«Ազգ»-ի երեկվա համարում գրել էինք, որ Նուբարաշենի զորամասի նախկին զինծառայող Արթուր Քոչարյանի ընտանիքը որդու մահվան մեջ մեղադրում է պաշտպանության նախարարությանը: Ընտանիքի անդամները հավաստիացնում են, որ Արթուրին փրկել չի հաջողվել ՊՆ-ի խոստացած ֆինանսական օժանդակության ուշացման պատճառով: Որ հնարավոր էր Արթուրի կյանքը փրկել, Քոչարյանների ընտանիքին հավաստիացրել են Մոսկվայի բժիշկներըՙ հավելելով, որ հիվանդությունը սրվել է ու հասել գագաթնակետին:
Երեկ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Մասիսի նոր շրջանի զինավանի բացման արարողությանն անդրադարձել է իր ղեկավարած գերատեսչությանը հասցեագրված մեղադրանքներինՙ ընդգծելով, որ Արթուրի հիվանդության նշաններն ի հայտ են եկել ծառայության ընթացքում, սակայն, ամենայն հավանականությամբ, զինվորի առողջական խնդիրն ավելի վաղ է ծագել: Նախարարությունը հիվանդության հայտնաբերման առաջին իսկ օրվանից արել է հնարավոր ամեն ինչ Արթուրի կյանքը փրկելու համար: «Այժմ լուրեր են պտտվում, թե պաշտպանության նախարարությունը զինվորի բուժման համար միջոցներ չի ձեռնարկել: Դա այդպես չէ: Թեպետ նախարարությունը չունի միջոցներ զինծառայողների բուժումն արտերկրում կազմակերպելու համար, այնուամենայնիվ նախնական գումար հատկացվել է Մոսկվայում զինվորի բուժումը հանձն առած կազմակերպությանը, կնքվել է պայմանագիր, որով պարտավորվել էինք վճարել մնացած գումարը: Ոչ մի խնդիր չի եղել, սակայն հիվանդությունն այնպիսին է, որ կատարվեց այն, ինչ կատարվեց: Մենք վշտացած ենք կատարվածի համար, սակայն արել ենք այն, ինչ կարողացել ենք», ասաց նախարար Օհանյանը:
Քոչարյանների ընտանիքը չի հերքում, որ նախարարությունն աջակցել է իրենց, սակայն, վերջին պահին, շուրջ մեկ ամիս, նախարարության այս սենյակից այն սենյակը վազելուց, լրատվամիջոցների բարձրացրած աղմուկից եւ քննադատությունից հետո: Նախարարությունն աջակցել է, սակայնՙ ուշացած:
Արթուր Քոչարյանը տառապում էր արյան սուր հիվանդությամբ, եւ բուժման համար անհրաժեշտ էր 67.000 ԱՄՆ դոլար: ՊՆ-ն նախ խոստացել է օգնել, հետո հայտարարել է, որ իրենց վրա հույս չդնեն, հետո հավելել են, որ կտրամադրեն 3 միլիոն դրամ, իսկ ավելի ուշ հավաստիացրել են, որ կօժանդակեն եւ կհոգան վիրահատության ամբողջ ծախսը, հավաստիացնում են զինվորի հարազատները:
Նշենք նաեւ, որ Նուբարաշենի զորամասում ծառայությունն անցած Արթուրի հիվանդությունն ի հայտ է եկել սեպտեմբերի վերջին: Բարեխիղճ ծառայության համար Օհանյանը Քոչարյանին պարգեւատրել էր:
Նախարարը նաեւ շեշտել է, որ երբ ծառայողական պարտականությունների կատարման կամ սահմանների պաշտպանության ժամանակ զինծառայողը զոհվում կամ վիրավորվում է, օրենքով սահմանված կարգով պետությունը նրան գումար է տալիս, սակայն այդ օրենքը չի տարածվում քաղաքացիական անձանց վրա: Այսինքնՙ սահմանամերձ գյուղերի բնակիչները հակառակորդի կրակոցից վիրավորվելու դեպքում որեւէ կերպ ապահովագրված չեն կամ արտոնություններ չունեն: Այս ֆոնին նախարարը խոստացավ, որ իր վերահսկողության տակ կպահի Ադրբեջանի ԶՈՒ-ից հրադադարի ռեժիմի խախտումների հետեւանքով վիրավորված գյուղացիների բուժման հարցերը եւս:
«Ցավոք, մենք դեռ ունենք սահմանամերձ բնակավայրեր, որոնք հրաձգության են ենթարկվում հակառակորդից, բայց պետք է ասեմՙ եթե քաղաքացիական անձինք դիմում են պաշտպանության նախարարությանը, մենք աջակցում ենք: Այնպիսի դեպք չի եղել, որ մենք չաջակցենք, այդ թվումՙ օգտագործելով կայազորային հոսպիտալները: Այսուհետեւ ավելի ուշադիր կլինենք եւ կփորձենք օգնել նաեւ նրանց, ովքեր անմիջական խնդրանք-դիմում չեն հասցեագրել պաշտպանության նախարարությանը»:
Տարեսկզբից հակառակորդի կրակոցից վիրավորվել է 26 հոգի, որոնցից երեքըՙ քաղաքացիական անձինք:
Նախարարը երեկ անդրադարձել է նաեւ զորակոչի ուղղությամբ տարվող աշխատանքներին: Նախարարի մեկնաբանությամբՙ զորակոչի ընթացքը մշտապես բարելավման մեջ է, եւ այս տարվա գարնանային եւ աշնանային զորակոչերն ապացուցեցին, որ այդ առումով տարին առանձնահատուկ է: «Կարողացանք գտնել այն թերությունները, որոնք դեռեւս կան, եւ համապատասխան օպերատիվ հետախուզական աշխատանքների միջոցով կարողացանք ազդել այն կառույցների եւ անձանց վրա, ովքեր իրականացնում են կցագրման, բժշկական հետազոտման աշխատանքներ եւ բաշխումն ըստ զորամասերի: Ես ունեմ հավատարիմ զինծառայողներ, ովքեր ընդգրկված են օպերատիվ հետախուզական աշխատանքների մեջ, եւ նրանց համար սկզբունք է, որ զորակոչի գործում գրեթե խախտումներ չլինեն: Նրանք ինձ ասում են, որ անում են հնարավորը, որպեսզի նույնիսկ մեկ անձ չկարողանա փորձել կաշառակերության միջոցով այս կամ այն խնդիրը լուծել»:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ