«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#215, 2012-12-01 | #216, 2012-12-04 | #217, 2012-12-05


ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՐԴԵՀՆԵՐԻ ՎՏԱՆԳՆԵՐԸ

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի փոխանցմամբ` «Հայաստանում անտառային հրդեհների ռիսկերի կառավարման գործող օրենսդրական, կարգավորիչ ու ինստիտուցիոնալ շրջանակի վերաբերյալ զեկույցի» եզրակացությունները քննարկվել են երեկ: Քննարկումը կազմակերպել էին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը եւ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը «Համաշխարհային հրդեհների վերահսկման կենտրոնի» հետ համագործակցությամբ:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի տնօրեն Ուիլյամ Հանլոնի խոսքով` անտառային հրդեհները վտանգ են ներկայացնում ինչպես Հայաստանի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար, ու միայն մեկ կազմակերպության կամ պետական մարմնի միջոցով խնդիրը լուծվել չի կարող: Այս հարցում կարեւոր է, որ ապահովվի պետական կառույցների, նաեւ տեղական ու միջազգային կառույցների ու դոնոր համայնքի համագործակցությունը:

Ուիլյամ Հանլոնը հավելել է, որ «Շրջակա միջավայրը եւ անվտանգությունը» նախաձեռնության միջոցով ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցելու շահագրգիռ կողմերին այս ոլորտում իրենց գործունեությունը բարելավելու ու միասնական հարթակ ստեղծելու համար:

Իսկ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փոխտնօրեն, գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանի փոխանցմամբ` եթե չկազմակերպվի համակողմանի ու հետեւողական պայքար, ապա Հայաստանի չոր կլիմայի պայմաններում անտառային հրդեհները կարող են ոչնչացնել անտառներ, այգիներ, խոտածածկ տարածքներ ու հանգեցնել էկոլոգիական աղետի: Հետեւաբար քննարկվող հարցը, ըստ Վրեժ Գաբրիելյանի, իր հրատապությամբ Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն:

Քննարկման մասնակիցները նաեւ անդրադարձել են անտառային եւ այլ տարածքների հրդեհների կառավարման Հայաստանի 2012 թվականի գործողությունների պլանին եւ դրա իրականացման ռազմավարությանը:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4