«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#215, 2012-12-01 | #216, 2012-12-04 | #217, 2012-12-05


ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՈՒ ՄԱՐԶԵՐԻ ԲԺԻՇԿՆԵՐԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ ԵՆ

Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հրամանով մայրաքաղաքի բժշկական խոշոր կազմակերպությունները կցվել են մարզային բժշկական կենտրոններին: Նախաձեռնության գլխավոր նպատակն է նվազեցնել մարզերից դեպի մայրաքաղաքային կլինիկաներ եկող մարդկանց հոսքը, փոխարենը բուժծառայություններով ապահովել մարդկանց հենց իրենց մարզերում:

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է` թեեւ վերջին տարիներին մարզերում շահագործվել են ժամանակակից ու բարձրակարգ սարքավորումներով 12 հիվանդանոց, սակայն դրանցում նեղ մասնագետների պակաս է նկատվում: Հետեւաբար մարզային բժշկական կազմակերպություններում մասնագիտացված բժշկական օգնությունը բնակչությանը հասանելի դարձնելու նպատակով հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին մայրաքաղաքի մի շարք բուժհաստատությունների մասնագետներն այցելել են հանրապետության բոլոր մարզերը, այցերի ընթացքում հետազոտվել են մարզերի 5778 բնակիչներ, որոնցից 4213-ին նշանակվել է ամբուլատոր, իսկ 24 հոգուն` հիվանդանոցային բուժում:

Բացի Երեւանի բուժհաստատությունների մասնագետներից` մարզերի բժիշկների հետ աշխատում են նաեւ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետները: Իսկ դեկտեմբեր եւ հունվար ամիսներին մայրաքաղաքի կլինիկաների առաջատար մասնագետները կկատարեն վիրահատություններ ժամանակակից սարքավորումներով հագեցած մարզային հիվանդանոցներում եւ վիրահատություններից բացի` մարզերի բժիշկների հետ հայցելեն հիվանդներին ու ծանոթանալով հիվանդների բուժման ընթացքին` կտրամադրեն խորհրդատվություն հետագա ընթացքի վերաբերյալ:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4