1988-ի Սպիտակի երկրաշարժի հերթական տարելիցի նախօրեին Գյումրու «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնությունը պատրաստել է Հայաստանի իշխանություններին ուղղված մի կոչ, որում արձանագրում է, թե չնայած անցած տարիներին իրականացված բնակարանաշինությանը, երկրաշարժից 24 տարի անց աղետի գոտին դեռ ամբողջովին չի վերականգնվել: Միայն Գյումրիում երկրաշարժից անօթեւան է եւ տնակներում է ապրում ավելի քան 2 000 ընտանիք (աճած եւ կիսված անօթեւան ընտանիքներ, չհաշվառված, բայց բնակարաններ կորցրած ընտանիքներ), իսկ այլ անօթեւան ընտանիքների թիվը 2200-ից ավելի է (ներգաղթյալներ, սոցիալական պատճառներով բնակարաններն օտարած եւ տնակներում կացարան գտած ընտանիքներ եւ այլն): Գործազրկությունը, աղքատությունը Գյումրիում եւ Շիրակի մարզում կործանարար չափեր ունեն, պաշտոնական տվյալներով աղքատ է համարվում գյումրեցիների թվի 47 տոկոսը:
Դիմելով հանրապետության իշխանության մարմիններին, «Քաղաքը մերն է» նախաձեռնության ներկայացուցիչները կոչ են անում եւ հիմնախնդրի լուծման նպատակով առաջարկում են, մասնավորապես, ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 1998 թ. 432-րդ որոշումը` առաջիկա 2 տարիների ընթացքում ըստ անձերի թվի լուծելով երկրաշարժից անօթեւան դարձած, հետագայում աճած եւ կիսված ընտանիքների այն մասերի բնակարանային խնդիրը, որոնք մնացել են տնակներում բնակվելու, երկրաշարժից փաստացի անօթեւան, բայց չհաշվառված ընտանիքներին հնարավորություն տալ հաշվառվելու ու փոխհատուցվելու եւ այլն: Որոշ տարբերակներ են առաջարկվում նաեւ` ուղղված այլ պատճառներով անօթեւան ընտանիքների խնդիրների լուծմանը, որոնց թիվը եւս քաղաքում քիչ չէ:
Նկատի ունենալով անցյալի փորձը, կոչի հեղինակները նշում են, թե անօթեւանության խնդիրը շուտափույթ չկարգավորելու դեպքում անօթեւան ընտանիքների թիվը շարունակաբար մեծանալու է, աճելու է արտագաղթը, եւ սոցիալական ճգնաժամն ու մշակութային օտարումը դառնալու են անհաղթահարելի:
Գ. Մ.
Նկար 1. 88-ի երկրաշարժ. ահասարսուռ հիշողություն եւ մշտական զգուշացում