«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#216, 2012-12-04 | #217, 2012-12-05 | #218, 2012-12-06


«ԽՆԴՐՈՂԱԿԱՆ» ԱԴՐԲԵՋԱՆ. ԲԱՅՑ ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԻՐԵՆՔ ԷԼ ՀԵՐՔՈՒՄ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածաշրջանային այցից բավական ժամանակ անց «իլհամպրոպ»-ը վերստին «ոգեկոչել է» սեփական քարոզչամեքենան: Կրկին ասպարեզում է «հայտնի քաղաքագետ» եւ Միլլի մեջլիսի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը: Նրա կարծիքով, «համանախագահները նոր գաղափարներ, համենայն դեպս, ունեցել են... Դատելով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունիցՙ հայկական կողմը չի ընդունել համանախագահների նոր գաղափարները, ուստի եւ դրանք չեն բացահայտվել»:

Այն ֆոնին, որ Ադրբեջանը տարիներ ի վեր «քննադատում է» միջնորդներին, Մուսաբեկովի ասածը չափազանց արտառոց է հնչում. ինչո՞ւ ափսոսալ «նոր գաղափարները հայկական կողմից չընդունվելու համար», եթե պաշտոնական Բաքուն ընդհանրապես «անարդյունավետ է» որակել Մինսկի խմբի հովանու ներքո բանակցությունները: Չի՞ նշանակում սա, արդյոք, որ Ադրբեջանի «հարձակողական» արտաքին քաղաքականությունը ոչ այլ ինչ է, քան`«բլեֆ»: Ընդ որում` հասցեագրած սեփական հանրությանը, իսկ իրականում Իլհամ Ալիեւը պարզապես ձգտում է ինչ-որ ձեւով դեմք փրկել:

Սա միայն ենթադրություն չէ: Ադրբեջանական դիվանագիտությունը, տվյալ դեպքում` խորհրդարանական մակարդակով, ինքն է ընկնում հակասությունների մեջ: Մամուլի դիտարկմանը, թե «խնդրի կարգավորման հետաձգման պայմաններում «սեպարատիստական ռեժիմը» (ԼՂՀ իշխանությունները- Վ. Ա.) մտադիր է «Խոջալուի» (չակերտները մերն են- Վ. Ա.) օդանավակայանից միջազգային թռիչքներ իրականացնել», Մուսաբեկովը տալիս է այսպիսի մեկնաբանություն. «...Պատկերացրեք, որ Արեւմուտքը եւ ԱՄՆ-ը ցանկանան իրանական խնդիրը լուծել ռազմական ճանապարհով, իսկ նույն ժամանակ Ադրբեջանի «օդային տարածքը» (չակերտները մերն են- Վ. Ա.) հատեն ԼՂՀ օդանավերը: Ո՞վ է երաշխիք տալիս, որ դրանք մարտական գործողությունների ժամանակ չեն խփվի: Ո՞վ է դրա համար պատասխան տալու»:

Նախ, ի՞նչ կապ կարող է ունենալ «Ադրբեջանի օդային տարածքը» Իրանում ենթադրյալ ռազմական գործողությունների հետ: Մուսաբեկովն այս կերպ չի՞ մատնում, որ Իրանի դեմ ռազմական գործողությունների դեպքում Ադրբեջանը կլինի Արեւմուտքի եւ ԱՄՆ-ի դաշնակիցը, ինչը համառորեն հերքում է իր երկրի ԱԳՆ-ն: Երկրորդ, «նույն հաջողությամբ կարող են խփվել» նաեւ Բաքվից Նախիջեւան թռչող օդանավերը, որոնք հատում են կամ Հայաստանի, կամ Իրանի օդային տարածքը: Երրորդ, Մուսաբեկովը փաստորեն խոստովանում է, որ Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկմանը խոչընդոտելու հարցում Ադրբեջանը որեւէ հիմնավոր փաստարկ պարզապես չունի եւ ստիպված է դիմել հիպոթետիկ «իրավիճակներով պայմանավորված» շանտաժի:

Բայց նույնիսկ այդ դեպքում «հայտնի քաղաքագետի տրամաբանությունը» մատնել է նրան, դրել հիմար վիճակում: «Իսկ որքանո՞վ են հավանական Իրանի դեմ ռազմական գործողությունները» հարցին, որ առաջադրվել է նրան, Մուսաբեկովը պատասխանել է. «Օբամայի` երկրորդ անգամ ԱՄՆ նախագահ ընտրությամբ ռազմական սցենարը մղվել է երկրորդ պլան, մթնոլորտը կողմնորոշված է դեպի բանակցություններ: Չեմ կարծում, որ Իրանի դեմ պատերազմը հրատապ է»:

Այդու` հրատապ չէ նաեւ Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման հարցում Ադրբեջանի «մտահոգությունը, թե մարտական գործողությունների ընթացքում կխփվեն ԼՂՀ թռչող օդանավերը, եւ ոչ ոք դրա համար պատասխանատու չի լինի»: Ինչպես նաեւ` հրատապ չէ Իրանի դեմ ռազմական գործողությունների պատրվակն օգտագործելով ԼՂՀ դեմ պատերազմ սանձազերծելու ադրբեջանական ռազմաքաղաքական «հայեցակարգի կիրառումը»: Այս պայմաններում պարզապես չափազանցված է թվում Մուսաբեկովի «իրազեկվածությունը միջնորդների ունեցած նոր գաղափարների եւ դրանք հայկական կողմից չընդունվելու» շուրջը:

Իրականություն է, որ Իլհամ Ալիեւը չգիտի, թե ինչո՞վ է հիմնավորելու երրորդ ժամկետով նախագահ ընտրվելու ցանկությունը, չունի հասարակությանը ներկայացնելի գաղափարներ ԼՂ խնդրի կարգավորման մասին: Այդ իսկ պատճառով ընտրել է «դեժավյու տարբերակը»` կրկնել այն, ինչ բազմիցս շրջանառվել է, քննարկվել եւ որեւէ արդյունքի չի բերել: Քանի որ այդ ամենը հակասում է ե՛ւ խնդրի տրամաբանությանը, ե՛ւ միջնորդների ընկալումներին, ե՛ւ, որ չափազանց կարեւոր է, միջազգային քաղաքական զարգացումների հիմնարար միտումներին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4