«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#217, 2012-12-05 | #218, 2012-12-06 | #219, 2012-12-07


«ՄԻՋԻՆ ՏԱՐԻՔԻ ՃԳՆԱԺԱՄ»

«Միջին տարիքի ճգնաժամ» («Кризис среднего возраста»)ՙ այսպես է կոչվում մի շարք գրքերի հեղինակ Նինա Մաքսիի նոր գիրքը, որը 2012 թ. լույս է տեսել Երեւանի «Էդիթ պրինտ» հրատարակչությունում (ռուսերեն):

Գիրքը շատ հետաքրքրական է, գրված է գեղեցիկ գրական լեզվով եւ ընթերցվում է մեկ շնչով:

Դա շատ պիտանի գիրք է ժամանակակից ընթերցողի համար, անհրաժեշտ է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց համար:

Նինա Մաքսիի գիրքը պատմում է սիրո եւ կրքի, բարեկամության եւ դավաճանության, մարդուն ամբողջապես կլանող ամենակուլ ընչաքաղցության (ագահության) մասին, մարդավաճառության եւ 21-րդ դարի սեռական ստրկուհիների, մարմնավաճառության եւ առհասարակ կյանքի մասին: Նինա Մաքսին ճիշտ ժամանակին բարձրացնում է այդ խնդրահարույց հարցերը իր նոր, պատկերազարդված գրքում:

«Միջին տարիքի ճգնաժամը» գիրքը ընթերցողին մեծ բավականություն է պատճառում, ուստի ամեն ոք պետք է կարդա այն: Գիրքն օգտակար է նաեւ մեր երիտասարդների համար, որոնցից շատերը ուզում են ամեն գնով լքել հայրենի օջախը եւ հայտնվել Արեւմուտքի երկրներում, որոնելով դրախտային կյանք եւ մեծ փողեր: Բայց թե իրականում ինչ է ստացվում, դուք կիմանաքՙ ընթերցելով Նինա Մաքսիի նոր եւ օգտակար գիրքը:

Այդպիսի գիրքը հարկավոր է հրատարակել միլիոնանոց տպաքանակով, որպեսզի արտերկիր մեկնող ամեն ոք մի լավ մտածի, թե արժե՞ արդյոք լքել Հայրենքը եւ մեկընդմիշտ մեկնել օտար երկիր, որտեղ իրեն ոչ ոք չի սպասում, թե՞ այնուամենայնիվ ավելի լավ է մնալ տանը, հարազատ պատերի մեջ:

Հիշեցման կարգով նշենք, որ Նինա Մաքսին մեր հայ ընթերցողին արդեն ծանոթ է «Բաքու-90, կամ ինչպես կերան Ժաննա Բաբայանին» եւ «Ահաբեկչություն: Ո՞վ է հաջորդը» պատմավավերագրական վիպակներով (ռուսերեն):

«Միջին տարիքի ճգնաժամը» գիրքը պատկերազարդված է հետաքրքրական նկարներով: Կազմի վրա Նինա Մաքսիի նկարներից մեկն է, որն արված է կտավի վրա յուղաներկի մուգ կարմիր տոներով եւ կոչվում է «Սինգապուրյան կոկտեյլ»: Կտավը դրված է աճուրդի: Ցանկացողները կարող են այդ աճուրդին մասնակցել համացանցի միջոցովՙ facebook.com:

Ինձ հաջողվեց հանդիպում ունենալ Նինա Մաքսիի հետ եւ նրան մի քանի հարց տալ մարմնավաճառության, մարդավաճառության եւ շատ այլ բաների մասին: Գրողի հետ շատ հետաքրքրական հարցազրույցը կարդացեք մեր թերթի առաջիկա համարներից մեկում:

Պ. ՔԵՇԻՇՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4