրվեն պայմանագրեր Ասոցացման եւ Ազատ առեւտրի գոտու մասին»: Ընդ որում Հայաստանի խորհրդարանում ԵԺԿ պատվիրակներից մեկն իր ելույթում նշեց. «Հայաստանի, Ռուսաստանի եւ ԵՄ-ի հարաբերություններում կա մի կարմիր գիծ. եթե Հայաստանը մտնի Ռուսաստանի առաջարկած Մաքսային միություն, ապա պետք է մոռանա ԵՄ-ի հետ Ազատ առեւտրի գոտու մասին»: Այսինքն ՀՀ նախագահը Եվրասիական միության գլխավոր ճարտարապետ Պուտինի հետ հանդիպման է գնում արդեն իսկ «կարմիր գիծն» անցած, գոնե` հստակ պայմանավորվածությունների, եթե ոչ գործի առումով: Սակայն Պուտինն, իհարկե, կարող է որոշ «անակնկալներ» պատրաստած լինել: Չմոռանանք, որ Մոսկվան ԵԱՀԿ Մինսկի խմբի վառ համանախագահն է, ինչը նրան հնարավորություն է տալիս մշտապես սեղմելու ԼՂ հակամարտության որեւէ կողմին: Բացի դրանիցՙ Հայաստանը նախապատրաստվում է նախագահակական ընտրությունների, որոնց «լավ ընթացքի» համար, հիշեցնենք, Բարոզոն ԵՄ-ի անունից օգնություն խոստացավ Հայաստանին, ինչը, սակայն, կապված է նաեւ Աշգաբադում ՀՀ նախագահի պահվածքից: Մյուս կողմից նախագահական ընտրություններին անչափ կարեւոր կլինի նաեւ Մոսկվայի, եթե կուզեք` «աջակցությունը», հետեւաբար, ինչպես ժամանակին կոալիցիոն հուշագիրը թարմացնելը, այն է` Սերժ Սարգսյանին 2013-ի ընտրություններում սատարելը հիմնավորեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ նախագահն ու երկիրը լրջագույն արտաքին մարտահրավերների առջեւ են կանգնած:

Օրինակ, հնարավոր է, որ Աշգաբադում Սարգսյան-Պուտին հանդիպմանը վերջինս ներկայացնի Ստամբուլում Էրդողանի հետ ձեռք բերված մի «ռումբային» պայմանավորվածություն, այն է` Հայաստանի տարածքով Թուրքիան բացում է երկաթգիծը, որի սպասարկումը, բնականաբար, ընկած կլինի ռուսական «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության վրա` Մաքսային միության սահմաններում: Եթե նման պայմանավորվածություն ձեռք է բերվել, ապա բավականին ձեռնտու է նաեւ Անկարային, քանի որ այդպիսով նա կբավարարի Մոսկվայի պահանջը, միեւնույն ժամանակ ընդառաջ գնալով Արեւմուտքին, որը շարունակում է հետաքրքրված լինել հայ-թուրքական սահմանի բացմամբ. երկաթուղու բացումն, անշուշտ, սահմանի բացում չէ, սակայն դրան ընդառաջ լուրջ քայլ է: Ինչ վերաբերում է Մաքսային միությանը, ապա ԵՄ-ից հիասթափված Թուրքիան, անձամբ` վարչապետ Էրդողանը, թվում է, կարող է եւ միանալ պուտինյան այս նախագծին: Ուշագրավ է, որ Բաքվում, որը, տպավորություն կա, հայ-թուրքական երկկողմ հարաբերությունների ամենաակտիվ կողմն է, այս համապատկերում լույս տեսավ մի հրապարակում` «Անհրաժեշտ է վերանայել թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմավարությունը Հայաստանի հետ հարաբերվելիս» խորագրով: Հոդվածագիրը մասնավորաբար նշում է. «Ինչո՞ւ մենք այսօր չենք հայտարարում, որ ԼՂ հիմնահարցի արագացված խաղաղ գործընթացի ապահովվումից հետո դեպի Արեւմուտք գնացող էներգատարներից մի քանիսը կանցնեն Հայաստանի տարածքով: Չէ՞ որ Ադրբեջանին ձեռնտու չէ այս առումով կախման մեջ լինել Վրաստանից ու այդ երկրում տիրող իրավիճակից: Մենք ինքներս էներգառեսուրսների արտահանման ճանապարհների այլընտրանքի կարիք ունենք...»: Ուշադրություն դարձնենք, որ հոդվածում չի նշվում, թե Հայաստանը էներգատար կստանա ԼՂ հակամարտության լուծումից հետո միայն, այլ` «արագացված խաղաղ գործընթացի ապահովվումից հետո»: Մենք գիտենք, ու Բաքվում էլ գիտեն, որ «արագացված խաղաղ գործընթացը» արգելակում է հենց Բաքուն, այլ ոչ թե Երեւանը, հետեւաբար Երեւանին այս առումով շահագրգռելը տեղին չէ, ուրեմն այստեղ խոսքը ադրբեջանական լսարանին նախապատրաստելու մասին է, որ տարածաշրջանային նախագծերում շրջանցել Հայաստանը էլ չի ստացվում: Իսկ սրա համար բավակական հեշտ է ապացուցել, որ «ընթանում է արագացված խաղաղ գործընթաց», ինչն էլ որպես «նոր նախապայման» ընտրել են Բաքվում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4